Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության 7-ամյակին նվիրված միջոցառումը 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 7-ամյակին նվիրված միջոցառումը և նախարարության քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պետական, հասարակական, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ և արվեստագետներ:
Առավոտյան ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելել էին Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր, ծաղիկներ դրել հայ ազատամարտիկների և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողներին:
Հանդիսության բացմանը օրհնանքի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որից հետո տեղի ունեցավ քաղաքացիական ծառայության հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված և սահմանված փորձաշրջանն անցած 11 քաղծառայողների երդման արարողությունը:

Քաղաքացիական ծառայողներին վկայականները հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց բոլոր քաղաքացիական ծառայողներին՝ պաշտոն ստանձնելու և ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ 7-ամյա տարեդարձի առթիվ:
«Իսկապես այս նախարարությունում ջերմ աշխատանքային մթնոլորտ է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները անցան աշխարհի 4 ծագերում ապրող հայերի բացարձակ համախմբվածությամբ: Եվ դա նախեւառաջ ՀՀ սփյուռքի նախարարության շնորհիվ: Նախարարությունը լուրջ գործնական քայլեր է ձեռնարկում արևմտահայերենի նահանջը կասեցնելու և մեր լեզվի այդ ճյուղին նոր կյանք ու շունչ պարգևելու գործում, – նշեց Ազգային ժողովի նախագահը՝ հավելելով, – ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի, հատկապես «Արի տուն» ծրագրի շնորհիվ Հայրենիք եկած սփյուռքահայ մեր երիտասարդները մայրաքաղաքին նոր կյանք ու հոգի են հաղորդում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա մասնավորապես նշեց. «Շնորհավորում եմ բոլոր նորընծա քաղաքացիական ծառայողներին՝ պաշտոններ ստանձնելու և ՀՀ սփյուռքի նախարարության ողջ աշխատակազմին՝ 7-ամյա գործունեության առթիվ: Մեր ճանապարհը սկսեցինք դժվարություններ հաղթահարելով և հասկանալով, որ կան բազում մարտահրավերներ, որոնցից չպետք է երկնչել, այլ քրտնաջան աշխատանքով հաղթահարել, դրանք ամեն մի դժվարություն: Առանձնապես շնորհակալ ենք Սփյուռքի համահայկական այն բոլոր կառույցներին, որոնք վստահեցին մեզ և գործակցեցին մեզ հետ»:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր մտավորականներին, մշակույթի գործիչներին, ովքեր ամեն ջանք ու եռանդ ներդրեցին՝ օգնելով գերատեսչության կայացմանը: «Ամենատաղանդավորներից Տիգրան Մանսուրյանն այսօր այստեղ է և մեզ հետ տոնում է ՀՀ սփյուռքի նախարարության տարեդարձը», – նշեց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին, որոնք համագործակցել են նախարարության հետ և հայ դիվանագետներին՝ համայնքներում իրականացվող աշխատանքների համար:
Գնահատանքի խոսքով հանդես եկավ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հիշեց Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը և նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության խնդիրը հայ հեղինակի նշած այդ նահանջը կանգնեցնելն է: «Ուրախ եմ, որ ձեր ծրագրերի շնորհիվ աշխարհասփյուռ հայ պատանիներն ու երիտասարդներն մեծ ոգևորությամբ են գալիս Հայաստան: 7-ամյա ճանապարհը պետական համակարգի համար կարող էր միայն կայացման ճանապարհ լինել, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք այդ համակարգի կողմից իրականացվող հայապահպանությանը միտված մեծ աշխատանք»:

ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը բարձր գնահատեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Հայ օգնության միության վարչության ատենապետ Վիգի Մարաշլյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հովիկ Յորդեկյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Արամ Սարգսյանը և Վլադիմիր Աղայանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը:
Հանդիսության գեղարվեստական մասում երաժշտական կատարումներով և ասմունքով հանդես եկան Անահիտ Սահակյանը, Վլադիմիր Ահարոնյանը, «Ծաղկազարդ» համույթը, Ջիվան Սարգսյանը:




Լրահոս