ԲԻԶՆԵՍՈՎ ՉԶԲԱՂՎՈՂ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետական պաշտոնյաներն ու նրանց կանայք գրեթե միմյանց չեն զիջում իրենց կուտակած դրամական միջոցներով: Նույնիսկ պաշտոնական տեղեկություններում շատ հաճախ դժվար է լինում թաքցնել դրանք:

Հայաստանում բոլորը խոսում են կոռուպցիայի, դրա դրսեւորումներից մեկի՝ կաշառակերության մասին, բայց փաստացի օրինակներով դեպքերի բացահայտումները բավականին քիչ են: Եւ մեծ խելք պետք է ունենալ՝ հասկանալու համար, թե ինչպես են հարստանում չինովնիկները հայրենի իրավապահ մարմինների լուռ համաձայնության ներքո:
Հիշեցնենք՝ ՀՀ «Հանրային ծառայողի» մասին օրենքի 24-րդ հոդվածի մեջ հստակ նշվում է, որ «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից»:
Սա օրինական դաշտում: Իսկ փաստացի ի՞նչ իրավիճակ է Հայաստանում: Դիտարկենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի օրինակը: Նա 2008-2010թթ. եղել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այստեղ էլ մեջբերենք ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը, ըստ որի՝ «Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:
Եւ, ահա, 2010թ. մարտի 1-ից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակված Արտակ Շաբոյանը, որը պաշտոնապես ստանում է տարեկան 2 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, պատկառելի ունեցվածքի տեր է: 40-ամյա Շաբոյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին տեղեկություն, ըստ որի՝ նա ունի 13 մլն դրամ փող: Հետաքրքիր է, թե ինչպես է Արտակ Շաբոյանին հաջողվել այդքան համեստ աշխատավարձով եւ ունեցվածքով 4 բնակարան գնել: ՀՀ շարքային քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ. տարեկան 2 մլն դրամի եկամուտ ունեցող մարդը ինչպես կարող է 4 տուն ունենալ:
Առեղծվածային են նաեւ Արտակ Շաբոյանի կնոջ՝ Քրիստինե Եղիազարյանի դրամական միջոցները: Նա ունի 16 մլն դրամ եւ 53 հազար ԱՄՆ դոլար: Շաբոյանի տնային տնտեսուհի կինը, պարզվում է, հայկական բանկերի համար բավականին վստահելի հաճախորդ է, եւ նրան 16 մլն դրամ եւ 71,020.00 դոլարի չափով վարկ են տվել: Տարակուսելի է, բայց փաստ: Թերեւս Արտակ Շաբոյանը իր ունեցվածքի մի մասը պարզապես «գրանցել» է կնոջ անունով՝ հնարավոր աղմուկից խուսափելու համար:
Ինչեւէ, դառնանք մեկ այլ հանձնաժողովի ղեկավարի ունեցվածքի հանրայնացմանը, որը եւս տարիներ շարունակ զբաղեցրել է պետական պաշտոններ՝ հասցնելով այդ ընթացքում մեծ հարստություն կուտակել: Հայաստանի էներգետիկ համակարգի այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուներից մեկը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով 2003թ. հուլիսի 2-ից մինչեւ օրս նույն պաշտոնն է զբաղեցնում: Իսկ մինչ այդ՝ 2001թ. հունվարից մինչեւ 2003թ. հունիսը, եղել է Երեւանի քաղաքապետը:
Նա պաշտոնապես ստանում է տարեկան մոտ 10 մլն դրամի եւ 8,300 դոլարի աշխատավարձ: Բայց տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա դրամական միջոցներն, ըստ 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի, կազմում են 9 մլն դրամ եւ 110 հազար ԱՄՆ դոլար: Հարուստ է նաեւ Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլանա Խառատյանը: Նա 2 մլն դրամի եւ 300 հազար ԱՄՆ դոլար կարողություն ունի: Տիկինը նաեւ փոխառություններ ունի. վարկերի դիմաց ստացված տոկոսը կազմում է 24 հազար 450 ԱՄՆ դոլար:
Ինչպե՞ս վարվել նման պաշտոնյաների հետ: Արդյո՞ք նրանք իրավունք ունեն պետության միջոցների հաշվին հարստանալ եւ շարունակել զբաղեցնել բարձր պաշտոններ: «Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցեց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ՝ հասկանալո համար՝ ինչպես կարող է պետական պաշտոնյան, բիզնեսով չզբաղվելով, միլիոններ կուտակել, եւ այս դեպքում իրավապահ մարմիններն ինչ քայլերի պետք է դիմեն:
Եղիազարյանը կարծիք հայտնեց՝ եթե իրավապահ մարմինները, այս դեպքում՝ դատախազությունը, իր գործով զբաղվի՝ բացահայտի եւ համապատասխան միջոցներ ձեռք առնի, ապա օրինախախտումներ չեն լինի: «Եթե օրենքով նախատեսված չէ, որ պաշտոնյան բիզնեսով զբաղվելու իրավունք ունի, ապա իրավապահները պետք է զբաղվեն բոլոր այն մարդկանցով, ովքեր օրինախախտներ են: Այս դեպքում կոնկրետ դատախազությունը պետք զբաղվի, ուղիղ դատախազությունը: Քննչական կոմիտեն դրա հետ գործ չունի, այն նախաքննություն է իրականացնում: Դրանում ուղիղ պետք է զբաղվի դատախազությունը»,-նշեց նա:
Դե ինչ, մնում է սպասել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները բողոքում են «Փարկինգ սիթի» ՓԲԸ-ի կատարած վերահաշվարկներից: Բանն այն է, որ մեքենաների փոփոխության կամ վաճառքի դեպքում վճարովի ավտոկայանատեղիների համար տարեկան վճարված գումարը ընկերությունը հետ է վերադարձնում պակաս հաշվարկով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հետաքրքրվում են` արդյոք վճարովի կայանատեղիների համար վճարված 12 հազար դրամը մեքենան վաճառելուց հետո հետ է վերադարձվո՞ւմ, թե՞ ոչ:
-Օրինական ընթացակարգ կա, քանի որ քաղաքացին վճարումը կատարում է Երեւանի քաղաքապետարանի բյուջե, գումարի վերադարձի կամ վերահաշվարկի համար պետք է դիմել քաղաքապետարան: Եթե մեքենան վաճառվել է, ապա գումարի մնացորդային մասը հետ է վերադարձվում: Իսկ եթե քաղաքացին մեքենան վաճառում է եւ մեկ այլ պետհամարանիշ է գրանցած լինում, ապա մնացած գումարը կարող է օգտագործել այդ պետհամարանիշի համար:
-Իսկ հետ վերադաձնելու կարգն ինչպիսի՞ն է: Վճարած գումարի որքա՞ն մասն է հետ վերադարձվում:
-Եթե քաղաքացին 12 հազար դրամ վճարել է եւ պահանջում է այն հետ վերադարձնել, այդ ժամանակ կատարվում է վերահաշվարկ՝ քաղաքացուն նախընտրելի ցանկացած դրույքաչափով: Օրինակ՝ եթե օգտագործել է երկու ամիս, ըստ այդմ՝ գանձվում է այդ երկու ամիսների գումարը, իսկ մյուս մասը վերադարձվում է նրան:
-Բայց քաղաքացիները դժգոհում են, որ սահմանվածից քիչ գումար է հետ վերադարձվում…
-Բայց ինչու քիչ գումար, մարդիկ ինչքան պարտավոր են վճարել այդքանն էլ գանձվում է: Ավել ոչինչ չի գանձվում: Ամսական տուրքը կազմում է 2000 դրամ…
-Եթե սահմանված է տարեկան 12 հազար դրամ, ստացվում է` ամսական 1000 դրամ: Այս դեպքում ինչո՞ւ եք քաղաքացուց երկու ամսվա համար գանձում 4000 դրամ:
-Դրա համար Երեւանի ավագանին որոշում է կայացրել, ըստ որի՝ ամսական տուրքը կազմում է 2000 դրամ, տարեկանը՝ 12 հազար դրամ: Հիմա քաղաքացին է նախընտրում՝ տարեկա՞ն վճարի, թե՞ ամսական, բայց երբ գալիս է տուրքի վերահաշվարկ անելու ժամանակը, այլ դրույքաչափ չկա, որ հաշվարկվի:
-Դուք ժամանակին հայտարարել էիք, որ ընկերությունը վնասով է աշխատում: Հիմա՞ էլ է այդպես:
-Հիմնադիրների կողմից ներդրումներ են ներգրավվում, որի արդյունքում էլ ընկերությունը գոյատեւում է: Մոտակա երեք տարիների ընթացքում ընկերությունը վնասով կաշխատի մինչեւ ներդրումներ կապահովենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը շարունակում իր գործունեությունը:
-Որովհետեւ չորս տարի հետո կսկսենք շահույթ ստանալ: Մի փոքր այլ կերպ էր նախատեսված, բայց մեր կանխատեսումները այդքան էլ ճիշտ դուրս չեկան: Բայց հիմա նոր կանխատեսումների արդյունքում, հույս ունենք, որ ընկերությունը կսկսի շահույթով աշխատել:
-Այսինքն՝ ընկերությունը վաճառքի չի՞ հանվելու:
-Ընկերության վաճառքի հանվելու գաղափարը դեռ ուժի մեջ է: Եթե ցանկացողներ կան, կարող ենք քննարկել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ՀԵՂՀԵՂՈՒԿ ՍԱՀՄԱՆ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Ռիտա Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի 10-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում արգելված վայրով՝ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, ապօրինի, առանց պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ապա Վրաստանի Հանրապետության տարածքից անցել է ՀՀ տարածք:

Ռ. Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահման հատելը»): Սույն քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Այս օրերին նույն դատարանում քննվում է հայ-վրացական սահմանի խախտման եւս մի դեպք: Երեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արման Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վալտեր Կավալյանի եւ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնության գալով, Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքով հոսող Դեբեդ գետով ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստանի տարածք:
Ա. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում: Ա. Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան, Պտղավան գյուղերի հատվածներում ավարտված չէ հայ-վրացական սահմանի դեմարկացիան: Եվ եթե սահմանագծում չկա, ինչպե՞ս է որոշվում պետական սահմանը: Այն համարվում է Դեբեդ գետը, սակայն վարարումներից հետո գետը փոխում է իր հունը: Վրաստանին սահմանակից Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի վկայությամբ՝ 2008թ. գարնանը վարարած Դեբեդը իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա մակերես, որից 7000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Վերջին տարիներին գետի հայկական ափին հեղեղումների դեմ ափապաշտպան պատնեշներ չեն կառուցվել, ուստի Դեբեդի վարարումների արդյունքում նվազում է Հայաստանի տարածքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս