Տաշիր 2013-ը կկայանա մայիսի 18-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Տաշիր 2013”-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս տարի ազգային մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 18-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում: Մրցանակների հանձնման առիթով գալա համերգին կմասնակցեն աստղեր Ռուսաստանից եւ Եվրոպայից՝ Մարգարիտա Պոզոյանը, Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Աբրահամ Ռուսոն, Քրիստինա Օրբակայտեն, Լյուբով Ուսպենսկայան, ինչպես նաեւ աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը:
“Տաշիր 2013” մրցանակ կշնորհվի հետեւյալ անվանակարգերում.
“Լավագույն զուգերգ”, “Լավագույն երգչուհի”, “Լավագույն երգիչ”, “Տարվա առաջընթաց”, “Հայաստանի բարեկամ”: Ներկայացված են հետեւյալ կատարողների անունները` Թաթա Սիմոնյան, Արման Հովհաննիսյան, Արմենչիկ, Սիրուշո, Լիլիթ Հովհաննիսյան, Քրիստինե Պեպելյան, Մարտին Մկրտչյան, Կամո Սեյրանյան, Ռազմիկ Ամյան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան միջազգային Grammy եւ World Music Awards մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band ավանգարդ ֆոլք-ջազ խումբը, 2008 եւ 2009 թվականների “Եվրատեսիլ”-ի մասնակիցներ Սիրուշոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները: Երեկոյի իսկական զարդը կդառնան “Notre Dame de Paris” մյուզիքլի ճանաչված կատարողներ Էլեն Սեգարան եւ Պատրիկ Ֆիորին: “Տաշիր 2013”-ի հոբելյանական գալա համերգի գլխավոր անակնկալը կլինի հատուկ հյուրը՝ հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը:
Մրցանակաբաշխությունը վարելու են Վիկտորյա Լոպիրյովան, Անդրեյ Մալախովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տատյանա Գեւորգյանը: “Տաշիր 2013”-ի գալա համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի “Արմենիա” հեռուստաընկերությամբ: 




Լրահոս