ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավարտել եմ ԵՊՀ-ի տնտեսագիտության բաժինը եւ ցանկանում եմ աշխատել բանկային համակարգում, մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկում: Ի՞նչ հիմունքներով է կատարվում ընդունելությունը ՀՀ ԿԲ-ում, ովքե՞ր կարող են դիմել այնտեղ աշխատանքի համար եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն:

Աննա Հովհաննիսյան (31 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կենտրոնական բանկի աշխատատեղերը կարող են համալրել ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետները (բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնցից չի պահանջվում մասնագիտական փորձ): Իսկ դիմելով ԿԲ՝ պարտադիր պետք է ներկայացնել դիմումի ձեւ, որը տրվում է բանկում, դիպլոմ եւ դիպլոմի միջուկ (պարտադիր պայման է համարվում հայրենական կամ արտասահմանյան պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության կրթությունը՝ բակալավր կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ), անձնագիր, սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք, զինվորական գրքույկ: Զինգրքույկ ներկայացնում են զինված ուժերի շարքերից արձակվածները, իսկ զորակոչային տարիքի եւ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձինք՝ տեղեկանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու մասին: Պետք է ներկայացնել աշխատանքային գրքույկ, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների, ինչպես նաեւ վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձինք), երեխաներ ունենալու դեպքում երեխաների ծննդյան վկայականները, անձնական 2 գունավոր լուսանկար 3×4 չափսերով: Ի դեպ, մրցույթով չանցած դիմորդների համար ՀՀ ԿԲ կրկնակի դիմելու դեպքում չկա որեւէ սահմանափակում:  

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորին է հայտնի, որ բանկային համակարգում աշխատելու համար կա երկու կարեւոր պայման. առաջինը բացառիկ գիտելիքն է, երկրորդը՝ հզոր հովանավորը: Ցավոք, հայկական իրականության մեջ ոչ միշտ է առաջին պայմանը որոշիչ լինում:




Լրահոս