ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, ակտիվիստ, ներկայումս Բաքվից հակահայկական հայտարարություններ անող Վահան Մարտիրոսյանի աղմկալի ծեծի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզեցինք, որ երեկ ակտիվիստին հարվածող երիտասարդներից մեկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե:

Ինչպես հայտնի է՝ «Ներազգային ազատագրական շարժման» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում է տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են:
Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ):
Եվ, ահա, այս դեպքից հետո էլ ինքնահռչակ ակտիվիստը, որը անցնում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված երկու քրեական գործերով (ծեծ եւ գողություն), սեպտեմբերի 4-ին հատեց ՀՀ սահմանը եւ ապաստան գտավ Բաքվում:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ծեծի գործով անցնող Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, Գաջեգործների 24 հասցեում ապրող Վահագն Խասապետյանին եւ նրա ընկերոջը` Ալբերտ Ֆահրադյանին, որոնք, ըստ ծեծված ակտիվիստի, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են, հրավիրել է կոմիտե:
«Ժողովուրդ»-ը միջադեպի մանրամասների մասին զրուցեց Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղաների հետ:
Ըստ Վահագն Խասապետյանի` վեճը սկսվել է հենց ակտիվիստի կողմից. «Վահանենց տունը 22 հասցեն է, իսկ մեր տունը՝ 24: Ես, քույրս ու ընկերս՝ Ալբերտը, մեր բակում նստած էինք, զրուցում էինք: Իսկ իրենց տանից սարսափելի ձայներ էին գալիս, կռվում էին: Այնպես չի, որ սա առաջին դեպքն էր, որ նրանք տանը կռվում էին ու սարսափելի հայհոյանքներ տալիս: Վահանի կինը այնպիսի հայհոյանքներ է տալիս, որ անգամ տղամարդիկ չեն տալիս նման հայհոյանք: Մոտ 2 ժամ տեւեց կռիվը, ու բոլորով` մերը, տղան, հարսը, կռվում էին: Տեսանք՝ էլ ճար չկա, քրոջս տարանք սենյակ, դուռը փակեցինք, որ այդ խայտառակ հայհոյանքները չլսի, ու մենք փորձեցինք հանգստացնել նրանց»:
Ըստ մեր զրուցակցի` Վահանին ընկերականով փորձել են համոզել, որ վերջ տան, անհարմար է, բակում կանայք կան, այլեւս չհայհոյեն.«Ասի՝ ախպերս, վերջ տվեք, ինձ ասաց, թե դու ով ես, սկսեց բռթել ինձ: Ասեցի՝ չես ճանաչում, ձեր հարեւանն եմ: Վահանը պատասխանեց, թե Մհերի մանկլավիկներից չե՞ս: Ես զայրացա, ասեցի՝ ինչ կապ ունի Մհեր Սեդրակյանը այս ամենի հետ, որ իր անունն ես տալիս: Եթե այդքան տղա ես, իր դեմն այդ արտահայտությունն արա: Դե, ինչ ասեմ, խառնաշթոփ ստեղծվեց, հարվածեցինք իրար: Հետո մեր հարեւանները եկան ու բաժանեցին: Մոտ 10 վկա կա, որոնց կանչել են քննչական մարմին, ու մարդիկ պատմել են ողջ եղելությունը»:
Անդրադառնալով ակտիվիստի այն պնդումներին, թե նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիմակիցներից է, Վահան Խասապետյանը պատասխանեց. «Վաբշե կապ չունեմ, հեռու էլ անգամ կապ չունեմ»: Նա նաեւ ընդգծեց, որ արդեն անհնար էր հանդուրժել այդ վիճակը. «Պատկերացրեք՝ տունդ հյուր է գալիս, ի՞նչ անես, նստես լսե՞ս իրենց հայհոյանքները»:
Մենք զրուցեցինք նաեւ Վահագի ընկերոջ` Ալբերտի հետ, որը դեպքի օրը հյուրընկալվել էր նրա տանը եւ միջադեպին մասնակից դարձել. «Տենայիք՝ ինչ ծեծ էր դրանց տունը, ջարդում-փշրում էին իրար, հանգստացնելու համար, որ նման հայհոյանք չտան, միջամտեցինք, որ դադարեցնեն: Վահանը մեզ մենակ ասում էր՝ գիտեմ, ով է ձեզ ուղարկել, իրա մանկլավիկները չե՞ք: Ախր, ես մենակ Մհեր Սեդրակյանին գիտեմ որպես պատգամավոր, այլ կապ չունեմ»,- վստահեցրեց Ալբերտը:
