Թուրքիան սառեցրել է Երեվան-Վան չվերթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նարեկավանք Տուրը” տարածել է հայտարարություն, որում հայտնում է, որ Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
“Նարեկավանք Տուրն” ափսոսանքով հայտնում է, որ երեկ, 2013 թ. մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը: Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական “Նարեկավանք Տուր” ընկերության, թուրքական “Բորաջեթ” ավիաընկերության և Վանի “Այանիս” տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազամիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից: Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը”:




Լրահոս