«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՏԵՂՅԱԿ ՉԷ ԴԱՎԻԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի գործունեությունը, նրա ընտրած պայքարի ձեւը կուսակցական բնույթ չի կրում: Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց կուսակցությունը ո՛չ արգելել է Սանասարյանին պայքարել, ո՛չ էլ նրան «պատվիրել» է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունում, կարծես թե, արձակուրդային «տրամադրություններ» են, քանի որ այս ժամանակահատվածում կուսակցությունը որեւէ գործունեությամբ չի զբաղվում: Արդյո՞ք ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ կարելի է արձակուրդ գնալ:
-«Ժառանգություն» կուսակցությունում այնպիսի իրավիճակ է, ինչպես միշտ եղել է: Եվ ոչ միայն «ժառանգությունում», մյուս կուսակցություններում եւս նույն իրավիճակն է, ոչ մի տարբերություն: Հիմա քանի որ այս պահի դրությամբ միայն սահմանադրական փոփոխությունների խնդիրը կա, եղան նախնական փոքր կոնսուլտացիաներ, բայց կարծում եմ, որ օգոստոսի կեսից նոր պրոցեսը կսկսի հասունանալ կամ արագանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում է, իսկ եթե հարցեր ունեք նրան, կարող եք դրանք ուղղել, երբ նրան կտեսնեք:
-Բացի նոր Սահմանադրության նախագծից՝ հանրության համար այսօր առաջնային է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Դեռեւս մեկ ամիս առաջ հանրությունը ակտիվ պայքարում էր թանկացման դեմ, սակայն այսօր ընդամենը մի քանի հոգի են փողոցում, որոնցից մեկը Ձեր կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն է: Խնդրում եմ գնահատեք նրա գործունեությունը այս ժամանակահատվածում, արդյո՞ք նրա պայքարի ձեւը Ձեզ համար ընդունելի է:
-Ես որեւէ գնահատական չեմ տա, ընդամենը իրեն հաջողություն կմաղթեմ, ինչպես ցանկացած որեւէ մեկին: Նշեմ նաեւ, որ կուսակցությունները այդ պայքարին մի փոքր աջակցում էին, այն պահանջները, որոնք կային, մեզ համար ոչ թե ընդունելի չէին, այլ հասկանալի էր, որ դրանք խնդիրների լուծման չեն տանում, պատճառները չեն վերացնում, ընդամենը մի փոքր հետեւանքների մեղմացում է լինելու: Մեզ համար կարեւորը պատճառը վերացնելն էր եւ ոչ թե մի փոքր հետեւանքը մեղմելը: Կուսակցություններն էլ իրենց աջակցությունը ցուցաբերեցին, որը փոքր-ինչ այլ ուղիով ընթացավ, հետո էլ, այսպես ասեմ, կուսակցությունները եկան ելման դիրք:
-Ելման դիրք ընդունելուց հետո Ձեր կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց նոր պայքարի մասին, բայց տեսակետ կա, որ Սանասարյանն իր արարքներով անլրջացնում է այդ ամենը: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դավիթ Սանասարյանի արածը ես չէի ցանկանա մեկնաբանել, միայն այն պարզ պատճառով, որ ինքը մեր կուսակցության անդամ է: «Ժառանգություն»-ը այդ հարցը չի քննարկել, դա Դավիթ Սանասարյանի քաղաքացիական իրավունքների շրջանակներում է, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած պրոցես կարող է սկսել, կարող է ցանկացած պրոցեսի մասնակցել, ինքն էլ այդ շրջանակում է գործում, ու քանի որ կուսակցությունն էլ չի արգելել, ինքը կարող է շատ ազատ, որպես կուսակցական էլ իր գործունեությունն իրականացնել:
-Բայց արդյո՞ք նրա պայքարը չի վարկաբեկում «Ժառանգություն» կուսակցությունը, տեսակետ կա, որ նրա գործունեության պատճառով «տուժում» է նաեւ կուսակցության հեղինակությունը:
-Բացարձակ, ի՞նչ է կուսակցությունով ինչ-որ քա՞յլ է պատրաստվում անել, որ կուսակցությունը վարկաբեկվի:
-Սանասարյանը հայտարարեց, որ հացադուլ է անում, այնուհետեւ նշեց, որ պատրաստվում են նստացույց անել, իսկ մի քանի օր առաջ էլ պատրաստվում էր Երեւանի փողոցները փակել… դա չի վարկաբեկո՞ւմ, երբ Ձեր կուսակիցը չի կարողանում հստակեցնել իր անելիքները: Տեսակետ կա, որ նույն իրավիճակը կուսակցությունում է:
-Նորից եմ կրկնում՝ նրա արածները կուսակցության հետ կապ չունեն, մենք ոչ նրան արգելել ենք եւ ոչ էլ պատվիրակել ենք, որ ինքը դա իրականացնի, դա իր՝ որպես քաղաքացու սահմանադրական իրավունքի մեջ է մտնում, կցանկանա՝ կպայքարի, չի ցանկանա՝ չի պայքարի, կցանակա՝ հացադուլ կանի, չի ցանկանա՝ հացադուլից դուրս կգա: Նստացույց կանի, չի անի, թե ինչպես կբողոքի, դա իր որոշելիքն է: Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ մենք հայտարարենք, թե Դավիթ Սանասարյանը կուսակցության հանձնարարություններն է իրականացնում:
-Նշվում է, որ նույն գործելաոճն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս տարբեր առիթներով հացադուլ էր հայտարարում, ապա արդյունքի չհասնելով՝ որոշում էր այն դադարեցնել:
-Շատ սխալ բաներ են ասում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է առաջ այնքան, որքան հնարավորություն ունեցել է, դա արդեն մանիպուլացիաների դաշտից է, այն անձանց կողմից, ովքեր չեն պայքարում, բայց կցանկանային ուրիշի արյամբ ինչ-որ բաներ ստանալ:

 

 

 

 

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵԿՄ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ Է ՍՏԱՑԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ օրերս կալանավորված Տիգրան Խաչատրյանը, վերջերս ԵԿՄ հուշամեդալով է պարգեւատրվել: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանի հետ: Ի դեպ, վերջինս բարեկամական կապեր ունի Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Տիգրան Խաչատրյանը օրերս պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով, խնդրում եմ ասեք, թե նրա ո՞ր արժանիքի համար է նման հուշամեդալ շնորհվել:
-Քանի որ Տիգրան Խաչատրյանը համարվում է Գորիսի Երիտասարդ երկրապահ կազմակերպության կառույցի ղեկավարը եւ նա այդ ընթացքում, երբ համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է մեծ ակտիվություն եւ շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից արժանացել է հուշամեդալի:
-Այսինքն՝ Տիգրան Խաչատրյանը պարգեւատրվել է լավ գործ կատարելու համա՞ր:
-Ե՛ւ իր ակտիվ գործունեության համար, ե՛ւ մնացած… Երեւանից ինչ միջոցառումներ լինում են, Սյունիքի մարզում, տարածքում, նորմալ, բարձր մակարդակով այդ ամենը կազմակերպելու համար:
-Բայց շատ երկար ժամանակ չէ, որ Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է, ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան աշխատանք կատարել, որից գոհ է անգամ ԵԿՄ նախագահը:
-Ես հիմա թվերով չեմ կարող ասել, թե քանի տարվա անդամ է նա, Սյունիքում, երբ որ ստեղծվել է ԵԿՄ կառույցը, այդ ժամանակվանից Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է եւ շատ լավ է կատարել իր առջեւ դրված խնդիրները, կարողացել է բարձր մակարդակով ամեն ինչ կազմակերպել:
-Իսկ ինչո՞ւ ԵԿՄ-ն հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Տիգրան Խաչատրյանը մշտապես հայտնվում է սկանդալային իրավիճակներում, որոնց արդյունքում մարդիկ են տուժում, նրան արդեն երկու անգամ կալանավորել են: Սյունիքի մարզում նա հայտնի է իր վատ վարքով, դա ԵԿՄ-ի համար կարեւոր չէ՞:
-Ես՝ որպես ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար, կարող եմ ասել, որ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի, շատ դաստիարակված տղա է ինքը, իսկ ինչ վերաբերում է Ձեր մնացած հարցերին, ասեմ, որ քանի դեռ հետաքննություն է ընթանում, ես զերծ կմնամ ինչ-որ գնահատականներ տալուց:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱՆԿՈՂՆՈՒ ՄԵՋ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը Քանաքեռ-Զեյթունում ամուսիններ Լուսինե եւ Հովհաննես Մխիթարյանների սպանության մեջ կասկածվող տղամարդուն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գամել են անկողնուն: Ավելին՝ նրա աչքերը եւս կապված են: Հիշեցնենք, որ նշված օրը Լուսինեին եւ Հովհաննեսին գտել էին իրենց ավտոտնակի մոտ՝ սպանված վիճակում: Ավելի ուշ հայտնաբերվել էր ամուսինների սպանողը, որը ինքնասպանության փորձ էր կատարել՝ ոստիկանների ձեռքը չընկնելու համար կրակելով գլխին: Վերջինիս շտապ տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ վիրահատել: Չի բացառվում, որ տղամարդուն կապկպել են, որ վերջինս փախուստի չդիմի կամ, առհասարակ, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում գտնվող այլ հիվանդների չվնասի: Նշենք, որ այս օրերին ոստիկանները ԲԿ-ի վերակենդանացման բաժինը հսկում են:

 

5-ՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են` տեսողությունը վերկանգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է: Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով, որպեսզի ցուցմունք տար եւ պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղլի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս:

 

ԿԻՍՈՎ ՉԱՓ ՔԻՉ ՀԱՐԿ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով վճարել է 281 մլն 353 հազար դրամի հարկ: Սա անցած տարվա նույն ժամանակահատվածից գրեթե կրկնակի անգամ պակաս է: 2014-ի առաջին կիսամյակում Ծառուկյանին պատկանող այս կոմբինատը վճարել էր 500 մլն 619 հազար դրամի հարկ: Այս տարվա արդյունքներով «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում 203-րդն է: Իսկ անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Ծառուկյանի այս կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում եղել է 121-րդը: Ի դեպ, ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները, որոնք սկսել են այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, դեռ չեն ավարտել:




Լրահոս