Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուխարեստի քաղաքապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն:
Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար. “Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրությունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլև ռումինական այլ քաղաքների հետ ևս”, – նշել է Տարոն Մարգարյանը:
Բուխարեստի քաղաքապետն՝ իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. “Ընդամենը մի քանի օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով, զարգացման տեմպերով ու մաքրությամբ: Ինձ առանձնակի հիացրեց բնակիչների դրսևորած ջերմ վերաբերմունքը Ձեր հանդեպ, ինչի ականատեսը եղա Ձեզ հետ միասին գիշերային Երևանով շրջելիս: Դա ամենախոսուն վկայությունն է առ այն, որ Երևանի քաղաքապետն իրոք աշխատում է հանուն իր քաղաքի բնակիչների: Դա ամենաբարձր գնահատականն է, որ կարող է ունենալ պաշտոնյան”, – ընդգծել է Սորին Միրչեա Օպրեսկուն:
Հաշվի առնելով, որ մեծ քաղաքների խնդիրները մեծամասամբ նույնական են, Բուխարեստի քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև գործակցությունը կլինի արդյունավետ և զգալիորեն կնպաստի բարեկամ քաղաքների բնակչությանը հուզող խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է գործընկերոջը, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու նաև ռումինացի գործարարներին՝ Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Ստորագրված հուշագրով նախատեսված ծրագրերին առավել առարկայական ընթացք տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կմշակի աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս