ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԱԹԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայռուսգազարդ” ընկերությունը  մի հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խմ: Մինչդեռ իրացման ծավալները նվազել են. նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խմ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են նվազել գազի իրացման ծավալները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե լավ է, որ շատ գազ է մտնում Հայաստան, սակայն եթե մենք իրականում տնտեսություն ունենայինք, ապա այն մեծ նշանակություն կունենար եւ կնշանավորվեր մեզ համար, բայց տվյալ դեպքում մենք` բնակիչներս, գազը հիմնականում օգտագործում ենք որպես սպառող, եւ այսօր մեր բնակչությունն այնքան ողբերգական սոցիալական պայմաններում է ապրում, որ անգամ գազաֆիկացնելով բոլոր գյուղերը՝ մարդիկ այն օգտագործելու տարրական միջոցներ չունեն եւ գերադասում են աթարը չորացնել, օգտագործել որպես վառելիք: Սա շատ ցավալի փաստ է: Մինչեւ ժողովրդի սոցիալական վիճակը չկարգավորվի, եւ մեր վճարունակությունը չբարձրանա, գազի ավելացումը մեզ համար ոչ մի նշանակություն չի ունենա: Մեր կառավարությունը շատ բան գիտակցում է, սակայն միշտ առաջնորդվում է նեղ անձնական եւ կլանային շահերով եւ թքած ունի՝ ժողովուրդն ի վիճակի է այն սպառել, թե ոչ: Մեզ համար էլ գազի գինն այնքան ֆանտաստիկ է, որ այն միացնելուց առաջ մտածում ենք՝ արժե միացնել, թե ոչ:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ 
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր 
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ամենի պատճառները հիմնականում գնողունակության մեջ պետք է փնտրել եւ ինչպես Երեւանում, այնպես էլ գյուղերում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գերադասում են փայտ վառել, ու նույնիսկ գյուղեր կան, որտեղ աթար են վառում: Դա ավելի էժան վառելիք է եւ ձեռնտու է մարդկանց: Նրանց մեծ մասն այսօր փորձում է կենսաապահովման զամբյուղն ապահովել, որտեղ հիմնականում սննդամթերքն է, ու այդ ամենից հետո գազն անմատչելի ու ոչ ձեռնտու մի բան է դառնում:
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
տնտեսագետ 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 527 համար




Լրահոս