Որքա՞ն կհանգստանան մեր թատրոնները, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ամառ է, մշակութային կյանքն աստիճանաբար կորցնում է իր աշխուժությունը, մայրաքաղաքում ավելի ու ավելի քիչ թվով իրադարձություններ են տեղի ունենում: Որոշ ժամանակ անց Երեւանում կպասիվանա նաեւ թատերական կյանքը:

«Ժողովուրդ»-ը երեւանյան մի քանի թատրոններից հետաքրքրվել է` երբ եւ որքան ժամանակով են նրանք մեկնելու արձակուրդի, ինչ ծրագրեր են կազմում թատրոնները մինչ արձակուրդի գնալը եւ ինչ անակնկալներով են հանդես գալու դրանից հետո: Արդյունքում պարզեցինք, որ թատրոնները արձակուրդի կմեկնեն շուրջ մեկ ամսով: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Ստեփան Դավթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մայր թատրոնը, այսպես թե այնպես, ամռանը չի աշխատի, քանի որ պատրաստվում է վերանորոգման աշխատանքների. «Հաջորդ ամսվա կեսերից կսկսվեն աշխատանքները, թե երբ կավարտվեն, մեզանից կախված չէ. բավական ծավալուն աշխատանքներ են սպասվում»,- ասաց նա:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնն օգոստոսին շուրջ մեկ ամսով կմեկնի արձակուրդի: Իսկ, ահա, հունիսին պատրաստվում է նոր ներկայացում մեծահասակների համար` Գոգոլի «Վհուկը», որի պրեմիերան կկայանա մի քանի օրից` ամսի 16-17-ին: «Երբ աշնանն արձակուրդից վերադառնանք, կրկին կունենանք նոր ներկայացումներ: Նշեմ նաեւ, որ մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել. սպասում ենք ֆինանսավորման»,- եզրափակեց Բաբայանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնից մեզ հայտնեցին, որ հունիս-հուլիս ամիսներին թատրոնում ընթանալու են փորձեր. «Պատրաստվում ենք օգոստոսի արձակուրդից հետո կայանալիք նոր ներկայացումներին, կբեմադրենք Չեխովի «Արջը» եւ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»,-փոխանցեցին թատրոնից: Հակոբ Պարոնյանի ավան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով էլ օգոստոսին ողջ կոլեկտիվը կմեկնի արձակուրդի, սակայն հուլիսին եւս թատրոնում ներկայացումներ չեն լինի. «Ամբողջ ամիս կլինեն միայն փորձեր, կպատրաստվենք հոկտեմբերին սպասվող նոր ներկայացմանը, այն կոչվում է «Ուշ լինի, նուշ լինի»: Դե, իսկ սեպտեմբերին էլ, հավանաբար, հյուրախաղերով հանդես կգանք ԱՄՆ-ում»,-տեղեկացրեց տնօրենը:

Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ մեզ տեղեկացրեց, որ թատրոնը օգոստոսին արձակուրդի է գնում երեք շաբաթով. «Իսկ նոր ներկայացումներ կլինեն արդեն աշնանը: Հավանաբար սեպտեմբերին կլինի նոր տիպի, հետաքրքիր ներկայացում` դաշնամուրային թատրոն, այն կկոչվի «Կարոտ», պրոդյուսերը Սերգեյ Խաչատրյանն է: Հենց դրանով էլ կբացենք նոր թատերաշրջանը»,- ասաց նա:

Իսկ, ահա, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեզ հայտնեց, որ այժմ թատրոնը պատրաստվում է միջազգային փառատոնի մասնակցել. «Մինչեւ օգոստոսին արձակուրդի մեկնելը հունիսի վերջին` 25-28-ը, մասնակցելու ենք Սերբիայում կայանալիք մի փառատոնի: Իսկ հուլիսին էլ փորձելու ենք շաբաթը մեկ նոր ներկայացում խաղալ, մենք նույնիսկ եղած ներկայացումները չենք հասցնում մեր ուզած հաճախականությամբ խաղալ, քանի որ, ինչպես գիտեք, շենք չունենք»,- ասաց նա` հավելելով, որ սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին եւս թատրոնը պատրաստվում է մասնակցել Մեքսիկայում կայանալիք «Սերվանտինո» արվեստների փառատոնին, որտեղ ներկայանալու են «Շերամիկ» ներկայացմամբ:

Երեւանի պետական կամերային թատրոնից էլ մեզ տեղեկացրին, որ իրենք աշխատում են նաեւ հուլիսին, իսկ օգոստոսյան արձակուրդից հետո` սեպտեմբերի կեսերին, հանդիսատեսին անակնկալ է սպասվում` նոր ներկայացման տեսքով. թե կոնկրետ ինչ ներկայացման մասին է խոսքը, գրական մասի վարիչ Նազիկ Սանթուրյանը փակագծերը բացել չցանկացավ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս