Իրանը չի մտնի ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ, քանի դեռ իր առաջադրած յոթ պայմանները չեն կատարվել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ երեքշաբթի օրը խորհրդարանի բաց նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ղալիբաֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու տնտեսական ճնշումները չեն փոխելու Թեհրանի դիրքորոշումը։ Նա նաև նախազգուշացրել է, որ ցանկացած սադրանքի Իրանը վճռական պատասխան կտա։
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ Ղալիբաֆը կարևորել է Բասիջի ուժերի դերը խաղաղության և անվտանգության վերականգնման գործում։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տասնամյակների փորձը ցույց է տվել, որ երբ ժողովուրդը ներգրավվում է գործընթացներում, խնդիրներն ավելի արագ են լուծվում։
Իրանի խորհրդարանի նախագահը նաև կոչ է արել պաշտոնյաներին և քաղաքացիներին ստեղծված զգայուն իրավիճակում պահպանել միասնականությունն ու համերաշխությունը՝ երկրի դեմ թշնամիների ծրագրերը ձախողելու համար։
ԱՄՆ նախագահի և ֆինանսների նախարարի վերջին հայտարարություններին ու սպառնալիքներին անդրադառնալով՝ Ղալիբաֆը նշել է, որ Իրանի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ։




























