Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը շինծու ներկայացնելու հանգամանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը որպես շինծու ներկայացնելու հանգամանքը: «Նոյեմբերի 25-­ի դեպքը շինծու կամ հավատալ­ չհավատալու դեպք չէ, մենք նպատակ չունենք որևէ մեկին անուն կպցնել: Ի սկզբանե իրենք են դրա մասին խոսել ու ասել, որ սա ենք ուզում անել, սա ենք ծրագրել, բայց սպասենք իրավապահ մարմիններին: 1999 թվականին էլ կար չէ՞ այդպիսի դեպք: Ես չեմ ցանկանում այդ դեպքի մասին այս պահին հայտարարություն անել, սպասենք իրավապահ մարմիններին, իրենք կասեն, ուղղակի թող քննությունն ավարտվի նոր»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` նոյեմբերի 29-­ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-­ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխաե տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ԱԱԾ­ն նոյեմբերի 25-­ին երեկոյան քննչական գործողություններ է իրականացրել Գյումրու Ղորղանյան 83 տանը: Որոշ տեղեկությունների համաձայն տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-­րդ հոդվածի 1­ի և 2-­րդ մասերով և 235-­րդ հոդվածի 3-­րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: Ձերբակալվել է 21 անձ:

Արմենուհի Մխոյան




Լրահոս