Գագիկ Ծառուկյանի դեսպան խնամի Անդրանիկ Մանուկյանը Նոր Հաճնում ստիպված է եղել դատարկել գրպանի պարունակությունը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Նոր Հաճնում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցած Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացումը: Այս անգամ Ծառուկյան ընտանիքը մատաղի սեղան չի գցել, ինչպես արել էր Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու բացման օրը` 2013թ. մայիսի 14-ին: Բայց այս անգամ նույնպես հարյուրավոր ընչաքաղց, սոցիալական խնդիրների մեջ խեղդված քաղաքացիներ են կուտակվել Նոր Հաճնի եկեղեցու բակում, որպեսզի Ծառուկյանից, Սամվել Ալեքսանյանից ու մյուսներից, անգամ Սերժ Սարգսյանից փող ու օգնություն խնդրեն: Ոմանք կարողացել են դուրս պրծնել սոված մարդկանց ձեռքից, հաճախ բազմահազարանոց շքեղ մեքենայով անմիջապես եկեղեցու դիմաց իջնելու շնորհիվ: Իսկ ահա Ուկրաինայում ՀՀ դեսպան, Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանը ստիպված է եղել դատարկել գրպանի պարունակությունը:

Եկեղեցու բացման արարողությունից հետո, նկատելով դեպի մեքենան քայլող Մանուկյանին, մեր թղթակիցը զրույցի է բռնվել նրա հետ ցանկանալով մի քանի հարց ուղղել նրան: Եվ երբ Մանուկյանը դանդաղեցրել է քայլքը, նրա շուրջն են հավաքվել մի քանի կանայք և փող խնդրել: Մանուկյանը նախ գրպանից հանել է արտարժույթով թղթադրամների փոքր տրցակն ու առաջին խնդրողին մի թղթադրամ մեկնել: Մյուսները կտրել են դեսպանի ճամփան, թե բա մե՞զ: Մանուկյանը փող է տվել նաև երկրորդին, երրորդին, և հանկարծ կրկին ակտիվացել են մյուսները պահանջելով ավելին տալ: Դեսպանի նյարդերը տեղի են տվել, և նա ձեռքի բոլոր թղթադրամները, արդեն առանց հաշվելու, դրել է կանանց ձեռքն ու զայրացած հեռացել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս