ԱՏԿԱՏՆԵՐՈՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախկինում “Ժողովուրդ”-ն անդրադարձել է Տավուշի մարզային գրադարանի խնդրին: Գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ, սակայն առայժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի լարեր չեն անցկացվել, գրադարանի աշխատակիցները ստիպված իրենք են հոսանքի գծեր անցկացրել: 
Սպասարկման բաժնում տեղադրված եվրոպատուհանները բացելուց հետո չեն փակվում, ուստի գրադարանավարուհիները դրանք ընդհանրապես չեն բացում: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կան, նաեւ` խոնավության հետքեր: Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն անավարտ է մնացել: Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը` 20 հազար կտոր գրականություն, գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Մարզային գրադարանը ստացել է արդիական սարքավորումներ տեսասկավառակներ դիտելու համար: Սակայն քանի որ շենքի նորոգումը չի ավարտվել, այդ սարքավորումներն այդպես էլ մնում են պահեստավորված վիճակում: Նույն կերպ չի գործում գրադարանի ընթերցասրահը:
Շենքի երկրորդ հարկի ամրացման նպատակով այն ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել: Տավուշի մարզային գրադարանից տեղեկացանք, որ ներկայում վերանորոգման գործընթացը չի շարունակվում: Գրադարանի աշխատակիցներն ասացին, որ նորոգումն ավարտելու համար լրացուցիչ 20 միլիոն դրամ է հարկավոր: Սակայն ի սկզբանե 54 միլիոնը նախատեսված է եղել շենքի նորոգման գործն ամբողջությամբ կատարելու համար: Ո՞վ պետք է պատասխան տա թալանված փողերի եւ ձախողված գործի համար, ինչո՞ւ պետք է անբարեխիղճ շինարարի կիսատ թողած աշխատանքը շարունակելու համար պետբյուջեից եւս 20 միլիոն դրամ հատկացվի: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս