ԻՆՉՊԵ՞Ս ԵՂԱՎ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԸ ԵՏՄ-ՈՒՄ «ԱՌԱՋ ԸՆԿԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս պաշտոնական իրողություն կարելի է համարել այն, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ամենաքննադատված վարչապետը դառնում է ԵՏՄ-ի կառավարման գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Նախ՝ նկատենք, որ մինչ այս խոսք անգամ չէր եղել այն մասին, որ նշված կառույցի ղեկավարի պաշտոնում «հերթը» Հայաստանինն է, քանի որ ենթադրվում էր, որ Ռուսաստանից հետո այն անցնելու է Բելառուսին: Ինտրիգն ավելանում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ խնդիրը ռուսական կողմի ցանկությամբ է լուծում ստացել:
Իսկ ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները. իրականում, ըստ ԵՏՄ հիմնադիր փաստաթղթի, միայն հիմնադիր անդամները կարող են ռուսական այբբենարանի հերթականությամբ ունենալ ԵՏՄՀ կոլեգայի նախագահ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամ չէ: Հետեւաբար Բելառուսի նախագահության հերթն էր, քանի որ, որպես հիմնադիր, այբբենական կարգով պետք է հենց նրանք նախագահեին: Այդ նույն փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի նախագահության հերթը 8 տարուց էր հասնելու:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է վերջերս այդ փոփոխությունը օրակարգ մտել եւ այնպիսի հիմնավորումներով, որ անգամ հայերի նկատմամբ առանձնապես մեծ սեր չտածող Նորսուլթան Նազարբաեւը չի առարկել: Բանն այն է, որ Ղազախստանի նախագահության ժամկետը 12 տարի «հետ է ընկել»՝ դարձյալ այբբենական կարգով պայմանավորված: Անկասկած այս նախաձեռնությունը չէր կարող պայմանավորված չլինել անձնական մոտեցմամբ:
Եւ, ահա, այստեղ հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանի ինչին է պետք Տիգրան Սարգսյանը, որ իր պաշտոնավարման ողջ ընթացքում ամենամեղմ գնահատականներով համարվել է արեւմտյան «ուղղվածության» պաշտոնյա: Եւ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նրան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը համարվում էր լրիվ տրամաբանված եւ սպասելի: Թեեւ Տիգրան Սարգսյանը ուսանել է Պետերբուրգում ու նաեւ ռուսական կապեր ունի:
Ակնհայտ է, որ հատկապես աշխարհաքաղաքական այս փուլում ՌԴ-ն ցանկանում է ԱՄՆ-ի հետ ցանկացած կոնտակտ օգտագործել: Չի բացառվում, որ ռուսական կողմը միգուցե լրջորեն մտադրվել է իբրեւ ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական «շփումների խողովակ» օգտագործել նրանց իսկ աճեցրած Տիգրան Սարգսյանին: Իշխանական շրջանակներում մշտապես լուրեր են շրջանառվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետը սերտ կապեր ունի սպիտակ տան աշխատակազմում, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար կազմում, ազգային անվտանգության խորհրդում, ԱՄՆ կոնգրեսում եւ սենատում: Նրա՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվելն էլ նաեւ այդ հանգամանքներով էր պայմանավորված եղել: Մի խոսքով, ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնը եւս նրա «սիրուն աչքերի» կամ Հայաստանի տնտեսությունը քայքայելու հաջողված փորձերի համար չեն առաջարկել:
Նկատենք, որ ՀՀ նախկին վարչապետի այս «հայտնությունը» Հայաստանի իշխանական համակարգում եւս իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ իշխանական շատ օղակներ Սարգսյանին արդեն «դուրս էին գրել»: Իսկ այժմ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը նրա հետ կապված ինչ-որ «ծրագրեր» ունի: Ուստի հիմա փորձ է արվում հասկանալ, թե մինչեւ ուր կարող է զարգանալ այդ «ծրագիրը»: Իհարկե, հակառակ կարծիք ունեցողներ էլ կան, որոնք կարծում են, որ նոր նշանակումով Սերժ Սարգսյանը նախկին վարչապետին չորս տարով «հեռացնում» է Հայաստանի քաղաքական կյանքից:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Հայաստանի կառավարման համակարգում ամենաառանցքային պաշտոնները զբաղեցնելով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանն իրեն տրված իշխանության հարցում երբեւէ ավելիին չի ձգտել եւ բավարարվել է իրեն թողնված բաժինով: Իսկ նման կադրերն իշխանական համակարգի համար մշտապես «գանձի» արժեք ունեն, եւ հենց սա է պատճառը, որ նրանց ոչ թե լուսանցքում են թողնում, այլ ինչ-որ մի նոր գործառույթով են օժտում:
Ի դեպ, նոր պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւս քննարկումների թեմա է դարձել: Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, մինչեւ 2014-ի մայիսի 29-ին ստորագրված ԵՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելը, պաշտոնավարել է չորս տարի: Իսկ նույն փաստաթղթի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ ԵՏՄ ղեկավարը, այդ թվում նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողները, պաշտոնավարում են մեկ տարի եւ ռոտացիոն կարգով փոխվում են: Ուստի բնական հարց է ծագում՝ Տիգրան Սարգսյանը 2016-ի փետրվարի 1-ից սկսած քանի տարի է պաշտոնավարելու: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ նա պաշտոնավարելու է 4 տարի: Իսկ Հայաստանը ԵՏՄ-ում նախագահությունը կստանձնի մեկ տարով՝ 2016-ից:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Հայրենի կուսակցությունները չեն շտապում իրենց քարոզչական հիմնադրամները ստեղծել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկվա դրությամբ եւս որեւէ քաղաքական ուժ Կենտրոնական բանկ հայտ չի ներկայացրել հիմնադրամ ստեղծելու մասին: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունները չեն շտապում հիմնադրամ հիմնել, քանի որ այդ գումարները հիմնականում ծախսվելու են վճարովի եթեր ձեռք բերելու համար, իսկ հեռուստատեսությամբ քարոզչությունը եւ հակաքարոզչությունը սկսվելու է սահմանադրական հանրաքվեից մեկ ամիս առաջ: Հանրաքվեն, ինչպես հայտնի է, նշանակված է դեկտեմբերի 6-ին: «Այո»-ի ճակատի ներկայացուցիչները հայտարարում են, որ շտապելու բան չունեն, քանի որ «Ոչ»-ի ճակատը եւս այս ժամանակահատվածում ակտիվ հակաքարոզչություն չի իրականացնում:

 

ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆ
Շաբաթ օրը տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների հարցին: Քանի որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատել է, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսիյանից պարզել, թե ինչպես են իրենց «Ոչ»-ի քարոզարշավն իրականացնելու: «Մենք ձեւավորում ենք մեր շտաբը, որը համակարգելու է «Հայկական վերածնունդ»-ի անդամ կազմակերպություններին, ինչպես նաեւ մեր բոլոր հանձնաժողովի անդամների աշխատանքները: Առաջիկայում նախատեսում ենք ծրագրեր, թե ինչ պետք է իրականացվի: Բայց դեռեւս ոչ մի կոնկրետ քայլ՝ ինչ ենք անել, ինչպես ենք անելու, նման որոշում դեռեւս չի քննարկվել»,- ասաց մեր զրուցակիցը:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՌՈՐ
Այն, որ մեր կառավարությունը բյուջեն հավաքագրելու համար այս տարվա սկզբից հարկային տեռոր է սկսել, «ժողովուրդ»-ը դրա մասին բազմիցս է գրել: Երեկ այդ հանգամանքը ապացուցվեց նաեւ պաշտոնական տվյալներով: ՀՀ ՖՆ հարկային ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա 9 ամիսների ստուգումների վիճակագրությունը: Ըստ այդմ, իրականացվել է 162 ստուգում, որոնց արդյունքում պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը եղել 3 մլրդ դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ ստուգումների արդյունքում հարկայինը փորձում է պետբյուջեի մուտքերն ավելացնել մոտ 10 մլրդ դրամով, կամ նույն է թե՝ ընդհանուր պետբյուջեի 1 տոկոսի չափով: Հարկային տեռորն այլ կերպ չի լինում:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՅՑԵԼԻ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մինչեւ տարեվերջ կայցելի Հայաստան: NEWS.am-ի փոխանցմամբ` նրա այցը նախատեսված է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, հենց այդ ժամանակահատվածում Հայաստանում տեղի է ունենալու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

 

5 ՏԱՐԵԿԱՆ
«Տաթեւեր» ճոպանուղին արդեն հինգ տարեկան է: Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղեւոր, միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում՝ շուրջ 90 հազար այցելու: Մինչեւ ճոպանուղու կառուցումը Տաթեւ այցելողների թիվը տարեկան չէր գերազանցում 7 հազարը:

 

ՉԵՆ ՄԻԱՆԱ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի միանա սահմանադրական փոփոխությունների շուրջ ձեւավորված ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի ճակատներին, կզբաղվի կուսակցաշինությամբ: Այս մասին երեկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: «Սերժ Սարգսյանը կվերարտադրվի ե՛ւ գործող, ե՛ւ նոր Սահմանադրության դեպքում: Դա կոմֆորտի հարց է: Մեր պայքարն ուղղված է գործող իշխանության դեմ, ինքը կվերարտադրվի շապիկով, թե վերարկուով, մենք պետք է դրա նկատմամբ անտարբեր լինենք»,- իրենց դիրքորոշումը հիմնավորել է Սիմոնյանը:

 

3 ՀԱԶԱՐ ԿՐԱԿՈՑ
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ՝ 82 մմ-ոց ականանետից (1 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3 հազար կրակոց:

 

ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին ասվել է «Հայկական վերածնունդի» կառավարման խորհրդի նիստում: Որոշվել է, որ միավորումը հանդես կգա որպես առանձին բեւեռ` իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող ուժերի աշխատանքները:

 

ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ
Արա Աբրահամյանի նպատակն ավելի շատ Հայաստանին ինչ-որ չափով օգնելն է, մնացածը երկրորդական է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանքից անմասն չմնալու հայտարարություններին` վստահեցրել է նրա եղբայրը` ՕԵԿ անդամ Սերյոժա Աբրահամյանը: «Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, բայց վերջնական որոշումն ինքը պետք է ընդունի: Կողմ ենք, որ ինքն իր պոտենցիալն օգտագործի ի նպաստ Հայաստանի զարգացման»:

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Հոկտեմբերի 15-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Թբիլիսի. մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մետաքսի ճանապարհի նախագծի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Թբիլիսիում Ճշմարիտյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի, ինչպես նաեւ Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ջան Մլադեկի, Ասիական զարգացման բանկի (ADB) փոխնախագահ Վենկաի Ժանգի, Չինաստանի Սինցզյան Ույգուր Ինքնավար Մարզի կառավարիչ Խուկերատ Զակիրի հետ:




Լրահոս