ՀԱՐԵՎԱՆԻ ԶԵՆՔԵՐՈՎ ԲՀԿ-ԱԿԱՆ «ԲԵՆԹԼԻ»-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները,  խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 UU 800 համարանիշի եւ «Bently» մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենքեր եւ ձերբակալել վարորդներին:
Նախ նկատենք, որ «Մոսկվիչկա»-ն պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Նրանք երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի որդիներն են: Ավելին, «Bently»-ն սպասարկում է հենց Աբրահամ Մանուկյանին:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ:
-Հաշվի առնելով այն իրողությունը, որ Դուք ԲՀԿ շտաբի պետն եք, Ձեր տղաների շուրջ տեղի ունեցող զարգացումները համարո՞ւմ եք քաղաքական հետապնդում, թե՞ ոչ:
-Ո՛չ, ազնվորեն չեմ տեսնում: Կասեմ, թե ինչու չեմ տեսնում, քանի որ իմ տղան այդ մեքենայի մեջ չի եղել: Ճիշտ է, այդ մեքենան մեր մեքենան է, բայց մեր տան անդամներից ոչ ոք այդտեղ չի եղել:
-Ինչպե՞ս է Ձեր սեփական մեքենայում այլ մարդ հայտնվել՝ այն էլ զենքով:
-Իմ տղաներն իրենց մեքենաները պարբերաբար տալիս են իրենց ընկերներին: Բարեկամներ էլ են եղել, որ խնդրել են մեր մեքենան, եւ մենք տվել ենք: Այս անգամ  մեր հարեւաններից մեկի տղան, որն իմ տղայի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, խնդրել է մեքենան, թե իբր ծանոթներից մեկը երեխա է ունեցել, գնանք, տուն տանենք: Այդ օրը մեզ ծանոթ այդ տղայի հետ են եղել երկու կամ երեք հոգի, որոնց ո՛չ ես, ո՛չ իմ տղաները բացարձակապես չենք ճանաչում, եւ այս ամենն իմ ընտանիքի հետ, կրկնում եմ, ոչ մի կապ չունի:
-Փաստորեն, իսկապես զենք է հայտնաբերվել մեքենայի մեջ, եւ ԲՀԿ-ն այս անգամ չի կարող ասել, թե Աշոտ Ավետիսյանի՝ Բանգլադեշի Համիկի օրինակով ոստիկանները «սարքել են»:
-Ո՛չ, կա փաստը, որ զենք եղել է: Ինչպե՞ս կարող եմ այդ փաստը հերքել: Բայց կրկնում եմ՝ այս ամենն իմ ընտանիքի հետ ոչ մի կապ չունի: Թե ինչու են իմ ընտանիքի եւ իմ անունը հոլովում, ես չգիտեմ:
-Ինքներդ Ձեզ համար պարզե՞լ եք՝ ոստիկաններին ինչպես հաջողվեց իմանալ, որ Ձեր մեքենայում զենք կա հենց այն օրը, երբ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկն այդ մեքենայում չեք: Գուցե ԲՀԿ-ի համար շատ ակտի՞վ եք աշխատում, եւ սա պարզապես Ձեզ ուղղված «մեսիջ» էր:
-Ես լավատես եմ կյանքի նկատմամբ, եւ հետո, մի ազգ ենք եւ մի ընտանիք: Չեմ ուզում հավատալ, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, ու հետո էլ, չեմ տեսնում ու չեմ էլ ուզում տեսնել այդ ամենը: Ժամանակը ցույց կտա, թե այս ամենն ինչ ենթատեքստ ունի: Եթե փաստը չլիներ, միգուցե այդպես մտածեի, բայց ես մտածում եմ, որ այսպես է եղել, քանի որ մեր հարեւանի տղան է մեքենան վարել, այդ երկու տղաներն էլ նստել են մեր մեքենան: Այդ անծանոթ տղաներին հետեւելիս են եղել, կասկածներ են ունեցել ու բռնել: Ես չեմ կարծում, որ իմ մեքենայի վրա են եկել, այլ գտնում եմ, որ այդ տղաների վրա են եկել, որտեղ որ իմ տղաները, փառք Աստծո, չեն եղել:
-Իսկ Ձեր տղաների հետ խոսե՞լ եք, ի՞նչ են մտածում այս մասին, ովքե՞ր են այդ երիտասարդները:
-Այո՛, խոսել եմ: Տղաներս այդ երկուսին էլ չեն ճանաչում, եւ միայն հարեւանի տղային գիտենք: Դե մենք էլ չենք զրուցել նրանց հետ, բացատրություն չենք պահանջել, քանի որ կալանավորված են:
-Դուք այս հարցով ո՞ւմ հետ եք զրուցել: Թեեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Դուբայում է, բայց տեղյակ պահե՞լ եք, թե ինչ է կատարվում:
-Դրա կարիքը չեմ տեսնում: Մի բան կարող եմ ավելացնել. եթե իմ տղան լիներ, եւ իր մոտ լինեին զենքերը, ուրեմն ինքն օրենքի տառով պետք է պատասխան տար՝ անկախ նրանից՝ ով ուզում է լիներ:
-Իսկ Ձեր նախկին կուսակից հանրապետականներից ինչ-որ մեկը փորձե՞լ է արձագանքել, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը, ինչու նման բան եղավ:
-Այո՛, բոլորն են զանգահարում եւ հետաքրքրվում:
-Կոնկրետ ովքե՞ր են հետաքրքրվել:
-Չէ՛, կներեք, դա խիստ անձնական է:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը կփորձի պարզել, թե ովքեր են եղել ԲՀԿ-ական պատգամավորի «փորձանքաբեր» հարեւաններն ու անծանոթները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս