ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐՎԵԼ
ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել, որով պահանջում է «Սեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 16 միլիոն 141 հազար 385 դրամ: Դատարանը բավարարել է պատասխանողի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը: ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում այս գործով առաջին նիստը կայացել է ապրիլի 4-ին, հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 11-ին:

ԷԼԻ ԿԱՆՉԵԼ ԵՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ` հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաեւ աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու եւ արձանագրություն կազմելու համար:

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված եղբայրներից մեկն ազատ է արձակվել: NEWS.am-ի աղբյուրների համաձայն` Արտակ Պետրոսյանը ապրիլի 5-ի վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվել է արգելանքից: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժ. 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է համայնքապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:

ԳԱԼՈՒՍՏԻ ԽՆԱՄԻ՞Ն Է
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը գնալու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հորդորել է դիմել Գ. Ծառուկյանին: «Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դուք դիմում ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանի՛ն դիմեք»,-ասել է ԱԺ խոսնակը:

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով պահանջում էր օբյեկտիվ նախաքննություն եւ շուտափույթ բացահայտում. «Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանն ինչ-որ բան խանգարում է»: Ոստիկանությունն արձագանքել է այդ հաղորդագրությանը` իր հերթին հաղորդագրություն տարածելով, որում ասված է. «Ոստիկանությանը ոչինչ չի կարող խանգարել օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնել: Իսկ այդ գործառույթներն իրականացնելու համար խնդրանքներն ու հորդորներն ավելորդ են»:

ԼԵԶՎԱԿՌԻՎ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ երեկվա նիստում, անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հորդորին, թե եթե ռեալ կապեր ունեք «Կարֆուր»-ի հետ, կապվեք, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Եթե մենք պիտի կապվենք, մենք պիտի անենք, էլ ինչի՞ ենք հանձնաժողով պահում»: Ի պատասխան՝ Շաբոյանն ասել է, թե Փաշինյանը միայն «պոպուլիստական» հայտարարություններ անել գիտի: Փաշինյանն ԱԺ ղեկավարությունից պահանջել է կարգի հրավիրել Շաբոյանին, որը չափն անցել է՝ ակնկալելով նրանից ներողություն իր երեկվա պահվածքի համար:

ՇԱԲՈՅԱՆՆ ՈՒՐԻ՞Շ ԵՐԿՐԻՑ Է
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ՏՄՊՊՀ-ն բացատրում այն փաստը, որ շաքարավազի շուկայում 99 տոկոսը զբաղեցնում է մեկ ընկերություն, հանձնաժողովի նախագահ Շաբոյանն ասել է. «Շաքարավազի շուկայի մասին մենք շատ ենք խոսել: Նախ ասեմ, որ մեր երկրում մենաշնորհներ չկան, խոսքը չի վերաբերում բնական մենաշնորհներին, ասենք՝ «Հայռուսգազարդ» եւ այլն: Կան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գերիշխող դիրք ունենալն օրենքով չի արգելվում»:




Լրահոս