ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ջուջեւան համայնքներում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին տեղադրված են արագաչափեր, որոնք, սակայն, չեն գործում: Տավուշի մարզում խոսակցություններ կան, թե պատճառն այն է, որ այդ բնակավայրերը սահմանակից են Ադրբեջանին եւ գնդակոծությունների դեպքում այդ գյուղերի վարորդները կրակոցներից խույս տալու, գնդակոծության գոտուց հեռանալու համար ստիպված են խախտել սահմանված առավելագույն արագությունը եւ իբր այդ պատճառով է որոշվել նշված արագաչափերն անջատել: Տավուշի մարզում, սակայն, կարծիք կա նաեւ, որ արագաչափերը պարզապես շարքից դուրս են եկել եւ նորոգման կարիք ունեն:

 

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾՈՎ
Իջեւանում ընթանում է ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը: Ա. Ազիբեկյանը եւ Ա. Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ա. Խոջումյանը՝ 258 հոդվածի 4-րդ մասով: Գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը «Իջեւանատան» մուտքի մոտ Անդրանիկ Խոջումյանի կողմից Գետահովիտ գյուղի բնակիչ Աշոտ Այդինյանի ուղղությամբ կրակոցներ արձակելուն եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կեղծելուն: Նշենք, որ Ազիբեկյանը եւ Խոջումյանը կալանքի տակ են, իսկ Ավետիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հուլիսի 9-ի նիստում մեղադրողը պահանջել է Անդրանիկ Խոջումյանին դատապարտել 7, Անդրանիկ Ազիբեկյանին հինգուկես, իսկ Արտակ Ավետիսյանին չորսուկես տարվա ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2015 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15.400 գործարք, որոնց քանակը 2015 թվականի ապրիլ ամսվա համեմատ նվազել է 2.0 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 14.3 %-ով: 2015 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 2.8 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 13.8 %-ով: 2015 թվականի մայիսին Երեւան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 64.3 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երեւան քաղաքում 2015 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 0.6 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ նվազել 25.6 %-ով:




Լրահոս