«Շենգավիթ» ԲԿ-ում բժշկական սխալի՞ հետևանքով է կինը մահացել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի առողջապահական համակարգում օր օրի բացասական երեւույթներ են ի հայտ գալիս, վաղուց արդեն գաղտնիք չէ: Հենց դրանք էլ քաղաքացիների մոտ առաջացնում են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ:

«Վիրաբույժի սխալը չէր բերի հիվանդի մահվան, եթե տվյալ բժշկական կենտրոնում բժշկությունը վերածված չլիներ բիզնեսի»,- այսպես են կարծում 54-ամյա Մարիետա Վասիլյանի հարազատները, ովքեր համոզված են, որ վերջինս մահացել է բժշկական սխալի արդյունքում: Նշենք, որ Մարիետա Վասիլյանը վիրահատության է ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նախորդ տարվա փետրվարի 25-ին:

Լաբարասկոպիկ վիրահատության արդյունքում հեռացվել է նրա արգանդը: Սակայն վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշված պերիտոնիտից Մարիետան մահացել է: Կնոջ հարազատները համոզված են, որ Մարիետայի մահը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի սխալների ու անփութության արդյունքն է: Իսկ նրա մահից հետո ստեղծված հանձնաժողովի փորձագետները մինչ օրս շարունակում են պնդել, որ հիվանդը մահացել է «ուղեկցվող այլ» հիվանդությունների պատճառով:

Հարազատների պատմելով՝ Մարիետայի վիրահատությունից հետո ԲԿ-ի գինեկոլոգ, վիրաբույժ Աշոտ Սիրունյանն իրենց վստահեցրել է, որ վիրահատությունը հաջող է անցել՝ առանց բարդությունների: Սակայն վիրահատության հաջորդ օրվանից սկսած Մարիետան ջերմել է, ինչը զարմանալիորեն չի խանգարել բժիշկներին հիվանդին ԲԿ-ից դուրս գրել: Այսինքն՝ Մ. Վասիլյանին բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել 38 աստիճան ջերմությամբ: Սրան զուգահեռ պնդել են, որ ամեն ինչ կարգին է նրա մոտ, եւ տանը ջերմությունը կիջնի: «Կարծում եմ՝ նրանք այդպես վարվեցին, որովհետեւ ցանկանում էին անհապաղ ազատել հիվանդասենյակը, քանի որ հիվանդանոցը լեցուն էր հիվանդներով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Մարիետայի եղբայրը՝ Արթուր Վասիլյանը:

Այս ամենից հետո, սակայն, Մարիետան չի ապաքինվել. նրա մոտ պահպանվել են ե՛ւ ցավերը, ե՛ւ բարձր ջերմությունը, որից հետո սկսվել են նաեւ սրտխառնոցներ ու փսխումներ: Իհարկե, Մարիետայի հարազատները վիրահատող բժշկին պարբերաբար տեղեկացրել են նրա առողջական վիճակի մասին, սակայն վերջինս անտարբերությամբ է պատասխանել՝ հեռախոսով հիվանդին հակաբորբոքային եւ ցավազրկող դեղեր նշանակելով:

Այնուհանդերձ, մարտի 2-ին՝ վիրահատության 5-րդ օրը, Մարիետայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են կրկին «Շենգավիթ» ԲԿ: Մարիետան հետազոտվել է, իսկ Աշոտ Սիրունյանը հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո հիվանդի հարազատներին վստահեցրել է, թե անհանգստանալու ոչինչ չկա: Որոշ ժամանակ անց Մարիետայի վիճակն ավելի է վատացել, եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ինչից հետո Մարիետան ենթարկվել է երկրորդ վիրահատության՝ այս անգամ այլ վիրաբույժի՝ Լեւոն Հակոբյանի կողմից:

Հարազատների պատմելով՝ արդեն երկրորդ վիրահատությունից հետո Ա. Սիրունյանը իրենց տեղեկացրել է, որ առաջին վիրահատության ժամանակ էլեկտրական դանակով պատահաբար վնասվել է հիվանդի աղիքը: Ինչի արդյունքում կղանքի մասերը լցվել են փորի մեջ՝ առաջացնելով ընդհանուր օրգանիզմի թունավորում:
«Վիրաբույժ Հակոբյանը նույնպես խոստովանեց այդ փաստը, որ էլեկտրական դանակի վնասումից հետո Մարիետայի բոլոր օրգանները թունավորվել են, արդյունքում նրա մոտ սկսել է սեփսիս կոչվող հիվանդությունը: Մարտի 4-ին Մարիետան, գիտակցության չգալով, մահացել է…»,- տխուր ձայնով պատմեց Արթուր Վասիլյանը:

Տեղեկացնենք, որ փորձաքննող հանձնաժողովը Մարիետայի մահից ընդամենը կես տարի անց հայտարարությամբ է հանդես եկել. «Այս հանձնաժողովի եզրակացությունը անսպասելի էր. նրանք նշեցին, որ աղիների ծակվելու իրական պատճառը անհնար է պարզել, քանի որ չեն պահպանվել դրա կտորները, այս պատճառով կարելի է ենթադրել, որ աղիների պատը վնասվել է ինքն իրեն: Իբր Մարիետայի մահվան պատճառը հետվիրահատական շրջանի բարդություններն են, որոնք ուղեկցվել են ծանր հիվանդություններով՝ կապված երիկամների, սրտի, թոքերի հետ: Բացի այս՝ մասնագետները եկան այն եզրահանգման, որ իբր հիվանդը կյանքի ընթացքում ունեցել է երկկողմանի թարախային թոքաբորբ, միոկարդիտ, սրտի մկանների ծանր դիստրոֆիա, երկկողմանի հիդրոտորաքս, երիկամների անբավարարություն, որոնք էլ նրա մահվան պատճառն են դարձել»: Այսինքն՝ բժիշկներն արդարացրել են իրենց գործընկերներին:

Մինչդեռ Մարիետայի հարազատները չեն հավատում մասնագետների կողմնակալ պնդումներին՝ հավաստիացնելով, որ նա առողջ է եղել, բացի կանացի հիվանդություններից, առողջական այլ խնդիրներ չի ունեցել. «Դա է ապացուցում մինչեւ առաջին վիրահատություն կատարված հետազոտությունները, որոնք տեղ են գտել հիվանդի մասին պատմող անկետայում»: Ըստ հարազատների՝ ուսումնասիրության ընթացքում հաշվի չեն առնվել նաեւ տուժող կողմի բացատրությունները: Դրանցից մեկն այն է, որ Մ. Վասիլյանն առաջին վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս է գրվել 38 եւ 37.6 աստիճան ջերմությամբ:

«Ժողովուրդ»-ը Մարիետա Վասիլյանի մահվան հետ կապված թեմայի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանից, սակայն վերջինս Հայաստանում չէր: Հետագայում էլ «Շենգավիթ» ԲԿ-ից հրաժարվեցին մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ դեպքը դեռ քննվում է:
Դե, իհարկե, բժիշկները մշտապես անհասանելի են բացատրությունների համար. նրանք ամեն ինչ բացատրում են՝ տերմինախեղդ անելով, իրենք իրենց ազատելով պատասխանատվությունից: Ու թերեւս դա է պատճառը, որ հենց նույն Շենգավիթ ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանն իր կնոջը բուժելու համար նրան արտերկիր է տարել: Ստացվում է, որ անգամ նա իր հիվանդանոցի բժիշկներին ու սարքավորումներին չի հավատում: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում այս առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հ.Գ. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` բժիշկների անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահը, պատժվում է ազատազրկմամբ` 2-ից 6 տարի ժամկետով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս