«ՄԵՆՔ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, ով վերջերս հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր կերպարի, իրավիճակային կոմեդիաների նախկին եւ ներկայիս մոտեցումների, ամուսնու հետ աշխատելու եւ իրենց համատեղ ընտանեկան կյանքի մասին:

-Նարինե՛, սիթքոմում խոհարարուհու դերը Ձեզ ինչո՞վ է գրավել:
-Ինձ գրավել է սիթքոմում զբաղված լինելու փաստը: Թեեւ ես ցանկացած ժանրում ինձ լիարժեք եմ զգում, սիրում եմ զբաղված լինել խորություն ունեցող գործերում, բայց սիրում եմ նաեւ աշխատել այն ժանրում, որը թեթեւություն է պարունակում. ուրախություն պարգեւելը հաճելի բան է:
-Համենայն դեպս, Դուք առաջին անգամ չէ, որ սիթքոմում նկարահանվում եք: Տարիներ առաջ հանդես էիք գալիս «Իմ տունը քո տունը չէ» հումորային ծրագրում: Իրավիճակային կոմեդիայի բովանդակությունը եւ մատուցումը տարիների ընթացքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել մեզ մոտ:
-«Իմ տունը քո տունը չէ»-ն այն տարիների համար առաջին քայլն էր իրավիճակային կոմեդիան էկրանից ներկայացնելու առումով: Առհասարակ, պահանջները տարիների ընթացքում չեն փոխվել, սակայն փոխվել է մատուցումը: Հիմա դեկորացիաները, գույները, այն ամենը, ինչ վիզուալ ազդեցություն է ունենում, բավական նորացվել են, դարձել աչք շոյող: Մի բան էլ կա. նախկինում ամբողջ խմբով` դերասանական խումբն էլ հետը, մասնակցում էինք սցենարի ստեղծմանը, իսկ այսօր նման բան չկա, դերասաններին ուղղորդում են, նրանք պատրաստի ստանում են սցենարը եւ խաղում: Արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է:
-Դուք, ծնված լինելով Գյումրիում, գյումրեցիներին հատուկ հումորի ազդեցությունը Ձեզ վրա զգացե՞լ եք, գուցե ծննդավայրի կոլորիտն է՞լ է նպաստել, որ կոմեդիան այդքան սիրեք:
-Թեեւ հիմա Գյումրիում քիչ թվով հարազատներ ունեմ, բայց հենց հանդիպում ենք, մի բան ենք քննարկում, մեկ էլ ասում են` մե քիչ ըմ մտածե էդ թեմայի շուրջ…: Միշտ հաշվի եմ նստում նրանց կարծիքի հետ: Վերջերս տղաս Գյումրու մասին փոքրիկ ֆիլմ էր նկարահանել, եկել էր տուն անչափ տպավորված, ասում էր` էդ ինչ հումոր ունեն էդ մարդիկ, ասում է` իրավիճակը չնկարագրած` միանգամից սկսում են բեմադրել… Կուզենամ, որ այդ մարդկանց ներքին ուրախությունը պահպանվի, երկրաշարժից գոնե տարիներ անց Գյումրին տեսնեմ վերածնված, մարդկանց` բարեկեցիկ կյանքով ապրելիս:
-Նարինե՛, իսկ թատրոնում կա՞ նոր բեմադրություն, հետաքրքիր է` այսօր հայ հանդիսատեսին հե՞շտ է ծիծաղ պարգեւելը:
-Հիմա թատրոնում քննարկում ենք Երվանդ Օտյանի «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» գործը, ես խաղալու եմ գլխավոր դերերից մեկը, ներկայացվելու է արդիական խոսք` հետաքրքիր մեկնաբանությամբ: Ինչ վերաբերում է հանդիսատեսին ծիծաղեցնելուն, ապա նշեմ, որ դա ինձ համար միշտ շատ դժվար է եղել, քանի որ նախանշած ունեմ հումորի մի սանդղակ, որից փորձում եմ չիջնել, հնարավորինս խուսափում եմ էժանագին հումորի միջոցով ծիծաղ կորզելուց: Իսկ, առհասարակ, հայն իր տեսակով հոգսառատ է, միշտ մի մեծ, անհասկանալի դարդ ունի, ու էդ դարդը հետը տանում է… Ու եթե մի հայ մտածելու բան չունենա, կլինի գեր ու անհետաքրքիր (ծիծաղում է):
-Հեռուստադիտողը Ձեզ սովոր է տեսնել Ձեր ամուսնու` դերասան Վարուժան Մանուկյանի հետ: Այս հանգամանքը երբեմն Ձեզ երկուսիդ` որպես անհատ ստեղծագործողներ, չի խանգարո՞ւմ: Կրկին միասին հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Տարօրինակ մի բան է ստացվում. այնքան ենք միասին ստեղծագործել, որ որեւէ մեկն այլեւս մեզ իրարից առանձին որեւէ նախագծում չի պատկերացնում: Նույնիսկ ընկերական հավաքույթներին, երբ մեզանից մեկը ներկա չի լինում, մեր ընկերները կիսատության զգացում են ունենում: Վարուժանի հետ մենք շատ հետաքրքիր աշխատանք ենք տանում, լավ գիտենք իրար, ունենք հետաքրքիր նախագծերի գաղափարներ, հիմա մեր համագործակցությունը ժամանակավոր դադարի փուլում է, բայց մենք անկանխատեսելի ընտանիք ենք (ծիծաղում է), ապագան ցույց կտա` ինչ կլինի:
-Թատրոնում Դուք խաղում եք ե՛ւ դրամատիկ, ե՛ւ կոմեդիկ կերպարներ, արդյո՞ք որպես կին էլ այս կերպարները ստիպված չեք լինում կերտել նաեւ կյանքում, մեկը մյուսին հաջորդող հոգեվիճակներում կարողանո՞ւմ եք Ձեզ նույնքան վարպետորեն դրսեւորել, որքան բեմում:
-Այս երկու կերպարներն անընդհատ հաջորդում են իրար, պարբերաբար ե՛ւ խաղում ենք կյանքում, ե՛ւ բացառում ենք խաղը, եւ այդ իրավիճակներում մնում է կա՛մ պարտվել, կա՛մ պատվով դուրս գալ դրանցից ու ծափահարությունների արժանանալ: Իսկ դա երբեմն ստացվում է, երբեմն ոչ, քանի որ մինչեւ կին լինելը, դու նախ եւ առաջ մարդ ես` քո բոլոր թուլություններով հանդերձ: Ես շատ էմոցիոնալ եմ, եւ եթե այդպիսին չեղա, ուրեմն մեռել եմ: Ահավոր շուտ եմ բռնկվում, եւ շատ շուտ էլ անցնում է բարկությունս: Իսկ Վարուժանն ավելի հանգիստ տեսակ է, թեեւ մեր միջի զիջողը ես եմ: Մեր ընտանիքում շատ հազվադեպ են վեճեր լինում, եթե լինում էլ են, հինգ րոպեից հաշտվում ենք, թեեւ մեր համատեղ կյանքը ցույց է տվել, որ կարելի է ընդհանուր հայտարարի չգալ, բայց միասին երջանիկ լինել…

 

 

 

 
«ՍՐՏԱՆՑ ԲԱՆ ՉԻ ԱՐՎՈՒՄ… ԵՐԵՎԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է…»

Երգիչ Արթուր Իսպիրյանը դուետներով հանդես գալու մի քանի ծրագրեր ունի, որոնք, սակայն, կիսատ են մնացել. մարդիկ, որոնց հետ նա աշխատում էր, երկրում չեն, եւ, ինչպես ինքն է նշում՝ չեն էլ պատրաստվում վերադառնալ: «Ով լավ երաժիշտ է, ուզում է այստեղից մեկնել, քանի որ երբեք չի գնահատվում: Լավագույն կադրերը հեռանում են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:

Երգիչն, ամեն դեպքում, ինչ գնով էլ լինի` մտածում է ստեղծել իր նվագախումբը եւ ներկայացնել այն երգերը, որոնք ինքը սիրում է. «Ստվերում եմ մնացել, բայց դուրս կգամ այդ ստվերից. երբեք ուշ չէ: Գալիս է մի պահ, որ տեսնում ես` արածդ ժողովրդին հասանելի չէ, ստիմուլ չես ստանում, ասում ես` էլ ինչու երեւամ: Հիմա աշխատում եմ Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի հետ: Իրենք էլ գործ չունեն, պարապ են մնացել, քանի որ հայկական էստրադայի օրիգինալ նոտագրությամբ երաժշտություն լսող չկա: Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգներ որ լինում են, ինձ էլ են հրավիրում…»,-ասաց նա:
Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում շնորհավորեց Երեւանի տոնը, սակայն «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները որակեց որպես ձեւական երեւույթ. «Սրտանց բան չի արվում, եթե սրտանց արվեր, Երեւանի մասին կմտածեին, այսպես չէին ավիրի այգիները, քաղաքի ճարտարապետական դեմքը… Մեղք է Երեւանը, բետոնապատ Երեւանը, ուզում եմ առողջ մայրաքաղաք տեսնել, Երեւանը հիվանդ է անգրագետ ճարտարապետների, ղեկավարների, նախագահների ագահության պատճառով: Պատճառն այն է, որ իրենք Երեւանում չեն մեծացել, Երեւանը չեն սիրում, որ Երեւանում մանկություն ունենային, այսպես դաժան չէին վերաբերվի մայրաքաղաքի հետ»:
Նա նաեւ նշեց, որ երկրից մեկնելու հնարավորություն ունի, բայց չի ուզում թողնել հայրենի քաղաքը. «Առանց Երեւան ես չկամ…Ուր էլ գնամ, կարոտը խեղդում է, ուզում եմ էլի գալ մեր բունը»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանն իր առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին:
Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում` մասնավորապես Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում կլինեն ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որոնց թվում են Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ եւ կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», Թոմաս Հարթվիգի «Հայուհին» ստեղծագործությունները:

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Երաժշտական աշխարհի 5 խոշոր դեմքեր` Բեյոնսեն, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը եւ Ջեյ Զին, որոշել են դատի տալ Eleven Paris-ին: Daily Mail-ի փոխանցմամբ` ֆրանսիական բրենդը վերջերս մարզաշապիկների շարք է վաճառքի հանել, որոնց վրա աստղերի անուններն ու պատկերներն են, սակայն դրա համար նրանցից թույլտվություն չի խնդրել: Աստղերն արդեն համապատասխան փաստաթղթերը փոխանցել են Նյու Յորքի դատական ատյան՝ նշելով հեղինակային իրավունքի 58 խախտման մասին: Աստղերի փաստաբանները հայտարարում են, որ իրենք զգուշացրել են ֆրանսիական բրենդին, սակայն վերջինս շարունակել է վաճառել իր արտադրանքը:

 

ԲՈՆԴԻ ԴԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Ավելի լավ է կտրեմ դաստակներս, քան նորից մարմնավորեմ Ջեյմս Բոնդին», – Time Out պարբերականին տված հարցազրույցում ասել է «Սպեկտր» ֆիլմում հանրահայտ լրտեսի դերը խաղացած Դենիել Քրեյգը:
Բրիտանացի դերասանը, ով բոլոր ժամանակների ամենահայտնի գործակալին մարմնավորել է 4 անգամ, հայտնել է, որ միակ բանը, որ նրան կարող է ստիպել եւս մեկ անգամ մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը, շատ փողը կարող է լինել: «Մեկ կամ երկու տարի գոնե չեմ ուզում մտածել դրա մասին», – ասել է 47-ամյա Քրեյգը:




Լրահոս