ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախության օրվա առթիվ երգիչ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելուց հետո հայ հանրության շրջանում կրքերը թեժացել էին: Մինչ օրս էլ չեն դադարում քննարկումներն այն մասին, թե արդյոք Արմենչիկն արժանի էր այդ կոչմանը: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը եւ ՀՀ մշակույթի նախարարություն` պարզելու` ի վերջո, ով է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին:

Նշենք, որ յուրաքանչյուր պետական պարգեւ կամ պատվավոր կոչում շնորհելու համար օրենքով սահմանված են համապատասխան հիմքեր: ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորվում է՝ հիմք ընդունելով «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին բարձր վարպետության եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Մենք ՀՀ մշակույթի նախարարությունից հարցրինք` երգիչ Արմենչիկին վաստակավորի կոչում շնորհելու հարցում կոնկրետ ում կարծիքն է հաշվի առնվել, եւ խնդրեցինք թվել անուններ: Մեր այս եւ մյուս հարցերը մնացին անպատասխան: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել այդ հարցերին եւ վկայակոչեց կոչումներ շնորհելու կարգը: Այսինքն` նախարարությունից փաստացիորեն հրաժարվեցին պատասխանել մեր գրավոր հարցմանը, որտեղ խնդրել էինք նաեւ նախարարության արձագանքը` Արմենչիկի` վաստակավորի կոչում ստանալուց հետո հանրության շրջանում տիրող դժգոհությունների առթիվ:
Քանի որ 2014 թվականի օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա, այլ կերպ ասած՝ միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք, «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը հարցում ուղղեց` պարզելու համար, որ պաշտոնատար անձինք են միջնորդել 2015-ին Էռնա Յուզբաշյանին, Հարութ Փամբուկչյանին, Արմեն Գոնդրաչյանին վաստակավորի կոչումներ շնորհելու հարցում: Եվ, մասնավորապես, ով է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին: Նախագահականից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական, հասարակական, տնտեսական, մշակութային եւ այլ գործիչների հետ տարիների ընթացքում բազմաբնույթ հանդիպումների, քննարկումների ընթացքում, նաեւ տարբեր հասարակական, մշակութային եւ այլ միջոցառումների շրջանակներում, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր եղանակով ստացված առաջարկություններն ամփոփվում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից եւ արդյունքում Հանրապետության նախագահին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ:
Նախագահականից, սակայն, մեր նշած եւ ոչ մի արտիստի վերաբերյալ չեն ներկայացվել անուններ, չի նշվել, թե մասնավորապես ում կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելով են շնորհվել վաստակավորի կոչումներ, մեր հարցին պատասխանել են մասնակի. «Հայտնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված անձանց ՀՀ պատվավոր կոչումները շնորհվել են վերը հիշատակված եղանակով` տարբեր տարիներին արված բանավոր առաջարկությունների հիման վրա»: Թե ովքեր են այդ բանավոր առաջարկությունների հեղինակները, մնում է անհայտ:
Ի դեպ, մենք նախագահի աշխատակազմից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է նախկինում միջնորդության հարցը լուծվել, օրինակ՝ վաստակավոր արտիստներ Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի, Կամո Սեյրանյանի դեպքում: Մեզ պատասխանեցին, որ այս անձինք պարգեւատրվել են մինչեւ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» գործող օրենքի ուժի մեջ մտնելը (09.08.2014թ.), երբ դեռեւս գործում էր «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը (11.06.2004թ.), հետեւաբար նրանց պարգեւատրելիս միջնորդություններ ներկայացնելու հարցը կարգավորվել է այդ ժամանակահատվածում գործող օրենքով սահմանված կարգով: Օրենքի 22-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում էր. «Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաեւ լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով»:
Այսինքն` այս դեպքում եւս նախագահականից որեւէ ստեղծագործական միության, պետական մարմնի կոնկրետ անուն չեն հայտնել` բավարարվելով միայն համապատասխան օրենքի մեջբերմամբ:

 

 
«7 ՈՒ ԿԵՍ»-Ի ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՍԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞

«Ֆուրորե», «Բեռնարդ շոու», «Լավագույններից լավագույնը» եւ այլ վարկանիշային հեռուստածրագրերից հայտնի հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում, նրա մոտ, ինչպես ինքն է ասում, հետկադրային տրամադրություն է: «Հիմա բեմական գործունեությամբ եմ զբաղված, կոմերցիոն բնույթի ներկայացումների վրա եմ աշխատում, ի դեպ, այժմ ստեղծագործական խմբով նոր ներկայացում ենք պատրաստում, որի մասին փակագծեր բացել դեռ չեմ կարող: Դա է պատճառը, որ հեռուստատեսության համար այլեւս ժամանակ չի մնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Արմենը:

Արդյոք ստեղծագործական խումբը, որի մասին խոսում է Արմենը, կապ ունի «7 ու կես» հումորային նախագծի կազմի հետ, եւ արդյոք իրեն, Արտյոմին, Ռաֆոյին, Հովոյին, Հայկոյին եւ Մկոյին հնարավոր կլինի երբեւէ կրկին միասին, մեկ նախագծի շուրջ տեսնել: Մեր այս հարցին հումորիստը պատասխանեց. «Նոր ներկայացման կազմը «7 ու կես»-ի կազմի հետ կապ ե՛ւ ունի, ե՛ւ չունի, ի դեպ, կա մեկ այլ թիմ, որի հետ աշխատում ենք դեռ իննսունականներից, խոսքը «Զսպանակ»-ի մասին է: Իսկ ինչ վերաբերում է «7 ու կես»-ի կազմը վերականգնելուն, ապա, իհարկե, երբեք չի կարելի ասել երբեք, սակայն գնալով դրա հավանականությունը նվազում է, իմ կարծիքով` 99 տոկոսով դա չի լինի»:
Փոխարենը, Արմենի խոսքով, չի բացառվում, որ ինքն ու Արտյոմ Մարկոսյանը կրկին միասին հանդես գան որեւէ հեռուստանախագծում. «Արտյոմի հետ միշտ ունենում ենք նոր մտքեր, հիմա զբաղված ենք բեմական աշխատանքով: Ճիշտն ասած` ես էլ, Արտյոմն էլ լավ պատկերացնում ենք, թե ինչ կարելի է անել` բարձր վարկանիշով հաղորդում ունենալու համար, սակայն չենք ուզում անել: Բանն այն է, որ չենք պատկերացնում` ինչ կարելի է անել, որ այն դուր գա հեռուստադիտողների մեծամասնությանը, միեւնույն ժամանակ, որ մենք էլ մեր աշխատանքը հաճույքով կատարենք…»,-մեկնաբանեց նա:
Արմենի խոսքով` ինքը հեռուստատեսությունից պարբերաբար առաջարկներ է ստանում, բայց այն կարծիքին է, որ իր` մի քանի ձմերուկ բռնելու տարիքն անցել է: Ամեն դեպքում, եթե ստեղծագործական լայն հնարավորություններով հաղորդում վարելու հնարավորություն լինի, կընդունի առաջարկը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ
ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն ու պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։
Ինչպես նշում է armenianweekly.com կայքը, համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին` նահանգի ամենահեղինակավոր արվեստի կենտրոններից մեկում` Bergen Performing Arts Center-ում:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացի անվանի երգչուհիներից՝ համերգին մասնակցելու են Նյու Ջերսիի «Նաիրի» պարային համույթն ու «Արեգակ» երգչախումբը։

 

 

ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
Գրականության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը: Բելառուս գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչը բուքմեյքերների կողմից, որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը, նշվում էր արդեն 2013 թվականին: Բայց այդ տարի պարգեւն ստացավ կանադացի գրող Էլիս Մանրոն: Ալեքսիեւիչի գրչին են պատկանում «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստական-վավերագրական գրքերը եւ այլ ստեղծագործություններ: Ալեքսիեւիչն արդեն ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական) եւ այլ գրական մրցանակներ:

 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Էմմա Ասատրյանի հարսանեկան արարողությունը։ Ջազ երգչուհու ընտրյալը երաժիշտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանն է, ով դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ բազմիցս ելույթ է ունեցել եվրոպական բեմերում։
Զույգի հարսանեկան խնջույքին, որը տեղի է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում, ներկա են եղել նրանց հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ բազմաթիվ երաժիշտներ ու երգիչներ, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում շնորհավորել են նորապսակներին եւ բազում մաղթանքներ հղել:




Լրահոս