Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որ վերաբերում է հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի շենքի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ոստիկանության գործողություններին: Օմբուդսմենը մասնավորապես նշել է, որ հատկապես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պարտականությունների կատարման ընթացքում չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, որոշակի դեպքերում հուզական վարքագիծ է դրսևորել, անհարգալից է խոսել հավաքի մասնակիցների և նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ տեղյակ չէ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մասին: Այդուհանդերձ, փոխոստիկանապետը նշեց, որ իր գործառույթները եղել են չափված, օրենքի սահմաններում. «Այնտեղ և՛ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ կային, և՛ ակցիայի այլ մասնակիցներ: Ես խորհուրդ եմ տալիս, որ ՄԻՊ-ը ոչ թե փորձի ոստիկանների մեջ ամեն ինչը փնտրել, այլ ուսումնասիրի: Ես ինձ թույլ չեմ տալիս որևէ անօրինական բան: Ինչ վերաբերում է իմ զսպվածությանը, իմ գործառույթները չափված են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հ.Գ. Ի դեպ, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Անկախության 24-ամյակի կապակցությամբ Հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին աստիճանի մեդալով պարգևատրվել է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: