ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ` ԳՈՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Լեւոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա, հանդիսանալով սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2012թ. հուլիսի 21-ի գիշերը դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Անտոն Միքայելյանին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի եւ քանակի մսամթերք, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, այլ մթերքներ եւ կենցաղային իրեր: Բացի այդ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայող, Վանաձորի բնակիչ, 1992թ. ծնված Նարեկ Պողոսյանի հետ, գնացել են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի սկզբնամասում գտնվող Ջամիլա Մհոյանի խանութ, իրենց հետ վերցրած լինգով կոտրել խանութի դռան կողպեքը եւ գողացել 180 հազար դրամ ընդհանուր արժողության ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք:
Ն. Պողոսյանը նախկինում դատված է, Լ. Մանուկյանը՝ ոչ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Լ. Մանուկյանին եւ Ն. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3 կետով (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Նրանց այդ հոդվածով սպառնում է տուգանք՝ 500 հազարից մեկ միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 11-ին:




Լրահոս