ՍՏԵՓԱՆԻՆ «ՇՏԱՏՈՎ» ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու մեջ մեղադրվող 30-ամյա Ստեփան Հովակիմյանին հիմա էլ դատում են իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար: Հունվարի 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սույն գործով առաջին դատական նիստն էր:
Ըստ մեղադրանքի` նախորդ տարվա հուլիսի 26-ին՝ նույն դատարանում գողության գործով ընթացող դատաքննության ժամանակ, Ս. Հովակիմյանն իր մոտ եղած ածելիով վնասել էր ձախ ձեռքի նախաբազուկը, իսկ հետո, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել էր նետել մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանի ուղղությամբ, ինչը կանխվել էր կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցների եւ դատական կարգադրիչների կողմից: Սակայն այդ իրարանցման մեջ Հովակիմյանին հաջողվել էր հայտնվել դատախազ Հարությունյանի կողքին եւ ոտքով հարվածել նրա կոնքին, ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Ստեփանը փորձել էր ձեռքի երակները կտրել այն բանից հետո, երբ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր գողության գործով անցնող երկրորդ ամբաստանյալի` Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի միջնորդությունը. նրանք խնդրել էին վերսկսել դատաքննությունը եւ լրացուցիչ հարցաքննել Վահրամի մորը: Ու թեեւ Վահրամ Քերոբյանը դեմ էր եղել մոր վերաբերյալ միջնորդությանը, իսկ մեղադրողը չէր առարկել, այդուհանդերձ, պաշտպանները պնդել էին, որ Վահրամի մայրն այնպիսի տեղեկություններ ունի, որ դա լիովին կփոխի գործի ելքը:
Եթե կարճ ձեւակերպելու լինենք, թե այդ միջնորդությունից ով ինչ է շահել կամ շահելու, այսպիսի պատկեր կստացվի: Գողության գործով մեղադրանքը, որը հիմնված է եղել միայն ոստիկանությունում բռնությամբ եւ ճնշումներով Ստեփան Հովակիմյանից կորզված ինքնազրպարտչական ցուցմունքների վրա, ինչը դատապարտել էին մի շարք հասարակական կազմակերպություններ, եւ որի մասին ասել էր նաեւ Ստեփանը դատաքննության ընթացքում` պաշտպանական ճառի ժամանակ, «հիմնավորվում է» եւս մեկ` Ռուզան Քերոբյանի «ցուցմունք-ապացույցով», իսկ Վահրամ Քերոբյանը մոր արած լավության դիմաց 500 000 դրամ գրավով ազատ է արձակվում կալանքից:
Իսկ ի՞նչ էր պատմել դատարանում Ռ. Քերոբյանը, որպեսզի իր որդուն ազատեն: Ավելի ճիշտ` ոչ թե պատմել էր, այլ դատարանին խնդրել էր կարդալ իր ձեռքի տակ եղած մեկէջանոց գրավոր ցուցմունքը. ըստ այդմ` նա պատահաբար լսել է իր որդու եւ Ստեփանի հեռախոսային խոսակցությունը, թե ինչպես է վերջինս իր տղային համոզում, որ նա «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարի: Վահրամը երկար ժամանակ չհամաձայնելուց հետո համաձայնել է: Այնուհետեւ, ըստ Վահրամի մոր, Ստեփանն իր որդուն է տվել դրամարկղի բանալին, ու թեեւ վերջինս մտել է կինոթատրոն, սակայն մի երկու անգամ զանգել է Ստեփանին, արագ ասել, որ գողություն չի անելու եւ անջատել հեռախոսը: Հետո Ստեփանը զանգահարել եւ փորձել է իր որդուն համոզել, սակայն Վահրամը վերջնականապես հրաժարվել է եւ ասել, որ դրամարկղ չի մտնի եւ գողություն չի անի, որից հետո դուրս է եկել «Մոսկվա» կինոթատրոնից, Ստեփանին  վերադարձրել դրամարկղի բանալին ու հեռացել: Այս ցուցմունքից հետո Ռ. Քերոբյանը, օգտվելով իր հարազատի դեմ ցուցմունք չտալու իրավունքից, հրաժարվել էր պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Վահրամ Քերոբյանը եւս հրաժարվել էր կրկին հարցաքննվել եւ պատասխանել կողմերի հարցերին, որից հետո նրա պաշտպանը Վահրամի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել` պատճառաբանելով, որ իր պաշտպանյալը փաստացի հրաժարվել է հանցագործություն կատարելուց, ինչը դատարանը բավարարել էր: Ի դեպ, Ստեփանը դատարանում ցուցմունք էր տվել եւ ասել, որ ոչ միայն Քերոբյանն է անմեղ, այլեւ ինքը եւ այդ գողության հետ որեւէ առնչություն չունի:   
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ եւ 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ, ինչի համար էլ նրանք 2 տարուց ավելի կալանքի տակ են եղել:          
Իսկ երեկվա` իշխանությանը դիմադրություն ցույց տալու գործը սկսվել էր առանց տուժող ճանաչված դատախազի, եւ հարցաքննվել էին ինքնավնասմանը ականատես վկաները` դատական կարգադրիչները եւ «Առավոտ»-ի լրագրող Ռուզան Մինասյանը: Այդ մասին մեզ տեղեկացրեց Ստեփանի հայրը` Բենիամին Հովակիմյանը: Վերջինս նշեց, որ լրագրողը լուսաբանել է միջադեպը եւ դատարանում ասել, որ նախաքննությանն է տրամադրել այդ օրը արված լուսանկարները, ինչպես նաեւ դատախազի եւ Բենիամին Հովակիմյանի հայտարարությունը: Լրագրողն այդ խառնաշփոթի ժամանակ չի նկատել, որ դատախազն էլ Ստեփանին է հարվածել. այդ մասին ինքը` Բենիամինն է ասել լրագրողին, վերջինս էլ այդ տեղեկությունը ճշտել է նաեւ դատախազ Սամվել Հարությունյանից, որը հաստատել է այն:
Դատական հաջորդ նիստը` հունվարի 25-ին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս