Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունում է, որ իր նախագահած երկրում դատարանները չեն գործում. քաղաքացու վրդովմունքը ինչ-որ բան փոխելու է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իշխանական տեխնոլոգները տարբեր շոուներ են կազմակերպում` փորձելով համոզել, թե ինչքան լավն են առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանը հերթական անգամ ամեն ինչ ջուրն է գցում: Երեկ նա անսպասելի շփում է ունեցել Պռոշյան փողոցում իր բնակարանը կորցրած ՀՀ մի քաղաքացու հետ, որը նախագահական կեցավայրի դիմաց հաջողեցրել է մոտենալ Սարգսյանին` փորձելով նրանից պարզել, թե ինչու իր հանդեպ թույլ տրված ապօրինությունների վերաբերյալ իր բազմակի դիմումներին որեւէ մեկը չի արձագանքում: Քաղաքացու եւ Ս. Սարգսյանի կարճատեւ շփման մասին պատմող տեսանյութը համացանցային դիտումներով գերազանցել է ռեալիթի շոուի դիտումները, իսկ տեսանյութի տակ արված մեկնաբանություններն էլ լավագույնս ի ցույց են դնում հանրության վերաբերմունքը ինչպես Ս. Սարգսյանի, այնպես էլ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանդեպ:

Բանն այն է, որ երեկվա իր պահվածքով Ս. Սարգսյանը գերազանցել է անգամ ինքն իրեն` ստվերելով մինչ այս թույլ տված անհեթեթ հայտարարությունները` «ինչքան ասես` խփելու», «խիյարը թարս բուսնելու», «եկել ես մեր տոնը փչացնես, որ ինչ անես» եւ այլ գոհարները: «3 անգամ թուղթ եմ տվել Ձեզ, դատախազին… դատարանը մերժեց»,- բողոքող քաղաքացու խոսքն ընդհատելով` Սարգսյանը հերթական անգամ մուննաթ է եկել ի դեմս իրեն երկրի Սահմանադրության երաշխավորի տեսնող քաղաքացու վրա` ասելով. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Եւ երբ քաղաքացին դժգոհել է, որ դատարանը չի գործում, Ս. Սարգսյանն ուղղակի անհավանական կերպով է արձագանքել` ասելով. «Հնարավոր է:Այ, հենց սրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք, որ դատարանները գործեն»:

Սովորաբար նման պատասխանի դեպքում պետք է որ ասվեր` no comment, քանի որ դժվար է մեկնաբանել անհեթեթությունը: Սակայն քանի որ, ի դժբախություն մեզ, դա ասվել է մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կողմից, պարզապես ստիպված ենք արձանագրել, որ իր այս պատասխանով Ս. Սարգսյանը, փաստորեն, հրապարակավ ընդունում է, որ իր նախագահած երկրում դատարանները չեն գործում, ասել է թե` ՀՀ-ում չկա արդարադատություն: Եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պատասխանատու դրա համար: Գործող Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահը, տվյալ դեպքում Ս Սարգսյանը, «հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Եւ եթե Ս. Սարգսյանը հրապարակավ ընդունում է, որ ՀՀ-ում հնարավոր է, որ դատարանը չգործի, կնշանակի` նա ընդունում է, որ լիարժեք չի իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր պարտավորությունը, հետեւաբար միանգամայն իրավացի է նրան դիմած քաղաքացին, ով Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների հիշատակմանն ի պատասխան` արձագանքեց.«Այ, պրեզիդետ, Դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»:




Լրահոս