Անդրադառնալով իրեն ՀՀ քննչական կոմիտե հրավիրելուն, Ալբերտ Ֆահրադյանը պատասխանեց. «Կիսատ փաստաթղթեր կային, ներկայացրեցի, ու այլ բան չեն հայտնել, բան չգիտենք»:
Դատելով գործում առկա 10 վկաների ցուցմունքներից, ինչպես նաեւ Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանում ապաստանելուց ու Բաքվից արած հայտարարություններից՝ ՀՀ քննչական կոմիտեին այլ բան չի մնում, քան հավատալ այս տղաների եւ 10 վկաների ցուցմունքին ու Վահան Մարտիրոսյանի բողոքը կարճել:
Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ ակտիվիստի կեղծ բողոքի փաստի կապակցությամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո անցումային փուլի ծրագրերի հանրային քննարկումների առաջին շարքը, որը սկսեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ անցումային փուլի ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունը մեծ է:
«Անկախության տարիների ընթացքում Հայաստանում կուտակվել են այնպիսի համակարգային խնդիրներ, որոնք սովորական ընթացակարգերով հնարավոր չէ հաղթահարել: Հնարավոր չէ ռեժիմին հեռացնելուց հետո անմիջապես կազմակերպել ընտրություններ եւ գործող կուսակցություններից ձեւավորել այնպիսի կառավարման մարմիններ, որոնք կարողանան երկիրն այս վիճակից հանել: Անհրաժեշտ են լրացուցիչ եւ կոշտ քայլեր, ցավոք սրտի, նաեւ՝ «վիրահատականե քայլեր»»,-ասաց Ավետիսյանը:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները նշեցին, որ հոկտեմբերի 27-ից սկսում են ակտիվ գործունեություն ծավալել: «Հանրության մեջ իշխանափոխության խնդիրը հասունացել է: Դժգոհությունը, ապագայի նկատմամբ բոլորի անվստահությունը նախադրյալներն են, որ այն պահին, երբ հանրությունը տեսնի, որ երկրում կա առարկայական ծրագիր, շանս՝ իշխանափոխություն իրականացնելու, անհրաժեշտ արձագանքը լինելու է»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏԵՑ
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը երեկ իր տանը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ընթերցեց իր եւ ՀՖՖ-ի նախագահ Ռ.Հայրապետյանի խոսակցության սղագրությունը: Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը, Ս. Հակոբյանի հեռախոսն անջատված է եղել, միացնելով՝ պարզել է, որ 15 բաց թողնված զանգեր ունի նույն համարից, զանգելով՝ պարզել է, որ Ռ. Հայրապետյանն է: Հակոբյանի հրապարակած սղագրությունը ներկայացնում ենք ստորեւ.«Ս. Հ. – Ռուբեն ջան, բարեւ, ի՞նչ կա: Հո՞, բան չի եղել, մի քանի անգամ զանգել ես: Ռ. Հ. -Սմբո՛, ինչ պտի լինի, էս ի՞նչ թազա թատրոն ես սարքել, հավաքել ես էդտեղ, կապիկություն են անում: Ս. Հ. – Ռուբե՛ն, չգիտեմ, թե ում համար է թատրոն կամ կապիկություն, այստեղ մարդիկ են հավաքվել կոնկրետ պահանջով, կոնկրետ հարցեր են դրել: Ռ. Հ. -Արա՛, ի՞նչ հարց: Թարգը տո՛ւր, գնա՛, հանգիստ նստի տունդ, ոչ մի բանի մի՛ խառնվի: Ս. Հ. -Ռուբե՛ն, նախ արա-ով մի՛ խոսի, երկրորդն էլ, եթե էդ թեմայով խոսելու բան ունես, կարող ենք ցերեկը հանդիպել, խոսել: Ռ. Հ. -Արա՛, լսի՛, ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, քեզ ասում եմ՝ յան տո՛ւր, գնա՛, նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն ուրիշ ձեւ: Ս. Հ. – Ուրեմն հիմա լսի՝ ինչ եմ ասում, Ռուբե՛ ն: Նախ՝ դու չես, որ պիտի ասես՝ ես ինչ անեմ, հետո՝ եթե որեւէ մեկը կփորձի այս հարցում ինձ հետ ուրիշ ձեւի խոսի, ուրիշ ձեւի պատասխան կստանա: Ռ. Հ. -Արա՛, (հայհոյում է Ա. Չ.), քեզ ասում եմ՝ գնա՛, վեր ընգի տունդ, թե չէ կասեմ, կբռնեն, ոտերդ կջարդեն: Ս. Հ. -Տո՛, (հայհոյում է, Ա. Չ.): Բառերդ չափավորի՛ եւ չափդ ճանաչի՛: Ռ. Հ. -(Հայհոյում է Ա. Չ.):

 
ԵՏ ԿԿԱՆՉՎԻ
Գնորդ կողմը պետք է կատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք առկա էին դեռեւս 2002թ. կնքված պայմանագրով: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, երեկ ասել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: «Եթե որեւէ պայման չկատարվի կողմերի միջեւ, ապա պայմանագիրը ետ կկանչվի»,- հավաստիացրել է նա:

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության կողմից Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 70 շենքի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ն, ով սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

 

ԿՃՈՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ
Նախկին վարչապետի անվան հետ կապվող օֆշորի գործով դատական երեկվա նիստում վկաներից մեկը` ԱՄՆ քաղաքացի Արփի Բալյանը, հայտարարել է, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է սրբազան Կճոյանը: Վկան նշել է, որ Սուքիասյանը 12 մլն դոլարի վարկ է ցանկացել վերցնել «Ամերիաբանկ»-ից՝ իր հանքերի համար նոր տեխնիկա գնելու նպատակով, ինքն էլ օգնել է, որովհետեւ անգլերեն է իմացել: Վկան նշել է, որ իր վստահությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կորել է Կիպրոսում, երբ օֆշորային կազմակերպությունը գրանցելիս հասկացել է, որ ոչ թե 1, այլ մի քանի կազմակերպություն է գրանցվում, ու դրանց բաժնետերերի մեջ են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը:

 

ՀԻՄԱ ԷԼ` ԻՐԱՔ
Եթե Իրաքի իշխանությունները դիմեն Ռուսաստանին՝ խնդրելով անցկացնել ՌԴ ռազմաօդային ուժերի օպերացիա ԴԱԻՇ-ի դեմ Իրաքի տարածքում, Մոսկվան կդիտարկի նման միջոցառումների քաղաքական ու ռազմական նպատակահարմարությունը, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների ու սպառնալիքների բաժնի տնօրեն Իլյա Ռոգաչեւը:

 

ՀԵՐՔԵԼ Է
Վլադիմիր Պուտինը հերքել է Ռուսաստանի օդուժի կողմից Սիրիայում ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին հաղորդագրությունները: «Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հայտնված տարբեր տեղեկություններին, թե տուժում է քաղաքացիական ավիացիան, մենք նման տեղեկատվական հարձակումներին պատրաստ էինք»,- ասել է նա` ընդգծելով, որ «քաղաքացիական բնակչության շարքերում զոհերի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են, մինչ երկինք են բարձրացել մեր ինքնաթիռները:

 

«ՀԻՆ ԳԱՅԼԵՐՈՎ»
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հանդեպ: Ժիրինովսկին Գորբաչովից պահանջում է իր գրքում արված մի արտահայտության համար մեկ միլիոն ռուբլի: Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչովի ու «Ողջ աշխարհ» հրատարակչության հանդեպ:




Լրահոս