Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը նախօրեին ասուլիս էր հրավիրել` ահազանգելով, որ իշխանությունները շարունակում են   հետապնդումները: Անշուշտ, Օսկանյանի ստեղծած այս հիմնադրամի շուրջ ԱԱԾ գործողություններում ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չտեսնել քաղաքական բաղադրիչը, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ «Սիվիլիթաս»-ի շահերի պաշտպանության գործին են լծվել մի շարք օտարերկրյա դեսպաններ: Մասնավորապես նախօրեին կայացած ասուլիսում ԱԱԾ-ի գործողությունները քննադատել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի դեսպաններն ու Եվրամիության ներկայացուցիչը: Նրանց միացել է նաեւ Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը, որը միաժամանակ «Սիվիլնեթ»-ի թղթակիցն է: Օտարերկրյա դիվանագետները միաբերան նշել են, որ շատ կարեւորում են «Սիվիլիթաս»-ի նշանակությունը եւ իրենց թույլ են տվել գնահատել  հյուրընկալ երկրի իրավապահ համակարգի գործունեությունը: Մասնավորապես` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն ասել է. «Մենք հավատացած ենք, որ այստեղ հետաքննելու ոչինչ չկա ԱԱԾ-ի կամ որեւէ այլ կառույցի կողմից, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա», իսկ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ ավելի հեռուն է գնացել` նշելով. «…ներկայացվող մեղադրանքները պետք է հիմք ունենան: Մինչ օրս ես իրական հիմքերից տեղյակ չեմ: Չգիտեմ, ԱԱԾ-ն, իմ պատկերացմամբ, ուրույն կազմակերպություն է: Գերմանիայում դատախազությունը եւ ոստիկանությունն են զբաղվում նման հարցերով, փորձում են հիմքեր գտնել, մեղադրանք ներկայացնել, հետո ամեն ինչ գնում է դատարան: Հիմա չգիտեմ՝ ինչ հիմքերով է սա, չեմ հասկանում»: Հետեւելով օտարերկրյա դիվանագետների այս ոչ այնքան դիվանագիտական գնահատականներին` ակամայից հարց է առաջանում, թե որն է հենց Օսկանյանին ցուցաբերվող այսպիսի աջակցության պատճառը: Չէ՞ որ Հայաստանում վերջին տարիներին տեղի են ունեցել ժողովրդավարական արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման շատ ավելի աղաղակող դեպքեր, մինչդեռ երբեւէ օտարերկրյա դեսպաններն իրենց գնահատականներում այդքան միանշանակ եւ միասնական չեն եղել: Անգամ մարտի 1-ին, երբ 10 քաղաքացի զոհվեց, 182-ը վիրավորվեց, շուրջ 150 հոգի նետվեց բանտերը, 20 օր շարունակ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ կասեցվեց լրատվամիջոցների աշխատանքը, եվրոպացի դիվանագետներն իրենց գնահատականներում այդքան կատեգորիկ չէին: Նրանք նույնպիսի եռանդով չէին արձագանքում նաեւ, երբ Երեւանի կենտրոնում Օսկանյանի շեֆի հրահանգով հարյուրավոր ընտանիքների փողոց էին նետում` հանրային գերակա շահի անվան տակ ունեզրկելով կամ էլ` երբ անկախ լրատվամիջոցներ էին փակում: Ընդ որում, դա այն ժամանակահատվածում էր, երբ նույն Օսկանյանը զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնն ու այդ նույն եվրոպական դեսպաններին համոզում, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ծաղկում են ու ծլարձակում: Հետաքրքիր է, որն է դեսպանների` այդքան կարճ հիշողության իրական պատճառը:




Լրահոս