Հայտնիների դիմանկարներով գրաֆիտիները` քննադատության թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում հանգրվանել են հայ հայտնիների` Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Պարույր Սեւակի, Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի դիմանկարները (Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Վերնիսաժին հարող տարածքում, Վարդանանց 14 հասցեում): Street art կոչվող արվեստի այս տեսակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի նախասիրություններից մեկն է: Պատերին հայ հայտնիների դիմանկարները նկարելու գաղափարն էլ հենց իրենն է: Այս նախաձեռնությունը շատերի կողմից արժանացավ հավանության, սակայն գտնվեցին նաեւ անձինք, որոնք նկարները համարեցին անճաշակ:

Քանդակագործ Սահակ Պողոսյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «սթրիթ արթի» մի տեսակ է ձեւավորվում Հայաստանում` ի սկզբանե արդեն հիմնված ամենասարսափելի կոնյուկտուրայի վրա… Նկարվում են հայ մտավորականության հայտնի կերպարների դիմանկարներ, ըստ որում, սարսափելի վատ…Իբր հայրենասիրության ու չգիտեմ ինչի խորհրդանիշ` առանց մտածելու, որ կեղտոտվում է հանրային տարածք, ու ամենավատն այն է, որ դա խրախուսողներ կան: Մնում է ասել` եթե այդքան շատ եք սիրում դա, տրամադրեք ձեր հյուրասենյակի պատերն ու ամեն օր վայելեք այդ այլանդակությունը: Մեզ ինչո՞ւ եք դա պարտադրում»:

Գրաֆիտիների հեղինակ Ռոբերտ Նիկողոսյանն էլ, ով գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ իր նպատակը հայ մեծերին վերհիշել տալն է. «Սիրում եմ դիմանկարներ անել, իսկ գրաֆիտին դրա միջոցներից մեկն է: Քննադատողներ երեւի թե կլինեն, սակայն հանրության մեծամասնությունը դրական է գնահատել իմ այս նախաձեռնությունը: Ես ոչ ոքի չեմ պարտադրում արվեստի այս տեսակը, հետեւեք եւ կտեսնեք, որ մարդիկ դրականորեն են արձագանքում դրան: Սա նոր երեւույթ է Հայաստանում, եւ բնական է, որ կլինեն նաեւ քննադատողներ»,- կարծիք հայտնեց նկարիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս