«ԽՈՍՏԱՑԱՎ ՈՒ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ինքնասպանություն է գործել ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 21-ամյա բնակիչ Տիգրան Քեչյանը: Համագյուղացիների պատմելով՝ նա դեպքից մի քանի օր առաջ ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները, սակայն ծնողներին հաջողվել է փրկել որդու կյանքը: Երկրորդ փորձը, սակայն, ճակատագրական է եղել: Մտերիմների խոսքով՝ Տիգրանը հոգեկան շեղումներ է ունեցել, այդ պատճառով էլ իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից:
Ինքնասպանություն գործելու օրը Տիգրանը մորից 2 հազար դրամ գումար է խնդրել, որպեսզի գնա եւ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում սուրճ խմի: Ըստ համագյուղացիների` նրա ամեն քայլը կանխամտածված է եղել, քանի որ անձնագիրն իր հետ է վերցրել. «Նստել է 33 համարի ավտոբուսն ու գնացել Դավիթաշենի կամրջի մոտ: Բացի այդ, նա սրանից մի քանի օր առաջ ինքնասպանության փորձ էլ է արել՝ կտրելով երակները, բայց ծնողներին հաջողվել է փրկել նրա կյանքը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Տիգրանի մտերիմներից մեկի հետ (անունն իր խնդրանքով չենք նշում), ում ներկայացմամբ՝ Տիգրանը հոգեկան շեղումներ է ունեցել. «Երակները կտրելուց հետո Տիգրանը հորը խոստացավ, թե պա՛, ամեն ինչ անցավ, էլ չեմ անի, արդեն սրանից հետո ամեն ինչ լավ կլինի: Խոստացավ ու այդպես էլ չկատարեց խոստումը…»:
Նրա խոսքով՝ ինքնասպանության առաջին փորձից հետո ծնողները Տիգրանին տարել են հոգեբանի մոտ, վերջինս դեղեր է նշանակել եւ խորհուրդ տվել անմիջապես տանել Նորքի հոգեբուժարան: «Չհասցրին, էլի… Բախտի-բրախտի ընտանիք չի եղել: Հետեւողական ու ուշադիր էին, հոգատար, միայն չհասցրին»,-հուսահատված նկատեց նա:
Տիգրանը հայոց բանակից անցյալ տարի է զորացրվել: Ապրում էր ծնողների եւ եղբոր հետ: Զորացրվելուց 4 ամիս հետո աշխատելու նպատակով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորաքրոջ ընտանիքի մոտ, եւ այնտեղ մնացել 5 ամիս: «Ռուսաստան գնալուց առաջ հորն ասել է, թե գնամ աշխատեմ, բացի այդ, լեզուն կսովորեմ, իսկ աշխատած գումարով էլ կգամ ու կընդունվեմ ինստիտուտ: Հոյակապ մարդիկ են… ինչու նման բան իրենց հետ պատահեց՝ չգիտեմ»,-հառաչելով պատմեց ընտանիքի բարեկամը:
Ըստ նրա՝ Տիգրանի տարօրինակ պահվածքն ի հայտ է եկել Ռուսաստանից վերադառնալուց հետո. «Իսկ հորաքույրն էլ այնտեղից ասում է, թե իրենք երբեւէ Տիգրանի կողմից ոչ մի տարօրինակ պահվածք չեն նկատել: Այնտեղ նա աշխատել է հորաքրոջ ամուսնու հետ շինանյութի խանութում»:
Սակայն համայնքում այլ զրույցներ են պտտվում, թե Տիգրանը ծառայության ժամանակ խնդիրներ է ունեցել: Համագյուղացիների պատմելով՝ նույնիսկ մեկ անգամ էլ ծեծկռտուք է եղել, որի ժամանակ քիթն է կոտրվել: Բայց, ըստ մեր զրուցակցի, զորացրվելուց հետո Տիգրանի մոտ ոչինչ չի զգացվել՝ ոչ մի տարօրինակ շարժում կամ խոսք:
Տիգրան Քեչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 14:00-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս