Հրապարակ. Կրակել են նախկին նախարարի տան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե նոյեմբերի 11-ի կեսգիշերին  կրակոցներ են հնչել Վարդանանց 10 եւ  Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում: Կրակոցներից վնասվել  են շենքերից մեկի 5-րդ բնակարանի պատուհանները: 
Պարզվել է՝ այս բնակարանը պատկանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է: Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները:
Կրակոցները լսելուց հետո բնակիչներն ահազանգել են ոստիկանություն: Քիչ անց դեպքի վայրում հայտնված իրավապահները բակում ոչ մեկին չեն գտել: Սակայն այդ պահին շենքի բնակարաններից մեկում խնջույք է եղել, ինչի  հետքերով էլ գնացել են: Բնակարան մուտք գործելուց հետո իրավապահները դատարկաձեռն դուրս չեն եկել: Տվյալ բնակարանից մի խումբ երիտասարդների՝ 9-10 անձի, որպես կասկածյալների,  բերման  են ենթարկել Կենտրոնի բաժին: 
Սակայն ոստիկանները ոչ թե երիտասարդների մոտ զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո  են բերման ենթարկել, այլ ենթադրել են, որ  գիշերվա կեսին աշխուժություն նկատվող բնակարանում կարող էր  նման միջադեպ լինել: Մինչդեռ, մեր տեղեկություններով, երիտասարդները պատրաստվել են գիշերն ԱՄՆ մեկնող իրենց ընկերոջը ճանապարհել օդանավակայան: Իսկական դեբոշը սկսվել է բաժնում՝ կասկածյալների ու օպերների միջեւ:
Մենք տեղեկություններ ստացանք, որ օպերները ծեծի են ենթարկել երիտասարդներին, որ վերջիններս խոստովանեն կրակոցներին մասնակցություն ունենալու մասին: Ոստիկանությունից էլ հակառակն են պնդում, թե 1982 թ. ծնված Վահե Մ.-ն  ընդդիմացել է, հայհոյել ոստիկաններին, խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը:  Ձեռքով հարվածել է աշխատասենյակի պատուհանին, ապակին կոտրվել է, ձեռքն էլ վնասվել: Այնուհետեւ նրան շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա:  Մյուսներին բաց են թողել: Այսինքն՝ գործով որեւէ մեկը ձերբակալված չէ, հայտնի չեն նաեւ իրական կրակողները: Իսկ Վահեի զայրույթի պատճառը եղել է այն, որ նա բաժին տարվելուց հետո  թռիչքից  ուշացել է, ինչպես նաեւ կորցրել ԱՄՆ ինքնաթիռի տոմսը: 
Թե իրականում ինչու են կրակոցներն ուղղված եղել այդ շենքին, ու ինչու են վնասվել հենց նախկին ԲՀԿ-ական նախարարի բնակարանի ապակիները, արդյո՞ք  սա  Արմեն Գրիգորյանին ուղղված սպառնալիք է եղել, փորձեցինք պարզել նրանից: Սակայն նա վստահեցրեց,  որ ոչ մի դիտավորություն էլ չի եղել, անգամ իրենք  քնած են եղել եւ չեն էլ նկատել, որ իրենց ապակիները վնասվել են: 
“Իհարկ” ոչ: Ոչ մի դիտավորություն: Մենք քնած ենք եղել, ոչինչ չենք զգացել: Բակում միջադեպ է եղել երկու խմբավորումների միջեւ, օդ են կրակել, ինչ են արել, մենք տեղյակ չենք, հարեւաններն են  նկատել…ե:  Գրիգորյանը վստահեցրեց, որ անգամ բաժին չի հրավիրվել: Նշենք, որ  իրավապահները դեռ չեն կարողացել պարզել, թե այդ ինչ խմբավորումներ են եղել, որոնց միջեւ վիճաբանությունն ուղեկցվել է  մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությամբ:




Լրահոս