ԱՆՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԻ` ՈՒՂՂԱԿԻ ԿՀԵՌԱՆԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հումորիստ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ ինքն օրվա ընթացքում աշխատում է 25 ժամ, գիշերներն էլ մտածում է: Իսկ հարցին, թե ինչու մասնակցություն չի ցուցաբերում տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին, պատասխանեց.
-Էնպես չէ, որ կարծիքս չեմ արտահայտում, քանի որ մտածում եմ` տեղ չի հասնի, ուղղակի զբաղված եմ լինում: Պատճառը ոչ թե անտարբերությունն է, այլ զբաղվածությունը: Ես աշխատում եմ հումորի բնագավառում ու փորձում եմ ժողովրդին դրական լիցքեր փոխանցել: Կարիք չունեմ ինչ-որ մեկի կարծիքին կողմ կամ դեմ լինելու: Եթե անտարբեր լինեի, ուղղակի կհեռանայի Հայաստանից:
-Քանի որ  Դուք դեռ Հայաստանում եք, կարելի՞ է ենթադրել, որ գոհ եք Ձեր այսօրվա կարգավիճակից:
-Ես գոհ եմ, որ կարողանում եմ իմ սիրած աշխատանքով զբաղվել ու վաստակել: Բայց դե պարզ է, յուրաքանչյուր մարդ ուզում է շատ ավելի լավ ապրել, կայուն սոցիալական վիճակ ունենալ: Ես ինքս կուզենայի ավելի լայնածավալ նախագծեր անել իմ աշխատանքային ոլորտում: 
-Ձեր սիրելի աշխատանքը Ձեզ հնարավորություն տալի՞ս է լավ պահել ընտանիքը:
-Միշտ էլ կա ավելի լավ պահելու տարբերակ, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում: Բայց այսօր, փառք Աստծո, կարողանում եմ ապահովել երեխաներիս, իհարկե, կցանկանայի ավելի լավ:
-Որպես քաղաքացի` ինչի՞ պակաս  ունեք:
-Քաղաքացու պակաս, որը քաղաքը քաղաք է դարձնում:
-Շա՞տ եք նկատում անփույթ քաղաքացիների:
-Վերջերս համեմատաբար քիչ: Ա՛յ եթե մեզ մոտ էլ ԱՄՆ-ի պես տուգանեին աղտոտելու համար, մարդիկ ստիպված կլինեին մաքուր պահել իրենց տարածքը: 
-Առավոտյան ծրագրից բացի, ուրիշ ի՞նչ նախագծերում եք զբաղված:
-“Տաքսի Նեմա” սերիալի սցենարիստն ու պրոդյուսերն եմ: 
-Իսկ որպես դերասա՞ն:
-Ես ինձ երբեք էլ դերասան չեմ համարել, միշտ խուսափել եմ խաղարկային կտորներից: Ես սցենարիստ ու հաղորդավար եմ: 
-Ժամանակին մեծ մասսայականություն էր վայելում ,Բեռնարդ շոուե հումորային նախագիծը, ինչո՞ւ այն փակվեց:
-Ես եւ գործընկերս` Արտյոմը, գտանք, որ ժամանակն է դադարեցնել: Որոշեցինք չափի մեջ մնալ: Հաղորդումը տեւեց 5 տարի, շաբաթը 5 օր ամեն երեկո մենք փորձում էինք նոր բան ներկայացնել հեռուստադիտողին: 
-Իրակա՞ն են լուրերն այն մասին, որ Դուք եւ Արտյոմը վիճել եք, դրա համար էլ դադարեցվել է նախագիծը:
-Ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Մենք մինչեւ հիմա էլ շարունակում ենք լավ ընկերություն անել, դրա վառ ապացույցը ,Մեծ մրցավազքե նախագիծն է, որտեղ մենք երկուսով էինք ներկայացնում մեր թիմի աշխատանքները:
-Այսքան տարի հեռուստատեսության ոլորտում լինելով` ի՞նչ եք հասկացել, ո՞րն է հաջողության հասնելու գրավականը, միայն ծիծաղեցնելը բավակա՞ն է:
-Ո՛չ իհարկե: Երբ նայում եմ ինձ հասակակից գործընկերներիս, որոնք իրականացնում էին տարբեր հումորային նախագծեր, տեսնում եմ, որ բոլորս էլ հետաքրքիր մասնագիտություններ ենք ունեցել: Ես սոցիոլոգ եմ, փիլիսոփայության ֆակուլտետն եմ ավարտել, մյուս ընկերս պոլիտեխնիկից է… Թող չնեղանան մեր մնացած գործընկերները, բայց մենք ուրիշ կերպ էինք վերաբերվում հումորին: Սցենար գրելու համար էլ պետք է շատ գիրք կարդալ, միայն ինտերնետով սցենարիստ չես դառնա:
-Այսօրվա բազմաթիվ հումորային նախագծերի մեջ կա՞ն որակով հաղորդումներ: 
-Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ բոլորն էլ տարբեր ժամանակներում ունեցել են լավ ու վատ շրջաններ: Հիմա եթե մեկի մոտ վատ շրջան է, մյուսի մոտ` հաջողություններ, հնարավոր է` մի ամիս հետո լրիվ ուրիշ բան ցույց տան: Եկե՛ք այս հարցին այսպես պատասխանեմ` ես սիրում եմ պոմիդորով ձվածեղ:
-Հե՞շտ է ծիծաղեցնել հայ ազգին:
-Ո՛չ, մենք անհատականացված ազգ ենք, ամեն մեկս ունենք մեր կարծիքը, դա ե՛ւ շատ լավ է, ե՛ւ վատ: Կան տեղեր, որ մեզ օգնում է այդ գծը, բայց շատ դեպքերում էլ խանգարում է:
-Կհիշե՞ք մի թարմ անեկդոտ կամ ուրախ դեպք:
-Հումորիստների ամենաչսիրած հարցը հենց սա է, երբ նրանց խնդրում են ուրախ բան հիշել: Եթե նույն պատմությունը պատմի ճարտարապետը, այլ կերպ կընկալվի, բայց հումորիստը հասկանում է, որ դա ծիծաղելի է եղել  միայն այդ պահին: Ես այսպես կասեմ` մենք ապրում ենք Հայաստանում, դրանից էլ լավ զավե՞շտ: Դա ե՛ւ անեկդոտ է, ե՛ւ հումոր, ե՛ւ քաջագործություն, ե՛ւ քաղաքացիական պարտք, ե՛ւ շատ հարցերի պատասխան:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս