ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՆՎԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Ժողովուրդ»-ն անմիջապես կապվեց Նազարյանի հետ, որը վստահեցրեց. «Ես իմ աշխատասենյակում եմ, աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է: Նման բան չկա»: Զրույցից մոտ 30 րոպե անց պաշտոնապես հայտնի դարձավ, որ հրամանագիրը պատրաստ է. նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Սա նշանակում է, որ Ն. Նազարյանին եւս, ինչպես ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, աշխատանքից ազատեցին առանց տեղյակ պահելու եւ, բնականաբար, առանց բացատրությունների: Նրա փոխարեն նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը: Համաձայնե՛ք, որ սա ժողովրդավարության ճամփան բռնած մեր երկրին հարիր գործելաոճ չէ: Բայց այս պահվածքը գալիս է ուղիղ «վերեւից»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ՝ կեսօրից հետո, երկար ժամանակ եղել է ՀՀ նախագահի նստավայրում եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկել ինչպես կադրային, այնպես էլ այսօրվա միջոցառումների հետ կապված որոշ հարցեր: Բանն այն է, որ այսօր ՀՀ ոստիկանի մասնագիտական տոնն է, ու, փաստորեն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկ Նազարյանին նվեր մատուցեցին ազատման հրամանը:  
Թեեւ դեռ պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչու Նազարյանն աշխատանքից ազատվեց, այնուամենայնիվ, համակարգում վաղուց էր խոսվում, որ նա ազատվելու է աշխատանքից: Պարզապես հարմար առիթ չկար, որպեսզի Ս. Սարգսյանին մատուցվեր, թե ինչու է պետք ազատվել Նազարյանից: Առիթն էլ զորավարին տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը. ապրիլի 9-ին Նազարյանը հակված էր առավել կոշտ զարգացումների, իսկ Գասպարյանը քաղաքական իրադարձությունները տարավ աղոթքի դաշտ, դրա համար էլ Ս. Սարգսյանին առարկայական զեկուցելու թեմա ծնվեց, եւ Նազարյանն ազատվեց պաշտոնից:




Լրահոս