Armenian text to speach

Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է կաշառք ստանալու և ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրական համայնքի նախկին ղեկավարը` Զարզանդ Կառլենի Բաբայանը, մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2012-2021 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից ստացել է խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, նույն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու ապօրինի գործընթացն իրականացնելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 3 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը նույն քաղաքացուն համոզելու և հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով խոչընդոտել է վերջինիս ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում:

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր տեղակալի միջոցով կազմակերպել է համայնքի բնակիչների կողմից փաստացի օգտագործվող հողատարածքները համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում նրանց օտարելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:




Մամուլի Տեսություն

Լրահոս