ՀՀ վարչապետն ԱԺ-ում դեռ պահպանում է նախագահի դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի կատարողականի քննարկումներն ամբողջությամբ բնորոշեցին Հայաստանի խորհրդարանում ներկայումս տիրող «տխուր» իրավիճակը: Փաստորեն, պետբյուջեի կատարողականի քննարկումն այս անգամ նույնիսկ մեկ օր անգամ չտեւեց: Վերջին տարիներին սա պետբյուջեի կատարողականի ամենակարճ քննարկումն էր:

Օրինակ՝ 2013 թվականին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը, 2012-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախկին վարչապետին եւ նրա Կառավարությանը ներկայիս խորհրդարանի անդամները, մեղմ ասած, ողջ-ողջ թաղեցին, էլ չասենք 2013-ի աշնանը, երբ քննարկվում էր 2014-ի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանականները Տիգրան Սարգսյանին այն վիճակին էին հասցրել, որ նրան չսիրողներն անգամ մի պահ սկսել էին կարեկցել:

Իհարկե, այս կատարողականի քննարկումների ժամանակ էլ քննադատություններ հնչեցին, բայց ինչպես ընդունված է ասել՝ դրանք կառուցողական բնույթի էին: Մի խոսքով, անվիճելի փաստ է, որ խորհրդարանի ոչ միայն իշխանական մեծամասնությունը, այլ նաեւ իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ղեկավարած Կառավարության հանդեպ մի տեսակն «բարի» են տրամադրված:

Ու երբ ներկա Կառավարության անհաջողությունների մասին է խոսք գնում, բոլորը շտապում են պաշտպանել Հովիկ Աբրահամյանին` ասելով, թե իբր վատ ժառանգություն է ստացել: Մարդիկ մոռանում են այն պարզ հանգամանքը, որ վատ ժառանգության դեպքում արած աշխատանքն ավելի շուտ է երեւում, մազաչափ հաջողությունը երբեմն նույնիսկ գերան կարող է թվալ: Բայց ինչ պետք է անի կամ ինչ կարող է անել Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը սկսի զարգանալ: Փաստացի այն, ինչ պետք է արվի իրավիճակը շտկելու համար, ո՛չ Հովիկ Աբրահամյանը եւ ո՛չ էլ ներկա իշխանական վերնախավից որեւէ մեկը չի կարող անել: Դա է նաեւ պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը բոլոր մտահոգ գործիչներին համագործակցության կոչ է անում, բայց արդյունավետ ոչ մի պատասխան չի ստանում: Բնականաբար, տրամաբանությունից զուրկ է այն տարբերակը, որ Աբրահամյանի համագործակցության կոչին, ինչ-որ մեկը ի պատասխան՝ կառաջարկի իշխանափոխություն եւ դա կներկայացնի որպես բարի ցանկություն:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ վաղուց համոզված կլինի, որ ոչինչ չի կարողանալու փոխել: Միակ բանը, որը նա կարող էր անել, այսօրվա քաղաքական ուժերին համոզելն էր, որ նրանք իր նկատմամբ բարեհաճ գտնվեն: Այս խնդիրը լուծելու բազմաթիվ ուղիներ կարող են լինել: Օրինակ՝ նախկին այլընտրանք ոչ իշխանականների դեպքում նա կարող է կուսակցության պահպանման համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծել, մյուսի դեպքում ապագա կոալիցիայում տեղեր խոստանալ, մեկ այլի պարագայում խնդրի լուծումը կարող է զուտ անձնական մակարդակում լինել, ասենք՝ ընդդիմադիր պատգամավորի որդուն կամ աղջկան լավ աշխատանքով ապահովելու կամ նրանց բիզնեսներին արտոնություն տալու ձեւով, եւ այսպես շարունակ: Արդյունքում, բոլորը գոհ են եւ բավարարված. Հովիկ Աբրահամյան գործոնն էլ նրանց չի նյարդայնացնում, եւ ԱԺ ամբիոնից նրան ոչնչացնելու բոլոր ցանկություններն էլ վերանում են: Այս գործընթացում խնդիր առաջացնող միակ գործոնն այս ամենին ականատես ՀՀ քաղաքացիներն են: Եւ որպեսզի այս խնդիրն էլ լուծվի, իրենց ընդդիմություն հռչակած խմբակցությունները դեմ կամ ձեռնպահ քվեարկություններով հարցը փակեցին:

2014-ի բյուջեի կատարողականի քվեարկությունը ԱԺ-ում հենց այդպես էլ եղավ` 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ: Կողմերը, բնականաբար, ՀՀԿ-ի պատգամավորները եւ ԲՀԿ-ից հեռացածներն էին, ձեռնպահը՝ ԲՀԿ-ականները, իսկ դեմը` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Նրանք բոլորը կարող են արդարանալ, թե տեսաք՝ դեմ քվեարկեցինք, բայց ՀՀԿ-ականները մեծամասնություն են, անցկացրին: Կարեւորը նրանք բոլորն իրենց «խելոք պահեցին» եւ Հովիկ Աբրահամյանի հետ չվարվեցին այնպես, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանի հետ էին վարվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս