ՐԱՖՖԻՆ ԼԻՍԿԱՅԻՆ ԺԱՄԱԴՐԵՑ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սուրբ Զատկի օրը՝ մարտի 31-ին,  պատրաստվում է դուրս գալ  ծոմից: Նա ապրիլի 1-ին՝ ժամը 10-ին, լինելու է Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւ այնտեղից սկսելու է շրջել Հայաստանի բոլոր քաղաքներով եւ գյուղերով՝ ամենքին կոչ անելով ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում:
«Այսօր (երեկ-Ս. Գ.) ինքնամաքրման ժամանակաշրջան է, ամեն մեկը պատասխանատու է իր ճանապարհի համար: Ավագ ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի խաչելության, թաղման օրը, որին կհետեւի Սուրբ Հարությունը, Հարությունը Քրիստոսի, մարդկության եւ Հայաստանի»,-իր ելույթի ժամանակ նշեց Հովհաննիսյանը: «Կիրակի օրը՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, հավատի, հայրենիքի, ապագայի համար իմ համեստ ծոմն ավարտելու եմ: Առանց ընդմիջման, կազդուրման, ձեզ հետ եւ համայն հայության հետ, հայերի եւ ազգային փոքրամասնությունների հետ, Արցախի եւ սփյուռքի հետ միասին պատրաստվելու ենք ապրիլի 9-ին: Ապրիլի 1-ից գործի ենք անցնելու Հայաստանում սահմանից սահման բոլոր մարզերում մեր քաղաքացիական մեծ բանակը հավաքելու՝ ապրիլի 9-ի համար»,-հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Այնուհետեւ հավելեց, որ ապրիլի 1-ին ինքը լինելու է Կապանում. «Այսօր «Հայկական ժամանակ»-ում ընթերցեցի պարոն մարզպետի միգուցե վերջին հարցազրույցը: Ինքը մի տեղ գրել է, որ պարոն Լիսկայի մականունը հպարտության համար է: Եթե ես իրեն խոցել եմ, ես իրեն կասեմ՝ պարո՛ն Խաչատրյան, ներողություն, որ ես միգուցե խոցել եմ Ձեր փխրուն հոգին: Կարող է՝ ինքը գնացել է եւ արցախյան ազատամարտում որոշ ծառայություն տվել: Եթե արել է, իր կյանքի այդ հատվածն արժանի է հարգանքի: Ոչ մեկը թող այդ հատվածի վրա ստվեր չգցի: Բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության եւ իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, կեղծավոր, սուտ բաներ է ասել… Ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ կեղտոտ արարածը, որ խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, ոչնչությո՛ւն է: Դու զրոյից ցածր ես: Եվ եթե Դուք սպառնում եք, որ իմ գլուխը պիտի ջարդեք, ես Ձեզ ժամադրում եմ Կապան երկուշաբթի՝ ժամը 10-ին, ժողովրդի առաջ»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր նամակագրությանը՝ Հովհաննիսյանն ասաց. «Հայ ժողովուրդը հանդես եկավ շատ պարզ, մաքուր հայկական ծրագրով: Կա՛մ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ հրաժարականը՝ նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կա՛մ ժողովրդի հետ՝ դա նշանակում է քաղաքացիներ, հասարակություն, ընդդիմություն՝ մեծամասնություն դարձած ժողովրդի հետ իշխանության կիսում: Հստա՞կ է: Մինչ օրս մեր բանական, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել, ոչ էլ որեւէ բովանդակային, շոշափելի պատասխան: Եվ փոխանակ մենք ածականներ տանք ներքեւից վերեւ, հատկապես շրջապատ մանկլավիկներին, իրենք են խոսում ածականներով՝ շոու, ինչ-որ բան հում է, կապրիզ, բռնազավթում: Մեր ժողովուրդը, ես վստահ եմ, միշտ պատրաստ է այն քաղաքական համալիր լուծումներին, որոնք հարգում են ժողովրդի տարրական իրավունքը: Մեր ժողովուրդը պատրաստ է լուծման: Սա բազար չէ: Նրանք, ովքեր խոսում են գործարքների մասին, իրենց կյանքն ապրել են գործարքով, պաշտոնակռվով»:
Հանրահավաքի վերջում հռետորն ընդ-գծեց, որ նախընտրում է ապրել Հայաստանի Հանրապետության համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս