Ինչ է կատարվում աշխարհում. Հայաստանն այս պատերազմների, ահաբեկչությունների և պայթյունների հորձանուտում անդորր մի կղզյակ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ վերստին ակտիվացած քաղաքական խոստումները` ավելի լավ կյանքի կամ իշխանափոխության, հանրության մի զգալի մասի մոտ կրկին թարմացնում են Հայաստանից հեռանալու մասին խոսակցությունները: Մարդիկ` հուսահատված եւ հիասթափված ինչպես իշխանություններից, այնպես էլ, ցավոք, ընդդիմությունից, մտածում են, որ իրենց երեխաներն այս երկրում չեն կարող արժանավայել ապագա ունենալ, քանի որ մի կողմից կոռումպացված եւ մշտապես սին խոստումներ տվող իշխանությունները, կարծես թե, փակում են երկրում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրականացման բոլոր իրատեսական հնարավորությունները, մյուս կողմից էլ թուլակամ, ապագաղափարական եւ անմիաբան ընդդիմությունը այլեւս որեւէ հույս չի ներշնչում, որ երկրում կարելի է արմատական փոփոխությունների հասնել, անգամ փողոցային պայքարի միջոցով:

Եվ, ահա, մեր՝ հետզհետե դժվարացող կյանքից, առօրյա ծանր հոգսերից, երկրում տիրող անարդարությունից եւ, ամենակարեւորը, անհուսությունից, մեզանից շատերը ավելի ու ավելի հաճախ են մտածում Հայաստանից հեռանալու մասին` պարբերաբար կրկնելով՝ «էս երկիրը երկիր չի» արդեն իդիոմ դարձած արտահայտությունը: Սակայն երբ փորձում ենք առավել սթափ դիտարկել, թե ինչ է կատարվում աշխարհում, տեսնում ենք, որ իրականում այսօր Հայաստանը այս պատերազմների, ահաբեկչությունների, ճգնաժամերի եւ պայթյունների հորձանուտում անդորր մի կղզյակ է:

Ահաբեկչության վտանգն այսօր ողողել է ողջ աշխարհը, եւ անգամ ամենաբարեկեցիկ եւ զարգացած երկրները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ. անվերջանալի պատերազմները Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, դրանց արդյունքում Եվրոպային սպառնացող միգրացիոն ճգնաժամը, պատժամիջոցների հետեւանքով փլուզվող ռուսական տնտեսությունն ու աղքատացող բնակչությունը, Թուրքիայում չդադարող ահաբեկչական գործողությունները, Ադրբեջանում հետզհետե խորացող բռնաճնշումներն ու բանտարկությունները… սա է այսօր բարեկեցիկ կյանք խոստացող արտաքին աշխարհի եւ մեր հարեւան երկրների իրական պատկերը:

Եվ, ահա, այս ամենի մեջ հանդարտ, հանգիստ եւ աղքատ ապրող հայաստանցիներս պիտի հասկանանք, որ մենք պարզապես իրավունք չունենք հուսահատվելու եւ մեր հրաշք երկիրը այս կոռումպացված իշխանություններին կամ ապիկար ընդդիմությանը թողնելու` սեփական երեխաների բախտը կապելով օտար եզերքների հետ: Մենք պարզապես պետք է մեր մեջ սպանենք այն ապատիան, որն առաջացել է անցած ավելի քան տասը տարիների պարբերական հուսախաբությունների արդյունքում եւ, ի վերջո, մեր մեջ ուժ գտնենք հեռանալու փոխարեն մեր կամքին տեր լինելու` այո-ի եւ ոչ-ի պայքարում թույլ չտալով, որ հաղթի անտարբերությունը:

 




Լրահոս