ՖՈՒՏԲՈԼՆ ԷԼ ՄԵՆԱՇՆՈՐՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:3 հաշվով սեփական հարկի տակ պարտվեց Չեխիայի ընտրանուն՝ դրանով իսկ գրեթե անհնարին դարձնելով խմբում գոնե երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու եւ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Չնայած, ինչպես նշել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, իրենք թիմի առջեւ նման խնդիր չեն էլ դրել:
Ինչ որ է, անցնենք առաջ: Ցավալի է, բայց փաստ, որ օրեցօր, ժամ առ ժամ հօդս է ցնդում հայկական ֆուտբոլի վերելքի վերաբերյալ հեքիաթը: Դե, եթե մի երկրում որեւէ, տվյալ դեպքում՝ ֆուտբոլային հարցերը լուծում է մի հոգի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մարզաձեւը չի կարող զարգանալ: Պարզապես կարող են լինել առկայծումներ, որոնք, ցավոք, այդպես էլ լույս չեն դառնա: Ոմանց կարծիքով էլ՝ հավաքականում կան լավ ֆուտբոլիստներ, սակայն թիմը չունի խաղային ձեռագիր, իսկ դա արդեն գլխավոր մարզչի բացթողումն է: Իսկ իր սանիկին գլխավոր մարզիչ նշանակողն էլ նույն ՀՖՖ նախագահն է: Ահա այսպիսի փակ շրջան:
Հավաքականի խաղի վերաբերյալ քննարկումները թողնելով մասնագետներին՝ անդրադառնանք մեկ այլ խայտառակ երեւույթի, որը նորից ֆուտբոլային հանդիպումից առաջ եւ նրա ընթացքում է տեղի ունեցել: Խաղը սկսվել է ժամը 20:00-ին: Մինչ ժամը 19:00-ն առանց որեւէ հրմշտոցի կարելի էր մարզադաշտ մտնել, սակայն խաղի մեկնարկից րոպեներ առաջ ոստիկանները փակել էին մարզադաշտի մուտքերը եւ տոմս ունեցող հարյուրավոր մարզասերների թույլ չէին տալիս մտնել մարզադաշտ: Գրեթե համոզված ենք, որ դրա պատճառը բազմաթիվ մարդկանց՝ ծանոթ հսկիչի, ոստիկանի կամ այլ աշխատակցի օգնությամբ առանց տոմսի մարզադաշտ մուտքն ապահովելն է եղել: Բացի այդ, մեկ տեղի համար երկու տոմս է վաճառվել կամ կեղծ տոմսեր: Նույնը եղել է նաեւ Ռուսաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, անգամ Անդորրայի հետ խաղերում:
ՀՖՖ-ն թերեւս այս պատճառով էր մարզասերներին խնդրում մարզադաշտ ներկայանալ խաղից 2 ժամ առաջ, քանի որ գործում էր ոչ թե տոմս ունեցողը մտնում է մարզադաշտ, այլ ով շուտ գա, նա էլ կմտնի կարգախոսը: Ոմանք չեն էլ կարողացել հասնել մուտքի դռանը, սակայն համացանցում տարածված տեսանյութում պարզ երեւում է, որ մարդիկ տոմսով հասել են մարզադաշտի դռանն ու չեն կարողացել ներս մտնել:
Եվ այսքանից հետո Սերժ Սարգսյանը խոսում է լրատվամիջոցների կողմից երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու մասին: Ինչպե՞ս կարելի է չարձանագրել երկրում առկա իրողությունը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս