ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՇՈՒՏՈՎ ԿԱՊՐԵՆՔ ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը՝ 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոր Սահմանադրության վերջնական նախագիծը պատգամավորներին բաժանվել է երեկ առավոտյան՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ միայն: Մինչդեռ փաստաթուղթը պատգամավորները պետք է ստանային հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ օրենսդիրները, նախագծին առանց ծանոթանալու, սեղմել են «կոճակները»: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, «թիմը» ներկայացնող պատգամավորները՝ ի դեմս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի, երեկ չմասնակցեցին նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը: Ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի, որով կնշանակվի հանրավքեի օր. ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 6-ը: Ու եթե հանրաքվեն «այո» ձայների գերակշռությամբ անցնի, նշանակում է, որ մենք դեկտեմբերի 7-ին կարթնանանք միանգամայն այլ Հայաստանում, որտեղ պատգամավորներն այսուհետ կկարդան նախագծերը քվեարկելուց առաջ, որտեղ կլինեն բացառապես պատասխանատվության զգացողություն ունեցող պատգամավորներ եւ այլն: Մի խոսքով՝ լիովին այլ Հայաստանում:

 

 

 

 
Մի քանի օր է՝ խաղողագործներից «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Մասիսի մասնաճյուղում խաղող հանձնելիս ինչ-որ միջնորդներ են իրենց մոտենում, որոնք խաղողն իրենցից գնում են էժան՝ 70-80 դրամով, բայց 10-ից 20 դրամ բարձր գնով այն արտահերթ կարգով վաճառում են գործարանին: Գյուղացիները հաճախ ստիպված են լինում համաձայնել՝ խուսափելով մի քանի օր հերթ կանգնելու հեռանկարից: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց. «Կոմբինատը մթերում է այն խաղողագործների խաղողը, որոնց հետ նախկինում ունեցել է կնքած պայմանագիր: Մարդիկ ներկայանում են լիազորագրերով, եւ այդ դեպքում բացառություն է արվում, եւ խաղողն ընդունվում է առանց պայմանագրի: Սակայն ուրիշ դեպքեր բացառվում են: Գործարանի տնօրինությունը հավաստիացնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իրենք վերահսկում են գործընթացը»:

 

 

 

 
Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, գրավի դիմաց ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեում ընթացող նախաքննության արդյունքների համաձայն՝ տուժող Հարություն Զաքարյանին ծանր վնասվածքը հասցրել է գործով անցնող մեկ այլ մեղադրյալ՝ Յուրա Մանուչարյանը, սակայն մեր տեղեկություններով՝ իրականում Զաքարյանները պարզել են, որ Հարությունին հիմնական ծեծողը եղել է հենց Դերենիկ Ղեւոնդյանը, որը դեպքի վայր է գնացել մարզպետի որդու դրդմամբ: Ի դեպ, ՀՀ Քկոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի այս գործով մեղադրյալները ազատության մեջ հայտնվեն, բայց մեղքը մյուս գերատեսչությունների ուսերին է բարդում: Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակվելու որոշման պատասխանատվության մեղքը ՔԿ-ն ներկայացրեց իբրեւ դատախազության որոշում, այս դեպքում էլ «մեղավորը» դատարանն է: Իսկ քննիչների ուսերին հրեշտակի թեւիկներն են պակասում:

 

 

 

 
Այն օրերին, երբ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված բոլորը քննարկում էին Էրեբունի-Երեւան տոնակատարությունները անցկացնել-չանցկացնելու հարցը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է խնդրին «վերջակետ դնել»: Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում «Երեւանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների մասին»: Ըստ այդմ, սահմավել են միջոցառումների անցկացման օրերը՝ հոկտեմբերի 10-ից 11-ը: ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է աջակցել Երեւանի քաղաքապետին տոնական միջոցառումների կազմակերպման գործում, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պետք է ապահովի էլէներգիայի անխափան մատակարարումը, ՀՀ ոստիկանապետին էլ հանձնարարվել է ապահովել միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանությունը: Այլ կերպ ասած՝ վարչապետը «Էրեբունի-Երեւան» միջոցառումների կազմակերպման որոշման պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ «փրկելով» Տարոն Մարգարյանին:

 

 

 

 

 
ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ իշխանական քարոզչամեքենան առաջիկայում լծվելու է հանրաքվեի քարոզարշավին՝ մեծամասամբ չհասկանալով, թե ինչու են մեր երկրին անհրաժեշտ այդ փոփոխությունները:
Նախագծին դեմ քվեարկեցին 10 պատգամավորները՝ ՀԱԿ խմբակցությունից՝ ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ խմբակցությունից՝ ղեկավար Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը: Ընդդիմադիր մորթու տակ թաքնված, բայց կողմ քվեարկողների թվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսան Արզումանյանը: Իսկ ձեռնպահ քվեարկողները, բնականաբար, սկզբունքային ՕԵԿ-ականներն էին՝ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի համար գերխնդիր համարվող «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ այսօր արդեն այն կուղարկվի ՀՀ նախագահի նստավայր: Ս. Սարգսյանը պետք է 7-օրյա ժամկետում վավերացնի փաստաթուղթը եւ նշանակի հանրաքվեի օր: Թե ինչ է տալու հանրաքվեն ու այդ սահմանադրական փոփոխությունները մեր երկրին, բացի կոլեկտիվ անպատասխանատվության ամրագրումից, դժվար է ասել: Երեկվա քվեարկությունը ի ցույց դրեց իրողությունն առ այն, որ սկզբունքային գործիչները, ամպագոռգոռ քննադատները բոլորը գլխիկոր քվեարկեցին ու անցկացրին նախագիծը: Այդպիսին կլինի նաեւ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում. կքվեարկեն բոլոր այն նախագծերը, որոնք կթելադրվեն «պոլիտբյուրոյի» քարտուղարի՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից:
Եւ դատելով ՀՀ ոստիկանության կողմից ցուցաբերված երեկվա ագրեսիայից «Ոչ»-ի շարժման անդամների նկատմամբ՝ կարելի է ենթադրել, որ արդեն կայացված է քաղաքական որոշումը հանրաքվեն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ: Եւ ով ակտիվանա, ուժայինների հետ խնդիրներ է ունենալու:
Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի շարժման ստվերային ղեկավարը ԲՀԿ-ից մազապուրծ ՀՀ երկրորդ նախագահի թիմն է, իսկ բացահայտ լոկոմոտիվի դերը փորձում է ստանձնել ՀԱԿ-ը: Եւ նրանց ամեն գնով լռեցնելու, հանդարտեցնելու քայլեր են արվելու: Ու այսքանից հետո մի հարց է մնում անպատասխան. արդյո՞ք բռնությամբ ու զոռբայությամբ ընդունված փաստաթուղթը կարող է ժողովրդավարություն ապահովել, ինչպես քարոզում են ՀՀԿ-ականները: Անհավատալի է:




Լրահոս