ՆԺԴԵՀԻՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ «ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձուկը գլխից է հոտում, արժեքների արժեզրկումն էլ պետք է հիմքերում փնտրել: Հայ մեծերի անուններն անհարկի շահարկողները եւ նրանց անվան հետեւում թաքնվողները պատրաստ են իշխանությունը պահելու համար օգտագործել ցանկացած լծակներ, հնարքներ եւ  արժեքներ, այդ թվում՝ հերոսների անունները:
Ինչպես արդեն հասկացել ենք, մեր հասարակության մեջ կռիվ գցելը բավական հեշտ է: Շրջանառության մեջ է դրվում մի «միտք», որը սոցիալական ցանցերում շատ արագ առաջացնում է «իրարմիսուտոցի» եւ շարունակվում է նախատեսվածից շատ ավելի երկար, մինչեւ հասարակության ուշադրությունը չի շեղվում մեկ այլ նորահայտ «մտքի» վրա: Սոցցանցերում ներկայիս «միսուտոցիի» թեման «յագարեգիննժդեհ» դեմոտիվատորներն են` «Գարեգին Նժդեհ» ֆիլմին, նաեւ անուղղակի Նժդեհի կերպարին վերաբերող ծաղրը բազմաթիվ օգտատերերի կողմից: Հակադարձ կոշտ արձագանքը, բնականաբար, երկար սպասեցնել չի տալիս: Մի կողմը մյուսին մեղադրում է ապազգայնության, ազգային արժեքները ծաղրի ենթարկելու, մյուս կողմը առաջինին՝ հումորի զգացում չունենալու մեջ: Ընկնելով ծայրահեղությունների մեջ՝ չենք կարողանում ընկալել խնդրի բուն էությունը. ինչո՞ւ հենց Նժդեհին, եւ երբվանի՞ց են սկսել ազգային արժեքի արժեզրկման փորձերը: Չենք կարծում, թե նույնատիպ իրարանցում ու ծաղր կառաջանար, եթե ֆիլմը լիներ, օրինակ, հայ մեկ այլ մեծի՝ Զորավար Անդրանիկի կամ մեկ ուրիշի մասին: Խնդիրն այն է, որ մնացած հերոսների անուններն այդքան անհարկի չեն շահարկվել, որքան Նժդեհինը, եւ անհարկի չեն շահարկվել մարդկանց կողմից, որոնք իրենց կյանքով եւ գործունեությամբ իրականում ոչ մի ընդհանուր բան չունեն նժդեհյան գաղափարախոսության հետ:
Դեռ խորհրդային շրջանում կոմունիստները Լենինից կերտեցին կուռք՝ ընդամենը նպատակ ունենալով պաշտպանվել Լենինի անվան տակ, նաեւ այդ անվան տակ արդարացնել իրենց «սեւ» գործերը: Կռապաշտության դրսեւորումը պետք է շարունակվեր նաեւ անկախ Հայաստանում, եւ այդպես էլ եղավ. շարունակողն այսօրվա իշխող կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն: Ցավոք, հանրապետականների եւ տարբեր կեղծ հայրենասերների համար նման գործիք են դարձել նաեւ հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսությունը եւ Գարեգին Նժդեհի անունը: ՀՀԿ-ում շատ քիչ մարդիկ են իրականում նժդեհյան գաղափարախոսության կրող, իսկ ընդհանուր առմամբ իշխանությունների գործելաոճն այդ գաղափարախոսությանը ոչ թե չի համապատասխանում, այլ պարզապես հակասում է: Չենք կարծում, թե Գարեգին Նժդեհի նման ազգանվեր մարդը երբեւէ կցանկանար, որ իր անունը դարձնեին կուռք եւ օգտագործեին միմիայն իշխանությունը պահելու եւ իրենց մութ գործերը ծածկելու համար: Սա արդեն իսկ ծաղր է ազգային արժեքի նկատմամբ: Ծաղրը վաղուց է սկսվել, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք այսօր համացանցում: Խնդիրը ոչ թե այն է, որ դերասանի կերպարը ծաղրելու միջոցով ծաղրում են նաեւ Նժդեհին, այլ այն, որ ընդհանրապես մարդկանց մտքով նման բան է անցնում: Դա էլ ցույց է տալիս արժեզրկումը, որի իսկական մեղավորները, ինչպես միշտ, մնում են ձեռքերը մաքուր լվացած:
Այս ամենն ավելի լավ ընկալելու համար բավական է կարդալ եւ ծանոթանալ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությանը, ընկալել նրա արտահայտած մտքերը, ապա փորձել պատկերացնել ՀՀԿ-ական կուսակցամոլներին, որոնց մեծ մասը նույնիսկ ազգային բանակում չի ծառայել: Փորձել պատկերացնել կաշառակերներին, թալանչիներին, հայի կերպարը աղավաղողներին, ժողովրդին աղքատության հասցնողներին, երկիրը դատարկողներին, արժեքները ոտնահարողներին:
Վստահաբար` Նժդեհն այսպիսի ապագա չէր երազում իր երկրի համար, այսպիսի «հետեւորդներ» չէր կարող պատկերացնել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս