Աղվան Հովսեփյանին և Գևորգ Կոստանյանին հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ազատ էր արձակվելու, «Ժողովուրդը» դեռ մեկ ամիս առաջ էր գրել. քաղաքական որոշումն այդ ժամանակ էր կայացվել: Սակայն երեկ տեղի ունեցածը սպասվածից ավել խայտառակություն էր: ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարությամբ «ավետեց» Տիգրան Խաչատրյանին ոչ միայն ազատ արձակելու, այլ նաեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնավորումն այն էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ տուժող Հարություն Զաքարյանի մեկ աչքի տեսողության կորուստի պատճառ դարձած հարվածը Տիգրան Խաչատրյանը չի հասցրել: Ոմն Յուրի Մանուչարյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե ինքն է Հարություն Զաքարյանի աչքին հարվածել:

Իսկ տուժողն ասել է, թե չի հիշում՝ կոնկրետ ով է հարվածել: Ահա եւ վերջ. Յուրին «իր վրա վերցրեց» հանցանքը, ուստի ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ ԳԴ Գեւորգ Կոստանյանը կարող են հանգիստ շունչ քաշել: Նրանց հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին: Եւ ամենեւին կարեւոր չէ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է վեճ հրահրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների հետ, նրանց կանչել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք, իր բանդայի մի քանի տասնյակ անդամների հետ դաժան ծեծի ենթարկել՝ նրան կուրացնելով: Գլխավորն այն է, որ Սյունիքի բդեշխի որդին «անմեղ» է, քանի որ Հարություն Զաքարյանը հենց նրա հարվածից չի կուրացել: Պատկերացնո՞ւմ եք՝ այսպիսի անհեթեթ իրավաբանական հիմնավորման տակ ստորագրել են Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչները ու Գեւորգ Կոստանյանի ենթակաները: Բնականաբար, նրանք մասնավոր զրույցների ժամանակ կարդարանան, թե Սերժ Սարգսյանն է հրահանգել նման կերպ վարվել, բայց ի՞նչ կապ ունի՝ բանավոր ով, ինչ է հրահանգել: Այս խայտառակության տակ դրված է նշված կոնկրետ մարդկանց ստորագրություններ, ովքեր ուղղակի անարգում են արդարադատությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս