ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈ՞Ւ ԵՆ «ՉՈՐ ՓՈՂՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանի կառավարությունը շարունակում է «հաճելիորեն» զարմացնել հայ հասարակությանը երբեմն դրսեւորվող շռայլություններով:
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից` պահուստային ֆոնդի հաշվից, նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձի ենթարկված թեկնածուի` Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար 20 մլն 500 հազար դրամ, այսինքն` մոտ 50 հազար ԱՄՆ դոլար տարամադրելու մասին: Ուշագրավն այն է, որ այս որոշումը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է նիստից առաջ: Ընդ որում, գումարի չափը որոշվել է նախնական հաշվարկների համաձայն: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ Հայրիկյանի` արտերկրում բուժման ծախսերը կառավարությունն իր վրա է վերցրել` հաշվի առնելով նրա ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում:
Առաջին հայացքից սա մարդասիրական որոշում է. պետությունն իր վրա է վերցնում մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուի բուժման ծախսերը: Սակայն` միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Պ. Հայրիկյանի բուժման համար գումարը տրամադրվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարներից: Ասել է թե՝ Հայրիկյանի բուժման համար վճարում ենք մենք` հարկատուներս, առանց մեր համաձայնությունը տալու: Թեեւ նկատենք` ՀՀ պետական բյուջեի հաշվին 124 մլն դրամ` մոտ 340 հազար դոլար արժողության 2 բիոզուգարան ձեռք բերելուց հետո որեւէ աննպատակ ծախսի համար պետք չէ զարմանալ (հիշեցնենք, որ 170 հազար դոլար արժողության այդ 2 բիոզուգարաններից ոչ մեկն առ այսօր չի աշխատում. անսարք են):
Կառավարության երեկվա նիստում տեղի ուենցածը հատկանշական է մեկ այլ առումով. ՀՀ կառավարությունն առ այսօր որեւէ լումայի փոխհատուցում չի տվել 2008թ. մարտի 1-ի ո՛չ 10 զոհերի հարազատներին, ո՛չ վիրավորներին՝ չնայած ե՛ւ ընդդիմադիր գործիչները, ե՛ւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն այս 5 տարվա մեջ բազմիցս պահանջել են ՀՀ իշխանություններից փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին: Փոխարենը մարտի 1-ից անմիջապես հետո` հաշվված շաբաթների ընթացքում, կառավարությունը փոխհատուցել էր այդ օրը «թալանված» խանութների ու «վնասված» մեքենաների սեփականատերերին: Ավելին, 2003թ. առ այսօր` 10 տարի շարունակ, ՀՀ ԱԺ օրակարգում ընդգրկված է Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, որը ո՛չ Արթուր Բաղդասարյանի, ո՛չ Տիգրան Թորոսյանի, ո՛չ Սամվել Նիկոյանի եւ ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանի օրոք չեն դրել ԱԺ քննարկմանն ու վավերացմանը:
ԾՏՌ ՒՌվՈվրօ տՏþՑ ՐՏՎՈվրօ
Իսկ մինչ այդ նկատենք, որ ԵՄ-ն Հայաստանին մոտ 1 մլն եվրո է տրամադրում արտագաղթը կասեցնելու համար: People in Need կազմակերպության նախագահ Սառա Կրոդի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ստորագրած հռչակագրի համաձայն` արտագաղթը կանխելու ուղղությամբ ծրագրի շրջանակներում պետք է առաջին հերթին Հայաստանից արտագաղթել պատրաստվող մարդկանց հետ սոցիալական եւ հոգեբանական աշխատանք անցկացնել, նաեւ մարդկանց ապահովել աշխատանքով եւ կայուն աշխատավարձով: Փաստորեն, ԵՄ-ն արտագաղթը կանխելու համար գումար է տրամադրում ՀՀ կառավարությանը, որի ղեկավարը ժամանակին «կատակով» խրախուսել էր արտագաղթը: «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի»,-իր սկանդալային հարցազրույցում ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչպես է նման մտածողության տեր անձնավորությունը կանխելու արտագաղթը, դժվար չէ կռահել: Մանավանդ որ հատկացված գումարը ծախսվելու է, օրինակ, սոցիալական եւ հոգեբանական աշխատանքներ անցկացնելու վրա: ՀՀ կառավարությունը նման աշխատանքներ իրականացնելու, զանազան ծրագրերով դասախոսություններ կարդալու մեծ վարպետ է, որովհետեւ այդպես հրաշալի հնարավորություն է ստեղծվում «ատկատների» ու գումարներ լվանալու համար: Ինչպես հիշում եք, ժամանակին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 16.6 մլն դոլար է հատկացվել գյուղական համայնքների ներկայացուցիչների համար դասախոսությունների նպատակով, ըստ նրա` դասախոսությունների վրա ծախսված ահռելի գումարներն իրականում գրպանվել են: Հիմա, փաստորեն, գումարներ լվանալու հերթական հնարավորությունն է ստեղծվել: Այնպես որ, առա՛ջ Հայաստան:
Ու թերեւս այս գումարների մասին էր ակնարկում Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում՝ նշելով, թե վարչապետը կիսատ թողած գործեր ունի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս