ԿԳՆ-ն կարգապահական տույժեր է կիրառել որոշ ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր` Ներքին աուդիտի 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված մի շարք ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում իրականացված համակարգի գնահատման աուդիտի հաշվետվությունների քննարկումը:

Նշվել է, որ համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել 30 կազմակերպությունում /2 բուհ, 14 նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություն, 14 դպրոց/: Հիմք ընդունելով բացահայտված թերությունները` կոմիտեն քննարկումների արդյունքում առաջարկել է` վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր, մասնավորապես, երկու տնօրենի նկատմամբ` խիստ նկատողություն, 9-ի` նկատմամբ` նկատողություն, մնացածի նկատմամբ` նախազգուշացում:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թերությունների և խախտումների հիմնական պատճառը հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում պատասխանատուների մասնագիտական ցածր պատրաստվածությունն է, իսկ բուհերում` օրինականության պահպանման խնդիրը: Այդ համատեքստում նախարար Արմեն Աշոտյանը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է բուհերում նախատեսվող աուդիտի ընթացքում ուսումնասիրել բյուջետային հատկացումների, գնումների, մրցույթների անցկացման օրինականության, զեղչային համակարգի կիրառման հետ կապված խնդիրները: Հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում տնօրենների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախարարը հանձնարարել է տնօրենների հավաստագրման հարցաշարում ընդգրկել տվյալ գործընթացներին վերաբերող համապատասխան հարցեր:
Բացի այդ, կոմիտեն որոշել է`

– համապատասխան հանձնարարականներ տալ տվյալ կազմակերպությունների տնօրեններին՝ ձեռնարկել միջոցառումներ բացահայտված թերությունների և բացթողումների շտկման, ինչպես նաև դրանք բացառելու ուղղությամբ,

– հանձնարարել կազմակերպությունների տնօրեններին՝ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախարարին ներկայացնել տեղեկատվություն` ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,

– հանձնարարել աշխատակազմի Ներքին աուդիտի վարչությանը` իրականացնել մոնիթորինգ կազմակերպություններում հաճախակի կրկնվող թերությունների ու բացթողումների վերաբերյալ, առաջարկել համակարգային լուծումներ,

– հանձնարարել աշխատակազմի ներքին աուդիտի վարչությանը` ամփոփել ստացված տեղեկատվությունը և Ներքին աուդիտի կոմիտեի հաջորդ նիստին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ:




Լրահոս