ԱՂՔԱՏ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն առիթը բաց չի թողնում՝ ամենավերջին արտահայտություններով ծաղրելու ՀՀ քաղաքացիներին: Ընդ որում, եթե նախկինում այդ ամենն անում էր երկրի ներսում, ապա հիմա ընդլայնել է իր աշխարհագրական սահմանները. Տ. Սարգսյանի մտքի հերթական “փայլատակումները” հնչել են ԱՄՆ-ում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Տպավորություն է, որ ՀՀ քաղաքացիներին ծաղրելը, սեփական մեղքը այլոց վրա բարդելը, ամեն ինչում ուրիշներին մեղադրելը Տիգրան Սարգսյանի համար ոչ թե պարզ սովորություն է, այլ կենսակերպ, այսինքն՝ նա գիտակցված է անում այդ ամենը: Հավանաբար, հենց այս պահվածքի պատճառով է հասել նրան, որ անգամ իր կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներից հազիվ մի քանի հոգի, օրինակ՝ Սամվել Նիկոյան, Գագիկ Մինասյան եւ Արեգ Ղուկասյան եռյակն է, որ դեռեւս պաշտպանում է նրան, փորձում արդարացնել արարքները, ավելի ճիշտ՝ ձախողումները: ՀՀԿ-ականներից շատերն իրենք էլ չեն թաքցնում, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը Տ. Սարգսյանի հանդեպ՝ ձեռքի հետ իրենց հույս տալով, որ նախագահական ընտրություններից հետո վերջապես կփոխվի կառավարությունը:
Welcome to the Hotel California
Տիգրան Սարգսյանը Կալիֆորնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բացահայտել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության սրընթաց աճի պատճառները: Պատասխանելով հարցին, թե ինչու են Հայաստանում այդքան շատ աղքատներ, Տ. Սարգսյանն ասել է. ,Աղքատ են նաեւ, որովհետեւ գիտելիքների պակաս կաե: Սա, իհարկե, հայտնագործություն չէ. այս միտքը մի փոքր այլ ձեւակերպմամբ  վերջերս նա հնչեցրել էր նաեւ Երեւանում: Փաստորեն, երկրում տիրող աղքատության համար մեղավորը ո՛չ իշխանություններն են, ո՛չ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, որոնց պաշտոնավարման ժամանակ աղքատությունը ոչ միայն չվերացավ, այլ կրկնապատկվեց: Ստեղծված վիճակի մեղավորը ոչ էլ գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունն է, այլ աղքատության համար մեղավոր են քաղաքացիները, որոնք գիտելիք չունեն: Տ. Սարգսյանի  տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է ենթադրել, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Սամվել Ալեքսանյանը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Ռուբեն Հայրապետյանը, ե՛ւ ՀՀԿ ու ԲՀԿ մյուս օլիգարխները մտքի տիտաններ, միջազգային ճանաչում ունեցող մեծանուն ակադեմիկոսներ, նվազագույնը՝ դոկտոր-պրոֆեսորներ են, քանի որ հենց այս անձանց ձեռքում է կենտրոնացած երկրի ողջ հարստությունը (թեեւ, ըստ նրանց պաշտոնական կենսագրության, նրանց մի մասը նույնիսկ բարձրագույն կրթություն չի ստացել):
Տ. Սարգսյանի այս հայտարարություններն այնքան էլ արտառոց չէին թվա, եթե չլիներ մեկ այլ հանգամանք: ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “ԱրմԹեք-2012” համաժողովի ժամանակ էլ վարչապետն իր ելույթում ասել է. “Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է”: Թե ինչու է նա ԱՄՆ-ում նման իրարամերժ հայտարարություններ արել, դժվար չէ ենթադրել. “ԱրմԹեք-2012”-ում եթե նման խոսքեր ասեր, ապա նրան առնվազն լուրջ չէին ընդունի կամ կառաջարկեին միանգամից հոսպիտալացվել: Համաժողովներում նա փորձել է ցույց տալ, թե ՀՀ իշխանություններն ամենաազնիվն են, ամենալավը: Նպատակը՝ մարդկանցից քաղաքակիրթ ձեւով գումարներ ,մուրալըե, համոզելը, որ գան, ՀՀ-ում ներդրումներ անեն, բնականաբար՝ հետո շահույթն իրենց հետ կիսվելու ակնկալիքով:
Արձանագրենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից գոյացած պետական բյուջեի միջոցները վատնում է այլ երկրներում ճամփորդելու, տարբեր գիտաժողովների, համաժողովների մասնակցելու, թանգարաններ այցելելու նպատակով: Ու այսքանից հետո դեռ բացահայտ կերպով ոտնահարում է նույն քաղաքացիների արժանապատվությունը, ծաղրում նրանց ու վիրավորում:
Հ.Գ. Տ. Սարգսյանին իր աշխատանքային այցի ընթացքում ո՛չ Գերմանիայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում չի հաջողվել հանդիպել որեւէ լուրջ պաշտոնյայի հետ: Ամենաբարձրաստիճան չինովնիկը, որին նա հանդիպել է այս ընթացքում, եղել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսան: Այսինքն՝ ՀՀ վարչապետին՝ Սահմանադրությամբ երկրի երրորդ պաշտոնյային, ԱՄՆ-ում ընդունել են ընդամենը քաղաքապետի մակարդակով: Իսկ Գերմանիայում, թեեւ նախապես հաղորդագրություն էր տարածվել, որ Տ. Սարգսյանը հանդիպելու է երկրամասի ղեկավարության հետ, որեւէ նման հանդիպում չի կայացել: Համենայնդեպես, պաշտոնական հաղորդագրություններում նման փաստ արձանագրված չէ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս