Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել. Կարեն Անդրեասյանը` Սամվել Ֆարմանյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ օմբունդսմեն Կարեն Անդրեասյանը:

«Ուզում եմ հանգստացնել իմ ընտանիքի անդամներին՝ ես ինձ վատ չեմ զգում: Ծանր էր, ընդունում եմ, սակայն ոչ թե քննադատությունը, բանավեճը, որի ընթացքում նաեւ շատ խելացի խորհուրդներ եղան, ծանր էր անարդարությունը: Ես չեմ պատրաստվում անհատական հակադարձել բազմաթիվ հնչած խայթոցներին, կսմիթներին, երանգավորված ուղղորդումներին, որ այլ տպավորություններ չստեղծվեն: Ես դրանց ամփոփված տեսքով կանդրադառնամ: Ուզում եմ այս դահլիճում ասել՝ երիտասարդությունը բոլոր եղած թերություններից ամենափոքրն է», – նշեց նա:

Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթին, որը վիրավորանքներով ու հեգնանքով էր լցված օմբուդսմենի հասցեին. «Լսելով բոլոր ելույթները՝ այսուհետեւ բոլոր 130 պատգամավորը ինձ համար մի կողմ, մեկը՝ այլ, խոսքը վերաբերում է տասնիններորդ համարի տակ հերթագրված պատգամավորին, որն իրեն դրսեւորեց պատգամավորական, մարդկային բոլոր էթիկայի կանոնների դեմ, քանի որ քննադատությունն էլ ունի իր սահման: Կային ելույթներ, որտեղ ասվածներն ինձ դուր չեկան, կար անարդարություն, սակայն որեւէ մեկը չուներ վատ ու կեղտոտ մոտիվացիա: Դրա համար ես խոսում եմ հարյուր երեսուն պատգամավորի եւ մեկի մասին, որը անում է ոչ բարոյական աշխատանք ու կատարում է որոշակի պատվեր: Ես բացատրեմ իմ խոսքի իմաստը՝ ես անձնական թշնամիներ չունեմ այս դահլիճում, նույնիսկ այդ մեկի հետ, սակայն եթե մարդը իջնում է այդ մակարդակի ու նման ելույթ ունենում, ուրեմն նշանակում է նրա հետեւում կանգնած ինչ-որ մեկի ոտքը տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել», – նշեց նա:




Լրահոս