ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բավական լուրջ հայտարարություններ է արել. նա անուղղակի, սակայն բացահայտ տեքստով քննադատություն է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին:
«Գործարար միջավայրի հետ կապված՝ դեռեւս կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, եւ մենք այդ հարցերի շուրջ աշխատում ենք ՀՀ կառավարության հետ, պետք է ավելի մեծ մրցակցություն լինի Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի հնարավորություն լինի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումն եւ ծաղկումն ապրելու համար… Երկրորդ` անհրաժեշտ է, որպեսզի լինի ավելի մեծ թափանցիկություն հարկային եւ մաքսային վարչարարական ոլորտում»,-խոսելով ամերիկյան ներդրումների մասին՝ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` հավելելով, որ ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում, որոնք իրենց կամ իրենց գործընկերների գործերով անկախ որոշումներ կկայացնեն:
Այս հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ ընդամենը օրեր առաջ` հունվարի 21-ին, ՀՀԿ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը բոլորովին հակառակն էր պնդում. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»:
Փաստորեն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները վկայում են հակառակի մասին: Ընդ որում, հարկ է նշել, որ Հայաստանում դատական համակարգն ամենեւին էլ անկախ չէ, որ գործարար միջավայրի համար կան լուրջ խնդիրներ, որ հարկային ու մաքսային մարմինները լուրջ խոչընդոտ են մարդկանց համար, հայտնի է ամենքին: Այդ փաստերն իրենց արտացոլումն են գտնում նաեւ պաշտոնական վիճակագրության մեջ: Սակայն մի բան է, երբ այս մասին խոսում են հայ հասարակական-քաղաքական գործիչները, այլ բան, երբ այդ մասին բարձրաձայնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` թեկուզ եւ նուրբ, դիվանագիտական ձեւակերպումներով:
Ի դեպ, Ջոն Հեֆերնը միակը չէ, որ բարձրաձայնում է հարկային ու մաքսային վարչարարական ոլորտում ավելի մեծ թափանցիկության անհրաժեշտության մասին: Դեռ 2012թ. մայիսի 22-ին ՊԵԿ-ի հասցեին քննադատություն էր հնչեցրել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան` ասելով. «Երբ կառավարությունն էականորեն լավացնի իր հարաբերությունները տնտեսվարողների հետ, հատկապես Պետեկամուտների կոմիտեի մակարդակում, դա տնտեսական աճի վրա էական ազդեցություն կունենա»: Նման միտք նա կրկնել էր նաեւ նոյեմբերի 24-ին` Հայաստանի կառավարությանը խորհուրդ տալով ավելի մեծ ուշադրություն հատկացնել հարկային եւ մաքսային ոլորտներին: Ընդ որում, Տոլոսան նշել է, որ ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները կախված են ժամանակավոր գործոններից, ու եթե բարեփոխումներ չլինեն, աճը կհասնի ընդամենը 4 տոկոսի: Հիմա, փաստորեն, քննադատություն է հնչեցնում նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, դեռ ավելին` մատնանշելով ներդրումների համար ոչ այնքան բարենպաստ միջավայրի մասին:
Հ.Գ. Ջոն Հեֆերնի հայտարարությունները միայն այսքանով չեն սահմանափակվում. կրկին անուղղակի կերպով, սակայն բացահայտ նա ասել է, որ կոռուպցիայի ցուցանիշը ՀՀ-ում բավական բարձր է: Ըստ դեսպանի` ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ որոշակի դրական տեղաշարժ է նկատվել, բայց եւ եղել են խնդիրներ: «Եղել են հաղորդագրություններ ընտրակաշառքների մասին, նաեւ՝ վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ»,-մատնանշել է նա` հույս հայտնելով, որ փետրվարին կայանալիք ընտրությունները նոր նշաձող կդառնան: Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կրկին կկարողանա ֆինանսավորում ստանալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից, եթե նորմալ ընտրություններ անցկացնի, դեսպանն ասել է, թե ծրագրի դադարեցման հարցում հիմնական խնդիրը ոչ թե ընտրությունների որակի, այլ կոռուպցիայի հետ է կապված եղել: «Այս տարի Հայաստանին խանգարող հիմնական հանգամանքը կոռուպցիային վերաբերող ցուցանիշն էր»,-շեշտել է դեսպանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս