ՄԵԽԱ՛Կ, 60 000 ԴՈԼԱՐ ՊԱՐՏՔ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում երեկ շարունակվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը:
Դատարանը ավարտել է ամբաստանյալի հարցաքննությունը, որի ընթացքում Ս. Ղազարյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջադրված` խարդախության եւ վաշխառության վերաբերյալ մեղադրանքը: Նա կրկին պնդել է, որ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն իրեն դեռ պետք է վերադարձնի պարտքով տված 120 000 դոլարի կեսը, որն ինքը տոկոսով չի տվել: Ամբաստանյալը նաեւ չի ժխտել, որ տված գումարի դիմաց հավելավճարներ եղել են:
Հիշեցնենք, որ ըստ քրգործի` Ս. Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով եկամուտ ստանալու դիտավորությամբ Մեխակ Գաբրիելյանին է տվել 120 000 ԱՄՆ դոլար, որի դիմաց ստացել է սկզբում ԿԲ-ի սահմանած 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա` 5 տոկոս, այնուհետեւ 10 տոկոսի չափով հավելավճարներ, որոնց ընդհանուր գումարը  կազմել է 70253600 դրամին համարժեք 190 725 ԱՄՆ դոլար:
Դատարանը երեկ հետաքրքրվել է, թե Մ. Գաբրիելյանը կարող էր մոռանալ եւ գումարը չվերադարձնել, ամբաստանյալը պատասխանել է, որ նա հիշողությունը «կորցնում է» ըստ նպատակահարմարության. «Երբ իրեն պետք է՝ մոռանում է, երբ պետք չէ` չի մոռանում»:
Դատական նիստի մասնակիցները հետաքրքրվել են նաեւ Ս. Ղազարյանի հիշատակած հավելավճարներով, որոնք նա տոկոս չի համարում: Մեղադրող կողմի` դատախազ Ս. Հարությունյանի այն հարցին, թե Մեխակը որպես ինչ էր հավելավճարները տալիս, Ս. Ղազարյանը պատասխանել է. «Շռայլ տղա էր, նվեր էր տալիս»:   
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է 5 օրով, որպեսզի կարողանան լրացուցիչ ապացույցներ բերելու եւ լրացուցիչ վկաներ դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս