ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին Հայաստանի հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից էին վերջին աղմկոտ եւ ակնհայտ մութ կողմեր ունեցող խոշոր գործարքները:

Նախ օգոստոսին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց, հատուկ այդ գործարքի համար նոր ստեղծված «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությանը: Իսկ սեպտեմբերի կեսին էլ պաշտոնապես հաստատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու լուրերը: Ի սկզբանե հայտարարվեց, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը լինելու է օֆշորում գրանցված մի անհայտ ընկերություն` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» անունով: Բայց հոկտեմբերի 1-ին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը ինքն է գնել:
Հայաստանի ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը ինքնին մութ եւ խայտառակ գործարքների մի շարան է: Ի դեպ, համընդհանուր ընկալում կա, թե իբր Հայաստանի ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը, որը նաեւ ընդունված է որակել որպես թալան, տեղի է ունեցել ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Սակայն իրականությունն այլ է: ՀՀՇ-ն փաստացի ձեռնարկությունների ընդամենը չնչին մասը հասցրեց սեփականաշնորհել, ավելին՝ դրանց մեջ չկար եւ ոչ մի խոշոր ձեռնարկություն: Խորհրդային Հայաստանի գույքը հիմնականում «մեջ-մեջ» է արել Ռոբերտ Քոչարյանը:
«Հայգազարդ»-ի մասնավորեցման մասին այսօր շատ քչերն են հիշում, բայց հենց այդ գործարքով սկսվեց Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունները ռուսական ընկերություններին վաճառելու գործընթացը: «Հայգազարդը» այսօրվա «Գազպրոմ Արմենիայի» նախապապն է: Ինչպես հայտնի է՝ 1991-ից Հայաստանի գազամատակարարումը դադարեցվեց եւ մի քանի տարի առանց շահագործման մնալուց հետո համակարգն ամբողջությամբ քայքայվեց: 1995-ին, երբ Հայաստանի գազամատակարարման համակարգի վերականգման ակտիվ աշխատանքները սկսվեցին, այդ գործընթացն հիմնականում իրականացվում էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցության եւ ֆրանսիական «GAZ de France»-ի խորհրդատվությամբ: 1996-ի Հայաստանի գազամատակարարումը վերսկսվեց: Սակայն բոլորի համար անակնկալ 1997-ի հունվարին ստեղծվեց հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որի հիմնադիրներն էին ռուսական «ԻՏԵՌԱ» ընկերությունը եւ ՀՀ կառավարությունը: «Հայգազարդը» իրավական տեսանկյունից շարունակեց գործել, բայց ընկերությանը մնացին միայն համակարգի պարտքերը, իսկ կապիտալն ամբողջությամբ փոխանցվեց «ՀայՌուսգազարդին»: Ի սկզբանե այդպես էլ չհրապարակվեց, թե հայ-ռուսական ընկերության բաժնետոմսերը ինչպես էին բաշխվել: Վերջին հրապարակված տվյալի համաձայն՝ ռուսական կողմին պատկանել է բաժնետոմսերի 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը` ՀՀ կառավարությանը: Տնտեսական տեսանկյունից այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայաստանն ինչու իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի ամբողջ համակարգ ինչպես այդպես հեշտությամբ նվիրեց թեկուզ իր դաշնակցին: Հիշեցնենք, որ 1997-ի հունվարին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում մի կերպ էր հաջողվել 1996-ի սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո պահպանել իր իշխանությունը: Հայաստանի անկախության տարիներին բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են իշխանության ղեկին կանգնածներն իրենց դիրքը պահպանելու համար Հայաստանի գույքը մաս-մաս տվել ռուսական ընկերություններին:
Ինչեւէ, ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասն էլ անցած տարի 150 մլն դոլարի պարտքի դիմաց տրվեց ռուսական «Գազպրոմին» եւ նախկին «ՀայՌուսգազարդն» այսօր արդեն «Գազպրոմ Արմենիա» է:
«ԱրմենՏել» ընկերության մասնավորեցմանը ՀՀ իշխանությունները սկսել էին պատրաստվել դեռ 1995-ից, սակայն մինչեւ 1998-ի փետրվարն այդ ընկերությունը շարունակում էր մնալ պետության կառավարման ներքո, քանի որ բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում էր ՀՀ կառավարությանը: 1998-ի փետրվարին, այսինքն՝ երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, եւ երկրի կառավարման ղեկը գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, երբ բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչ է լինելու առաջիկայում, ՀՀ կառավարությունն արագացված կարգով վաճառեց իրեն պատկանող բաժնետոմսերը հունական «ՕՏԵ»-ին: Այդ գործարքի արժեքը այդպես էլ չհրապարակվեց: Սակայն այդ տարիներին շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարքի կարեւոր կողմը ոչ թե գինն է եղել, այլ «վերխը»: Իսկ հունական ընկերությունն էլ պատահական չի ընտրվել: Ինչպես հայտնի է՝ հույներին հատկապես 90-ականների վերջին, հայկական անցուդարձը շատ հարազատ էր, եւ շահավետ գործարքի համար «վերխ» տալը նրանց համար եւս սովորական բնույթ էր կրում: Այն ժամանակ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավը 1998-ին հենց «ԱրմենՏելի» վաճառքի շնորհիվ է ֆինանսավորվել: Հիշեցնենք, որ 1997-ին Արցախից Հայաստան տեղափոխվելիս Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, ոչինչ չի ունեցել: Բայց դա Քոչարյանին չխանգարեց 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ բոլորին «իրենով անել»: Ասում են՝ այդ ժամանակ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ էին գնել յուրաքանչյուրին, ով կհամաձայներ ընդունել նրա իշխանությունը եւ չհակադրվել: Ինչեւէ, 2006-ին «ՕՏԵ»-ն իր բաժնետոմսերը մոտ 400 մլն եվրոյով վաճառեց ռուսական «Վիմպելկոմին», եւ դրանից հետո «ԱրմենՏելը» սկսեց հանդես գալ «Բիլայն» ապրանքանիշով:
«Նաիրիտի» մասնավորեցման պատմությունը մութ գործարքների մի ամբողջ լաբիրինթոս է: Եթե որեւէ մեկին հաջողվի ամբողջությամբ նկարագրել երբեմնի քիմիական գիգանտի փոշիացման գործընթացը, ապա գործնականում մի քանի հատորանոց աշխատություն կստացվի: Արձանագրենք միայն այն, որ 2000 թվականից սկսած այս գործարանի հետ կապված մեկ տասնյակից ավել առքուվաճառքի, նույնքան էլ գրավադրման պայմանագրեր են կնքվել: Մոտավոր հաշվարկներով, ինչ-որ մարդիկ, բնականաբար ՀՀ կառավարության վերին օղակներում նստած, «Նաիրիտի» հետ կապված թղթաբանությունների միջոցով մոտ 500 մլն դոլար գումար են իրենց գրպանները դրել: Վերջին 15 տարիներին «Նաիրիտի» ոսկեբեր գետակից «օգտվել» են բոլորը` սկսած Ռոբերտ Քոչարյանից եւ վերջացրած Սերժ Սարգսյանով: Ու դեռ գործընթացը ավարտին չի հասել:
շարունակելի

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԴԱՀԿ-Ի «ՓԱՄՓԵՐՍՆԵՐԸ»
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ եւ արտադրամասեր, այլեւ մանկական տակդիրներ (փամփերս): ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների եւ գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով: 4-րդ համարի մանկական 134 փաթեթ տակդիրն արժի 502 հազար դրամ, իսկ 5-րդ համարի 504 փաթեթ տակդիրը՝ մոտ 2 մլն դրամ: Մանկական տակդիրները գտնվում են Արմավիրի մարզում: Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից: ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադրության են: Այնպես որ, կարող եք չշտապել, դրանք մինչեւ 2017 թվականը դեռեւս օգտագործման ենթակա են:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի կինն իրենից հարուստ է: Այսպես, դատավորի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 50 հազար դոլար եւ 46 մլն դրամ: Օհանյանի՝ որպես դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 784 հազար դրամ: Ըստ հայտարարագրի, նա անցած տարի աշխատավարձից բացի նաեւ 9 մլն դրամի այլ եկամուտ է ունեցել, իսկ թե որտեղից, չի հրապարակվում: Դատավորի կինը՝ Տաթեւիկ Օհանյանը, ում ամսական աշխատավարձը կազմում է 23 հազար դրամ, հայտարարագրել է 10 մլն դրամ, 32 հազար դոլար եւ 80 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց: Ի դեպ, դատավորի կինը անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 130 հազար ռուսական ռուբլի: Մեր պաշտոնյաների կանանց շրջանում նման «նվերներ» ստանալն արդեն ավանդույթ է դարձել:

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
«Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանն է, ֆինանսների նախարարության կողմից սիմվոլիկ տուգանքի է ենթարկվել: Նշված ընկերության մասնագետ Վանուշ Բարսեղյանը 2015-ի սեպտեմբերի 11-ին արտահանում մաքսային ընթացակարգով հայտարարագրել է թանկարժեք քարերով ոսկյա զարդեր: Սակայն հետագայում դիմելով մաքսային ծառայությանը՝ տեղեկացրել է, որ հայտարարագրում սխալ է թույլ տվել եւ պետք է շտկի: Արդյունքում, որոշվել է ընկերությանը տուգանել 50 հազար դրամի չափով: Իհարկե, հասկանալի է, որ ադամանդի բիզնեսով զբաղվողի մի սխալը կարող է միլիոններ արժենալ, ուստի տարօրինակ է, որ բավարարվել են տխրահռչակ Գագիկ Աբրահամյանի նվազագույն տուգանքով:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲՈՒՔԻՔԻՈՆ ՀՈՒՍՈՎ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել եւ բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել: Իր հերթին Բուքիքիոն հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, եւ դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:

 

ԵՐՐՈՐԴ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ԵՏՄ շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի եւ ԵՏՄ մարմինների որոշումների պարզաբանման հետ կապված դիմումներով հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչել արդարադատության նախարարությանը:

 

ԳԵՐԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

 

ՃԱԿԱՏՆ ԸՆԴ ՃԱԿԱՏ
«Հստակ ասվեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության, ինչպես նաեւ «Հայկական վերածնունդ»-ի կողմից արված առաջարկների մի մասը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների մեջ, իսկ մյուս մասը` ոչ»: ՕԵԿ «կիսախառը» քվեարկությունն այդպես է հիմնավորել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` Armlur.am-ի հետ զրույցում նշելով.««Ոչ»-ի ճակատ դեռեւս չեմ տեսնում: Դեռեւս չի ձեւավորվել այնպիսի ճակատ, որ դա համարվի ճակատ, եւ չի ձեւավորվի այնպիսի ճակատ, ինչպիսին ձեւավորել է «Հայկական վերածնունդը»:




Լրահոս