ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՆ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԱԲԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած համայնքային ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորը նշել էր, որ ինքը կարող է ներկայացնել կտրոնները: Նրա այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանից մինչեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «իրար էին խառնվել»՝ պարզելու համար, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին նման տեղեկություն: Արդեն 15 օր է անցել պատգամավորի հայտարարությունից, սակայն վերջինս իր ասածն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ իշխանությունները Մանուկյանին երկու օր ժամանակ էին տվել` փաստեր ներկայացնելու համար, սակայն պատգամավորը մինչ օրս խոստացված կտրոնները չի ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից պարզել, թե որն է պատճառը, որ նա իր խոստացած կտրոնները չի ներկայացնում իշխանություններին: Ա. Մանուկյանին կարծես թե դուր չեկավ մեր հարցը. «Ես ինչ ասել եմ, ճիշտ էր»,-դժգոհ տոնով վստահեցրեց նա, իսկ մեր ճշտող հարցին, թե, ի վերջո, ում է ներկայացրել իր կողմից խոստացված փաստերը, պատգամավորը արձագանքեց, թե չի ցանկանում մեզ մանրամասներ ասել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն այն պատգամավորներից է, ով այդ օրերին մոտեցել էր Արամ Մանուկյանին ու խնդրել իրենց փաստեր ներկայացնել, քանի որ իրենք անձամբ են հետեւել Մարալիկի ընտրություններին եւ կտրոն բաժանելու որեւէ դեպք չեն արձանագրել: Ա. Մանուկյանը ՀՀԿ-ական պատգամավորին եւս խոստացել էր մի քանի օրվա ընթացքում փաստեր ներկայացնել: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Արամ Մանուկյանը այդ կտրոնների օրինակները հենց իրեն է փոխանցել:
-Դուք ճիշտ եք, ես դիմել եմ իմ գործընկեր Արամ Մանուկյանին ու ասել եմ հետեւյալը՝ եթե Դուք ներկայացնում եք փաստ, որը կհաստատի Ձեր հայտարարությունը, ապա դա քրեորեն պատժելի արարք է, ու ես Ձեզ հետ միասին ձեռնամուխ կլինեմ այդ խնդրի լուծմանը: Ես ինքս նախաձեռնողը կլինեմ՝ պատժելու այն մարդկանց, որոնք թույլ են տվել որեւիցե խախտում: Դա եղել է մեր պայմանավորվածությունը, ինքն ասաց, որ այդ ամենը ներկայացնելու է վարչապետին, ես էլ ասացի` ցույց տվեք վարչապետին, լրագրողներին, հանրությանը, բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են: Բայց քանի որ ես վստահ եմ, համոզված եմ՝ նման բան չկա, ասացի, որ Դուք չեք կարող ցույց տալ, քանի որ ուղղակի Ձեզ խաբել են, Ձեզ գցել են թյուրիմացության մեջ, եւ Դուք զուր եք պրովոկացիաներին հավատացել: Եվ հիմա ես էլ եմ սպասում, որ իմ գործընկերը կներկայացնի փաստեր:
-Սակայն Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայտարարությունը ճիշտ էր, ու փաստերն էլ ներկայացվել են: Գուցե Դո՞ւք տեղյակ չեք ներկայացված այդ փաստերից:
-Որտե՞ղ է, ո՞ւմ է ներկայացրել: Ես խնդրել եմ, որ ոչ թե տա ինձ այդ փաստը, այլ որեւէ մի տեղ այն հրապարակի, ցույց տա այդ փաստաթուղթը, որը ինչ-որ ձեւով կապացուցի իր հայտարարությունը: Ես նորից եմ կրկնում՝ որպեսզի ձեռնամուխ լինենք համապատասխան գործողությունների, թող ցույց տա այդ փաստերը, ես ասել եմ՝ Ձեզ հետ միասին քրեական գործ կհարուցենք այն անձանց դեմ, որոնք նման բան են թույլ տվել: Այսինքն՝ այնքան կտրուկ էր իմ մոտեցումը, որ եթե կար նման բան, ապա ինքը պետք է շահագրգիռ լիներ, առաջինը ինձ այդ փաստերը ցույց տալու համար: Թող չտրամադրեր ինձ այդ փաստերը, կարող էր ընդամենը ցույց տալ ինձ, լրագրողներին, հանրությանը: Երբ ես խոսում էի Արամ Մանուկյանի հետ, մեզ մոտեցավ նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը նույն հարցով, որովհետեւ ընտրությունների օրը ինքն էր այնտեղ եղել, ինքը տեղյակ մարդ էր, ու իրեն էլ էր հետաքրքիր: Ի՞նչ է նշանակում բաժանել ՀԷՑ-ի կտրոն՝ քաղաքական պատվեր կատարել, ի՞նչ է դա նշանակում:
-Եթե Արամ Մանուկյանին չի հաջողվում ապացուցել իր հայտարարության հավաստիությունը, ապա ի՞նչ պետք է այդ դեպքում անի ընդդիմադիր պատգամավորը, արդյո՞ք պետք է ներողություն խնդրի հանրությունից՝ ապատեղեկատվություն ներկայացնելու համար:
-Ես իմ գործընկեր Արամ Մանուկյանին հարգանքով եմ վերաբերվում, չնայած ինքը պարբերաբար այլոց ցանկությունները կատարելու հարցում հայտնվում է նման իրավիճակնում, բայց, այնուհանդերձ, ես խնդիր չունեմ, որ ներողություն խնդրի, ես ուղղակի կցանկանայի, որ ինքը հերքեր իր հայտարարությունը: Քանի որ ինքը չունի փաստեր, ինքը հայտարարեր, որ իրականում նման բան չի եղել, ու ինձ թյուրիմացության մեջ են գցել: Ես կուզենայի, որ դա ինքը աներ: Այն ամբիոնից, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, այդ նույն ամբիոնից ինքը պետք է ասի՝ ինքն ունի փաստեր, թե ոչ, եթե չունի, ապա պետք է նույն ամբիոնից հերքի: Ո՞ւմ է ներկայացրել այդ փաստերը, կարող է նաեւ դրա մասին հայտարարել, ես իրեն խոստացել եմ, եթե նման փաստ լինի, ապա այդ փաստի առթիվ պետք է համապատասխան գործընթացներ սկսվեն՝ նախաձեռնողն էլ լինելու եմ ինքս:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ա. Մանուկյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, երբ իրականում փաստեր չուներ:
-Ինձ թվում է՝ տեղից սխալ ինֆորմացիա են տրամադարել իմ գործընկերոջը, ու ինքը առանց փաստերը ճշտելու՝ ուղղակի հայտարարություն է արել: Ինքը չէր մտածում, որ իրենից փաստեր կպահանջեն, ինչպես նաեւ կնշեն, որ եթե իրականում նման բան կա, իրենք միասին կպատժեն: Իրեն թվում էր, թե դա լինելու է շարքային հայտարարություն, որն արվում ու գնում է:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե Աժ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀԷՑ-ի կողմից կտրոնների տրամադրման վերաբերյալ փաստեր ներկայացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Կառավարությունից, սակայն, մեզ պատասխանեցին, որ Արամ Մանուկյանի կողմից մինչ օրս որեւէ փաստ չի ներկայացվել:

 

 

 

 

 

 

 

 
ԱՅՎԱԶՅԱՆԸ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԷՐ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը: Հիմնական զեկուցողը ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն էր, որին պատգամավորները հարցեր ուղղեցին: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցերի շուրջ բուռն բանավեճ ծավալվեց:

«Ժամանակը չէ՞ հարմարեցվող թվաբանությունից, նկարչությունից հրաժարվել ու ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել»,- դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին` հարցրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նրան միացավ Հրանտ Բագրատյանը` երկրորդելով ԱՎԾ-ի մատուցած տեղեկատվության անարժանահավատության մասին հարցադրումը, ինչը հունից հանեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին:
«Քաղաքական մեծամասնությունը նրա համար է, որ պաշտպանի Կառավարությանը: Եկած-չեկած շուտ սկսեցիք գոռգոռալ: Նիստը ղեկավարողը ես եմ սխալմամբ, թյուրիմացաբար՝ ոմանց համար, բարեբախտաբար՝ ոմանց համար: Թե չէ, եկար-չեկար՝ սկսեցիր գոռգոռալը: Օրենքի վերաբերյալ հարց ունե՞ս»,-փորձեց ընդդիմադիր պատգամավորին «տեղը դնել» Այվազյանը, ինչին ի պատասխան՝ Բագրատյանը նշեց. «Հանգիստ նստի՛, մենք հարցերը կտանք»:
«Հանգիստ եղի՛, հեսա նենց հարցեր կտանք, պարոն Մնացականյանը բավարարված կմնա: Պետք է էնպես անես, որ թողնես, էս նիստերը կայանան»,-խորհուրդ տվեց Հ. Բագրատյանը: Այվազյանն էլ արձագանքեց.«Ես վախեցած մարդ եմ, ինձ վախեցնել պետք չի»: Իսկ այս փոխհրաձգության «մեղավորը»` ԱՎԾ պետ Ս. Մնացականյանը, նկատեց, որ տարբեր երկրների ծառայություններ ժողովրդագրական տարբեր վիճակագություն են վարում: Ըստ նրա՝ ՀՀ-ում սկզբնական տվյալների կորուստներ են լինում, օրինակ՝ հեռավոր գյուղերում մայրերը ոչ միշտ են երեխայի ծնունդը գրանցում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒԲԼԸ
Ինչպես հայտնի է՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը երեկ իր տանն ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրել էր իր եւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսակցության սղագրությունը: Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը: Այն, մեղմ ասած, տհաճ բովանդակություն է ունեցել, ինչն էլ Հակոբյանին հիմք է տվել կարծել, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում իրեն ծեծի ենթարկողներին հովանավորում է Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին իրավապահները վերծանում են այդ զրույցի ձայնագրությունը: Եթե հաստատվի, որ իսկապես Հայրապետյանն է կանգնած Հակոբյանին ծեծելու պատմության թիկունքում, ապա վերջին մեկուկես ամսում նա արդեն երկրորդ անգամ մարդ ծեծելու համար իրավապահների ուշադրության կենտրոնում կհայտնվի: Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին էլ Հայրապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծելու համար: Բայց Հայրապետյանը պատասխանատվության չենթարկվեց, քանի որ ծեծվածը հայտարարեց, թե նրա դեմ բողոք չունի:

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի գանձել 720 հազար դրամ: Կոտայքի ՀՏ-ն նաեւ միջնորդել է, որպեսզի կոնցեռնի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի եւ գործով նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանն այն բավարարել է: Հիշեցնենք, որ «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանին:

 

ԳԱԼՈՒ ԵՆ ՊԱՐԶԵՆ
Սեպտեմբերի 1-ին «Մոր եւ մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում վիրահատվելու արդյունքում մահացած Կարինե Աղաբեկյանի մահվան պատճառների փորձաքննության արդյունքներն ուշանում են: Մեր տեղեկություններով՝ եզրակացության ուշանալու հանգամանքը մահացած կնոջ հարազատներին անհանգստացրել է, եւ նրանք պատրաստվում են հոկտեմբերի 5-ի պարզաբանում ստանալու համար Վարդենիսից գալ Երեւան, իհարկե, եթե մինչ այդ պատասխանը չստացվի:

 

ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկու ավիատոմս է գնել Երեւան-Վիեննա-Բուխարեստ-Վիեննա-Երեւան ուղղությամբ: Մեկը բիզնես կարգի՝ 661 հազար դրամ, մյուսը՝ էկոնոմ՝ 425 հազար դրամ արժեքով: Հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ն կարողացավ «լուծել» էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ուստի բնական է, որ այս կառույցի անդամները պետք է սկսեն բիզնես կարգով թռչել: Լավ է, որ նախագահական ինքնաթիռով ման չեն գալիս: Ի դեպ, մեկնելու են այսօր, իսկ վերադառնալու են հոկտեմբերի 8-ին:




Լրահոս