ԷՊՈՍԱԳԵՏԸ ՓԱԿՎԵՑ ԱԳՌԱՎԱՔԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն
եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ`
երեկոյան, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու,
իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Նրան կալանավորելու միջնորդությամբ
դատարան էր դիմել ԱԱԾ-ն: Ինչպես եւ սպասվում էր, Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ
նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված սպանության փորձ
պատվիրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով` ՀՀ նախագահի թեկնածուի
քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից
զրկելու փորձ պատվիրելը):
Նշենք, որ երեկ`
կեսօրին էլ, ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին կատարել էպոսագետին պատկանող
մեքենայում, աշխատավայրում, անգամ տանը: Երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Սեդրակյանից
հետաքրքրվեց, թե ինչ խուզարկություններ են կատարվում, նա ասաց, որ տեղյակ չէ այդ
գործընթացից ու ընդհանրապես իրեն ձերբակալելու լուրերին հումորով է վերաբերում:
Ժամեր անց հումորը դարձավ դառն իրականություն, եւ նրան տեղափոխեցին ԱՆ «Կենտրոն»
քրեակատարողական հիմնարկ:
Այսպիսով`
էպոսագետ ներկայացող թեկնածուի երկու կանխատեսումներից մեկը` իրեն ձերբակալելու
մասով, թեկուզ 13 օր ուշացումով, այնուամենայնիվ, իրականացավ: Իսկ 81 տոկոս քվեն
նա այդպես էլ չհավաքեց` փակվելով իր Ագռավաքարում` ԿԳԲ-ի «պադվալում», առնվազն
երկու ամսով: Տեսնենք, թե երբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի:




Լրահոս