Նա ցատկեց դեպի բեմը և համբուրեց ինձ. Արաբո Իսպիրյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արաբո Իսպիրյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում. նա ներկայացնելու է էստրադային երգի հիման վրա նոր տեսահոլովակ, իսկ հաջորդ տարի էլ մտադիր է հանդես գալ մենահամերգով: Արաբոն «Ժողովուրդ»-ին պատմել է երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելու, դերասանական փոքրիկ կարիերայի եւ հոր` Ներսիկ Իսպիրյանի անվան հետ կապված «պիտակի» մասին:

arabo3

-Արաբո՛, առաջիկայում համերգային ի՞նչ ծրագրեր ունեք, նոր երգ, տեսահոլովակ սպասե՞նք:

-Սեպտեմբերի վերջին պլանավորում ենք խմբով մեկնել ՌԴ` համերգային շրջագայությունների, ելույթներ ենք ունենալու 44 քաղաքներում: Հորս` Ներսիկ Իսպիրյանի հետ աշխատում ենք նոր երգի վրա, որը կոչվում է «Թե որ հայ ես, հայ մնա»: Էլի նոր երգեր ունեմ, մտադիր եմ նկարահանել նաեւ տեսահոլովակ: Այդ երգերն արդեն էստրադային ժանրից են, լիրիկական բնույթի:

-Փաստորեն, էստրադային երգեր էլ եք երգո՞ւմ: Իսկ մտավախություն չկա՞, որ ինչպես շատ երգիչների, Ձեզ էլ էստրադան կգրավի, եւ Դուք աստիճանաբար կհեռանաք ազգային-ժողովրդական երգարվեստից:

-Կարծում եմ` ժողովուրդն անակնկալի կգա` իմանալով, որ ես կատարում եմ նաեւ էստրադային երգեր եւ հուսով եմ` կգնահատի իմ աշխատանքը: Իսկ Ձեր նշած վտանգն ինձ երբեք չի սպառնա, եթե հիշեք, ավելի վաղ հայրս էլ ԱՄՆ-ում ձայնագրել է էստրադային երգեր, այդ թվում` սիրային բնույթի, սակայն դրանց կողքին ունեցել է նաեւ հայրենասիրական երգեր: Ինքս բարձր եմ գնահատում ազգային-ժողովրդական երգի արժեքը, այդ ընկալումը նկատում եմ նաեւ երիտասարդների շրջանում, սակայն ժողովուրդը պահանջում է նաեւ այլ ոճի գործեր, ուստի մատուցում եմ թե՛ ազգային-ժողովրդական, թե՛ էստրադային երգեր:

-Սոցցանցերում, հատկապես երիտասարդների կողմից, ակտիվ քննարկվում է Ձեր արտաքինը, հաճախ նշվում է, որ հոլիվուդյան արտաքին ունեք…

-Մանկությունս մեծ մասամբ ԱՄՆ-ում է անցել, եւ ծնողներս նաեւ արտաքինիս առնչվող այդ գործոնը հաշվի առնելով՝ ցանկացել են ինձ դերասանական ոլորտում առաջ տանել, անգամ ԱՄՆ-ում հասցրել եմ խաղալ հայ-ամերիկյան արտադրության մի քանի սերիալներում:

arabo

-Դերասանական փոքրիկ կարիերային վերաբերող Ձեր կյանքի այդ էջը մութ է, կարծես թե հրապարակավ այդ մասին չեք խոսել: Հետաքրքիր է` դերասանությունը Ձեր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում: Եթե էլի ֆիլմերում նկարահանվելու առաջարկություն լինի, կհամաձայնե՞ք:

-Ես ինձ դերասան չեմ համարում, դերասանությունն ինձ համար նախասիրություն է, երկրորդական աշխատանք: Եթե առաջարկներ լինեն, պետք է քննարկեմ, տեսնեմ` որքանով են դրանք իմ սրտով, որքանով է դերը հոգեհարազատ: Բայց իմ մշտական գործը երգելն է, շարունակում եմ հայրիկի գործը:

-Իսկ Ներսիկ Իսպիրյանի գործոնը որքանո՞վ է օգնել եւ որքանո՞վ խոչընդոտել որպես անհատ երգիչ Ձեր կայանալուն: Հայտնիների զավակները երբեմն բարդույթավորվում են իրենց ծնողների անվան «պիտակից»:

-Իմ դեպքում այդպես չէ, ոչ…Ես ուրախ եմ, որ Իսպիրյանի որդին եմ, կարծում եմ` ժամանակի ընթացքում ժողովուրդն ինձ էլ որպես առանձին անհատ երգիչ կգնահատի: Ես ուզում եմ նրա երգարվեստի ուղին բռնել, իսկ, առհասարակ, ես հենց Իսպիրյանի դպրոցն եմ անցել, հենց նա է ինձ սովորեցրել երգել, ծանոթացրել մասնագիտական նրբություններին:

-16 տարի ապրել եք ԱՄՆ-ում. ամերիկյան մշակույթն ի՞նչ ազդեցություն է թողել Ձեզ վրա:

-Ես 13 տարի բնակվել են Գլենդելում, 3 տարի` Բըրբանքում, այսինքն` հայաշատ տեղերում եմ եղել, բացի այդ` ծնողներս ինձ դաստիարակել են հայրենասիրական ոգով: ԱՄՆ-ի մշակույթից, գուցե, որոշ բաներ քաղել եմ, բայց ավելի շատ վերցրել եմ կենսաձեւին առնչվող որոշ օգտակար սովորություններ. օրինակ` ճիշտ ռեժիմով, պլանավորված գրաֆիկով ապրելը: Հիմա արդեն ԱՄՆ գնում եմ համերգային շրջագայությունների: Ի դեպ, ասեմ, որ հայի կարոտը ամենաշատը զգացել եմ հենց ամերիկյան համերգների ժամանակ, դրանցից մեկը համընկել էր Շուշիի ազատագրման օրվա հետ, մենք ելույթ էինք ունենում եւ բեմից տեսնում էինք հանդիսատեսի արցունքները…

rabo4

-Երիտասարդների շրջանում բազմաթիվ երկրպագուներ ունեք, հատկապես` սփյուռքից, ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք նրանց հետ կապված:

-Հիշարժան դեպքեր շատ են եղել, օրինակ` մի անգամ եվրոպական համերգներից մեկի ժամանակ իմ ելույթի ընթացքում միջին տարիքի մի հայ կին ցատկեց դեպի բեմը եւ համբուրեց ինձ, ողջ դահլիճը ծափահարեց, ես ելույթս ընդհատեցի. այսպիսի հետաքրքիր պոռթկում (ծիծաղում է):

-Մասնագիտությամբ տնտեսագետ եք, հետաքրքիր է` տնտեսագիտությունը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ, հնարավո՞ր է՝ մի օր լսենք, օրինակ, բանկիր-ժողովրդական երգչի մասին:

-(Ծիծաղում է): Ես հիմա Եվրոպական ակադեմիայում եմ սովորում, չորրորդ կուրսում եմ, սա էլ է ինձ համար երկրորդական մասնագիտություն, ի դեպ, այս ոլորտում արդեն փորձ ունեմ, ԱՄՆ-ում աշխատել եմ բանկում, եւ երբ տեղափոխվեցինք Հայաստան, որոշեցի շարունակել քայլերս այդ ասպարեզում: Իսկ բանկիր-ժողովրդական երգչի կարգավիճակում ինձ չեմ պատկերացնում, տեսնենք` կյանքն ինչպես կդասավորվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս