Մի՞թե հանրապետականները մոռացել են «խոշոր ձկներին գլխից բռնելու» մասին Սերժ Սարգսյանի ունեցած հայտնի ելույթը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ելույթ ունենալով հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ, վերստին անդրադարձել էր Հայաստանում առկա կոռուպցիային. «Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ եւ չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական եւ քաղաքական հետեւանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել եւ պահպանել այն»,- նշել էր Միլսը:

Այն, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ միայն համապատասխանում են հայաստանյան իրականությանը, այլեւ այն ներկայացնում են դիվանագիտական մեղմասացությամբ` չի կարող հերքել Հայաստանում ապրող որեւէ բանական մարդ, եթե, իհարկե, նա չունի շատ կոնկրետ կուսակցական պատկանելություն եւ համապատասխան կաշկանդվածություն: Սակայն անգամ ՀՀԿ-ական լինելու հանգամանքը չպետք է որ ստիպեր այդ կուսացության կարկառուն պատգամավորներին այդքան նյարդային արձագանքելու ԱՄՆ դեսպանի խիստ իրավացի բարձրաձայնումներին: Ինչպես հիշում ենք՝ ամիսներ առաջ դեսպան Միլսի կողմից Հայաստանում կոռուպցիայի առկայության հիշատակումը խիստ վրդովվեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որը ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որակեց «մասնավոր կարծիք, որին պետք չէ լուրջ վերաբերվել»:

Երեկ էլ «Առավոտի» հետ զրույցում բավականին նյարդային է արձագանքել մեկ այլ ՀՀԿ-ական` Կորյուն Նահապետյանը` նշելով, որ օտար պետությունների ներկայացուցիչները որեւէ իրավունք չունեն միջամտելու երկրի ներքին գործերին. «Իհարկե, կարող են կարծիքներ հնչեցնել տարբեր երեւույթների կապակցությամբ, բայց միջամտություն ունենալ, ուղղորդել, նման բաները, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասել է Նահապետյանը:

Այս իրավիճակում առավել զավեշտալի հարցն այն է, թե ինչու են հանրապետականները «խաչ» տեսած վամպիրի նման ջղաձգվում, երբ որեւէ մեկը խոսում է առկա կոռուպցիայի մասին: Ի վերջո, հենց Հայաստանի կառավարությունն է մինչ այս իրականացրել 3 հակակոռուպցիոն ռազմավարություններ (ի դեպ, Արեւմուտքի ֆինանսավորմամբ), մեկի աշխատանքներն էլ ընթացքում են: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս բավականին մեծ թի առ արեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» ստեղծելու կապակցությամբ, այն դեպքում, երբ այդ խորհուրդը նախկինում եւս գոյություն էր ունեցել, թեեւ առավելապես ֆորմալ առումով:
Անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ականներն այդքան չեն ջղաձգվում, երբ տարբեր բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նույն Հ. Աբրահամյանը հանդես է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթներով: Եվ, ի վերջո, մի՞թե Հանրապետականները մոռացել են 2012թ. կառավարության նիստում Սերժ Սարգսյանի ունեցած հայտնի ելույթը` «խոշոր ձկներին գլխից բռնելու» մասին:




Լրահոս